Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Չեմ հասկանում, թե ոմանք ինչու՞ են կարծում, որ երեխային կամ կնոջը ծեծելն ազգային արժեք է »

Այսօր Ազգային Ժողովում ընթացող 2014թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՀ  օմբուդսմենի գրասենյակը  ստանում է ընտանեկան բռնության դեպքերի մասին  ահազանգեր և որքան է դրանց թիվը տարեկան: 

 

Կարեն Անդրեասյանը նշեց, որ ընտանեկան բռնության իրական թվերի մասին դժվար է խոսել, քանի որ  երեւույթն   հաճախ  թաքնված է տեղի ունենում: Կանայք մեզանում  մեծամասամբ հրաժարվում են հրապարակային խոսել ընտանեկան բռնության մասին եւ ամեն ինչ մնում է ընտանիքի ներսում: Ընդ որում, դա  ոչ միայն մեր հասարակությունում, այլ նաև այլ երկրներում այդպես է:

 

 

«Անցած տարի ունեցել ենք շուրջ մեկ տասնյակ ահազանգ ընտանեկան բռնության խնդրով:  Մենք ունենք կանանց և երեխաների իրավունքների պաշտպան մեր գրասենյակում, որն անմիջապես հանդիպել է բոլոր զոհերի հետ : Գիտեք, խնդիրը նրանում է, որ մեր պետական համակարգը չի տալիս հատուկ կացարաններ, ինչպես դա առկա է այլ երկրներում, և բռնության ենթարկված կանանց և երեխաներին մենք ցավոք չենք  կարողանում մեր պետական կառույցների  միջոցով տեղավորել: Բայց դա արել ենք մի քանի ՀԿ-ների միջոցով՝ կանանց ու երեխաներին արագ տեղավորել ենք, որպեսզի բռնությունը չշարունակվի»,- տեղեկացրեց նա:

 

Կարեն Անդրեասյանը անչափ կարևորեց այս խնդրի մասին իրազեկվածության բարձրացումը, հոլովակների և այլ միջոցներով Թեժ գծի մասին իրազեկումը, որպեսզի ընտանեկան բռնության ենթարկվածները տեղեկացված լինեն, որ գործում է 116 թեժ գիծ: Եվ եթե բռնության զոհերը չեն վստահում  ոստիկաններին, քանի որ մտավախություն կա, որ իրենց չեն հավատա կամ խնդրին լուրջ մոտեցում չեն ցուցաբերի, ապա թեժ գծով գաղտնիությունն անկասկած ապահովված է.

 

«Նման դեպքեր, ցավոք, եղել են, երբ ոստիկանները նույնիսկ ծաղրի են ենթարկել կանանց: Բայց եթե նույնիսկ դուք չեք վստահում պետական այլ կառույցներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին, դիմեք մեր  թեժ  գծին, որտեղ կերաշխավորվի ձեր անվտանգությունը»,- հավաստիացրեց բանախոսը:

 

ՄԻ պաշտպանը նկատեց, որ   այս մեսսիջները  հասարակությանը հասցնելն անշուշտ կփոխեր բռնության ենթարկված կանանց վախերը՝ նրանք չպետք է վախ ունենան դիմելու պետական կառույցներին: Սա, ընդգծեց նա, շատ զգայուն ոլորտ է և աշխատանքը նաև ոստիկանների հետ է անչափ կարևոր, քանի որ մի անզգույշ հայացքով, քմծիծաղով ոստիկանը կարող է հանգեցնել նրան, որ կինը երեխայի հետ վերադառնա ընտանիք ու բռնությունները տարիներով շարունակվեն եւ հնարավոր է ողբերգական ավարտ ունենան:

 

Կ.Անդրեասյանը շեշտեց՝ ամենացավոտ հարցն այս ոլորտում նա է, որ կան մարդիկ, որոնք համարում են,  որ սա ազգային արժեքների դեմ միջամտություն է .

 

«Ես իհարկե չգիտեմ, թե այդ մարդիկ որտեղ են տեսել, որ Հայաստանում ազգային արժեքների մեջ լինի սեփական երեխային կամ կնոջը ծեծելը, բայց երբ մենք այս խնդիրը բարձրաձայնում ենք՝ ռեակցիոն, հետադիմական հայացքներ  ունեցող առանձին մարդիկ  փորձում են դրա մեջ տեսնել ընտանիք քանդելու կամ ինչ-որ արժեքներին վնասելու գործողություններ: Ամենևին ոչ: Բայց դա գալիս է նրանից, որ նրանք խառնում են ներկենցաղային աննշան վեճերը սիստեմատիկ ու իսկական բռնության, հանցագործության հետ: Եվ մինչև այս կարծրատիպերը չփոխվեն ՝ ընտանեկան բռնությունների իրական թվերը քողարկված  կմնան»,- հավելեց նա:

 

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ՄԻ պաշտպանի կողմից հնչեցրած ապաստարաններ չունենալու խնդրին, նկատեց, որ դեպքեր են  եղել, որոնք վկայում են՝  դրանցում էլ վիճակն ավելի  լավ չէ, քան ընտանիքում: Իր խոսքով,  վերջերս մի կին պատմել էր, թե ապաստարանի ղեկավարությունը կանանց ավելի վատ է վերաբերվել, քան այն ընտանիքը, որտեղից կինը փախել է բռնության պատճառով: Պատգամավորը նշեց, որ այդ պահին կդժվարանա հիշել ապաստարանի անունը, բայց փաստը մնում է փաստ.

 

«Կանայք այդտեղ ենթարկվել են հոգեբանական բռնության. Թույլ չեն տվել լողանալ, թույլ չեն տվել հագուստ փոխել և այլն: Եթե այլընտրանքը դա է լինելու, ապա ես վստահաբար չեմ կարող ասել, թե դա առավել արդյունավետ  և արժանապատիվ այլընտրանք է ընտանեկան բռնությանը»,- շեշտեց ԲՀԿ-ական Ն.Զոհրաբյանը:

 

Կ.Անդրեասյանը նշեց, որ լսել է այդ դեպքի մասին, բայց միաժամանակ հավաստիացրեց, որ,   ի տարբերություն դրան,     իրենց գործընկեր ՀԿ-ները, ում մոտ նրանք ուղորդել են տուժված կանանց, աշխատում են այլ սկզբունքներով ու հիշատակված  պայմաններ ու երևույթներ այդ ապաստարաններում  չկան: Նրա խոսքով,  իրենք պարբերաբար ստուգում են և տեսնում են իրենց կողմից  ուղորդած զոհերին: Ինչ վերաբերում է այն ապաստարանին, որի մասին խոսեց պատգամավորը, ապա Կ.Անդրեասյանը նշեց, որ իրենք չունեն մանդատ ոչ պետական կառույցներում ստուգումներ  անցկացնելու, բայց որոշակի ուսումնասիրություններ  արվել են  և հիմա էլ ընթացքում են.

 

«Որպեսզի կարողանանք պահանջել նորմալ վերաբերմունք զոհերի նկատմամբ պետք է ունենանք պետական կացարաններ: Այդ հաստատությունները արդեն կլինեն մեր բոլորիս վերահսկողության ներքո: Դրա համար մասնավորից շատ բան պահանջել այստեղ ճիշտ  չի լինի, թեև պետք է հետևել, որ եթե առկա են հանցավոր դրսևորումներ, ապա դրանք հենց տեղում  էլ կանխվեն… Բայց խնդիրը այդ մեկ-երկու մասնավոր դեպքերը չեն, այլ շարունակվող, թաքցվող , հասարակության առանձին շերտերի կողմից  խրախուսվող ընտանեկան բռնությունն է, որը սիստեմատիկ ու հաճախ շատ  դաժան բնույթ է կրում եւ  որի մասին իրազեկման պակասը բերում է նրան, որ ընդամենը 10-15 զանգ ենք ստանում տարվա ընթացքում, ինչը բոլորս էլ հասկանում ենք, որ  շատ փոքր թիվ է»,- շեշտեց Կարեն Անդրեասյանը:

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ հետաքրքրվեց՝ տեսնում է նա արդյո՞ք ընտանեկան բռնության դեպքերի աճի և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի բացակայության միջև կապ:  Օմբուդսմենն ասաց, որ բռնության դեպքերի  աճը օրենքի բացակայության հետ  չի կապում, բայց այն, որ նրանք քողարկված են մնում   կապված է օրենք չունենալու հետ: Եվ հենց դրա համար է, որ ՄԻՊ գրասենյակն  աջակցում է  ընտանեկան բռնության դեմ առանձին օրենք ընդունելու նախաձեռնությանը: Նաև հույս հայտնեց, որ այս հարցին հնարավորություն կունենա  անդրադառնալու ԱԺ լիագումար նիստում, երբ  կներկայացվի իր ղեկավարած ոլորտի առաջնահերություններն ու խնդիրները. «Օրենքն անհրաժեշտություն է»,- եզրափակեց  նա:

 

   Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 2913

Վերադառնալ վերև