Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…

Մոտ 14 միլիոն երեխա արդեն իսկ  տուժել  է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցած հակամարտությունների  հետևանքով: Այս մասին է ահազանգում  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը :

 

Այս տարվա մարտի դրությամբ Սիրիայում զինված առճակատման պատճառով 5,6 միլիոն երեխաներ հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ: Նրանցից շատերը գտնվում են այնպիսի վայրերում, որտեղ ռազմական գործողությունների պատճառով անհնար է մարդասիրական օգնություն ցույց տալ: Մոտ 2  միլիոն սիրիացի երեխաներ ապրում են Հորդանանի, Լիբանանի և Թուրքիայի փախստականների ճամբարներում: Դրա հետ մեկտեղ սիրիացիներին հյուրընկալող այդ երկրներում էլ  շուրջ 3,6 միլիոն երեխաներ նույնպես աղետալի իրավիճակում են հայտնվել: Իրաքում 2,8 միլիոն երեխաներ ստիպված են եղել լքել իրենց տները ընտանիքների հետ միասին: Շատերը հայտնվել են զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

 

ՄԱԿ-ի փորձագետների  հաղորդմամբ, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածաշրջաններում մինչև 12 տարեկան երեխաներին ստիպում են բանակային վերապատրաստում անցնել, ինչպես նաև կատարել ահաբեկչական գործողությունների և ապանությունների իրականացման առաջադրանքներ:

 

«Փոքր երեխաների համար պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում: Այդ երեխաներին և դեռահասներին սպառնում է բռնության մեջ մեծանալու և իրենց վերապրած սարսափն ու խոշտանգումները հաջորդ սերնդում վերարտադրելու վտանգը», – ասում է  ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:

 

Հակամարտությունը Սիրիայում հանգեցրել է նաև տարածաշրջանում երեխաների աշխատանքի շահագործման, ինչը  խոչընդոտում է նրանց զարգացումը: Դրա մասին են վկայում  ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և «Փրկենք երեխաներին» (Save the Children) կազմակերպության հուլիսի սկզբին հրապարակված նոր զեկույցում:

 

Զեկույցի տվյալներով, շատ սիրիական ընտանիքներում եկամտի զգալի մասն ապահովում են երեխաները, ովքեր սովորելու փոխարեն ստիպված են աշխատել: Հաճախ նրանց ներգրավում են ծանր և առողջության համար վտանգավոր աշխատանքի մեջ, ենթարկում են սեռական և այլ շահագործման: Հայրենիքում հակամարտության պատճառով շատ սիրիացի  երեխաներ, այդ թվում Հորդանանում և Լիբանանում, զբաղվում են ծանր բեռների փոխադրմամբ, ենթարկվում են պեստիցիդների և թունավոր քիմիկատների ազդեցությանը: Երեխաներն աշխատում են օրվա մեջ երկար ժամեր խիստ դժվար և ծայրահեղ վտանգավոր պայմաններում ու իրենց աշխատանքի համար չնչին գումար  են ստանում:

 

«Հաճախ Սիրիայում երեխաները ապահովում են ընտանիքի եկամտի 75% , իսկ Հորդանանում գրեթե կեսը մասնակցում են իրենց ընտանիքի կենսամակարդակի ապահովմանը կամ էլ նույնիսկ իրենց բարեկամների գոյատևման համար առաջնային պատասխանատվություն են կրում: Լիբանանի որոշ տարածաշրջաններում երեխաները ներգրավվում են աշխատանքի մեջ մինչև 6 տարեկանը», – նշվում է զեկույցում:

 

«Միջազգային հանրության՝ հակամարտությունը դադարեցնելու անկարողության համար ամենաբարձր գինն են վճարում  սիրիացի երեխաները», – եզրակացնում են   զեկույցի հեղինակները:

 

Աղբյուրը՝ UN News

Դիտումների քանակը` 8407

Վերադառնալ վերև