Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ուզում եմ չմոռանալ, որ կին եմ»…

«Աստված թող լաց չտա»,- ասում է 46-ամյա Կարինե Կարապետյանն ու աչքերն արցունքոտվում են: Երիտասարդ տարիքին Կարինեն երեք երեխա է կորցրել: Գյուղում հարևաններն ասում են, որ երեքն էլ  մահացել են ցրտից ու սովից: 

 

Ամուսնացել է երիտասարդ տարիքում, ամուսինը գյուղի նախրապանն է, ինքն էլ գյուղում կով է կթում: Վաստակածով մի կերպ կարողանում են ութ զավակներին պահել: Կարինեի տան վիճակն ու կենցաղային պայմաններն անվանել սարսափելի` նշանակում է չափազանց մեղմ գույներով ներկայացնել իրականությունը: Նրանք ապրում են անմարդկային պայմաններում:

 

Կարապետյանների բազմանդամ ընտանիքն ապրում է նախկին կոլտնտեսության պահակատնակում: «Միջոց չենք ունեցել, ոչինչ չենք ունեցել, դրա համար էլ էս բուդկայում ենք ապրում»,- ասում է Կարինեն: Մեկ սենյականոց «տունը» և՛ հյուրասենյակ է, և՛ ննջարան, և՛ խոհանոց, և՛ բաղնիք: Տան տանիքը կաթում է, պատերը խոնավ են, մահճակալին ձեռք տալիս թվում է, թե անկողինը թաց է:

 

«Տաշտը դնում եմ սենյակի մեջտեղում, երեխեքիս լողացնում: Հետո էլ ես եմ լողանում: Մեր զուգարանը կողքի ձորն է: Գարնանը դուրսն եմ լվացք անում, աման լվանում, ճաշ եփում»,- ամաչելով ասում է Կարինեն` հիշելով, որ երբ երեխաները փոքր են եղել, տաշտի մեջ էլ է քնացրել: Այժմ փոքրիկ սենյակում մի կերպ են տեղավորվում: «Միասին ենք քնում, դոշակը գցում ենք գետնին՝ քնում»,- ասում է նա:

 

Կարինեի տան հիմնական եկամուտը երեխաների համար ստացած հիսուն հազար դրամ նպաստն է:  «Էդ ի՞նչ է, 11.000 դրամ եմ տվել՝ մի մեշոկ ալյուր եմ առել: Երկու գունդ խմոր կանեմ, կպրծնի»,- ասում է Կարինեն:

 

Նրա երկու որդիները 8-րդ դասարանից դպրոցից դուրս են եկել ու հորն են օգնում՝ անասուն են արածեցնում, մոր հետ գնում գյուղամեջ կով կթելու:

 

«Սովորեն ի՞նչ անեն, մենք գյուղում ենք ապրում, ուսումն իրանց ի՞նչ կտա, ավելի լավ է փոքր տարիքից աշխատեն, տուն պահեն, հաց վաստակելու դառնությունն զգան, որ հետո իրենց ընտանիքը կազմելուց մեր օրը չընկեն, չգան էս բնի մեջ ապրեն ու երեխա մեծացնեն»:

 

Կյանքին կապող միակ բանը այս ընտանիքում հին հեռուստացույցն է: Կարինեն խոստովանում է, որ ազատ ժամանակ հաղորդումներ, սերիալներ է դիտում ու «թաքուն երազում»:

 

« Հիմա, որ նայում եմ էդ սերիալները, քաղաքի կանանց նախանձում եմ: Ես էլ կուզեի առավոտյան զարթնեի տաք տանը, երեխաներիս ուղարկեի դպրոց, ամուսնուս՝ աշխատանքի, իմ խոհանոցում ճաշ պատրաստեի, հարևաններիս հետ սուրճ խմեի, բաղնիքում լողանայի, չմոռանայի, որ ես էլ կին եմ»,- ասում է Կարինեն:

 

Կարինեն չի հիշում, թե վերջին անգամ երբ է իրեն հագուստ գնել: Մի անգամ մեկի տանը կով է կթել, գումարի փոխարեն օգտագործած հագուստ են տվել: Դա է Կարինեի «զգեստապահարանի» միակ «նոր» ու առանց «լաքաների» հագուստը: «Սովորել եմ արդեն, որ նեղվեմ ի՞նչը կփոխվի, որ ասեցի՝ նոր շոր եմ ուզում կամ կոշիկ, կունենա՞մ, չէ՛: Էդ փողով երեխեքիս հաց կառնեմ, դեղ կառնեմ, ամբողջ ձմեռ հիվանդ էին, հազում էին, փռշտում: Նեղվելս էն ա, որ տուն չունեմ, ուտելն էլ մի կերպ եմ հասցնում: Էսօր գարոխով ճաշ եմ պատրաստել»,- ասում է նա ու ցույց տալիս վառարանի վրա դրված ալյումինե մեծ կաթսան:

 

Ասում է՝ եթե ուրիշ ընտանիքներում այդքան ճաշը երկու օր կբավարարեր, իր բազմանդամ ընտանիքին միայն ընթրիքի համար կբավականացնի:  Տան սեղանն էլ այնքան փոքր է, աթոռները՝ քիչ, որ տանը հերթով են սեղան նստում: Սկզբում փոքրերը, հետո՝ մեծերը:

 

Կարինեի «տան» հարևանությամբ կիսակառույց մի շինություն կա: Դա այն տունն է, որ պետությունը խոստացել էր կառուցել նրա բազմանդամ ընտանիքի համար: «Շիրակի նախկին մարզպետն էր խոստացել: Եկավ, տեսավ մեր հալը, ասաց՝ դու մի՛ մտածիր, պետությունը կհոգա, որ դու տուն ունենաս: Հետո տան շինարարությունը սկսվեց ու կեսից կանգ առավ: Էս քանի ամիս է, շինարարությունը կանգ է առել: Ասում են՝ փող չկա»:

 

Հասմիկ Հարությունյան

Նոր Կյանք գյուղ, Շիրակի մարզ

Դիտումների քանակը` 4395

Վերադառնալ վերև