Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Պետությունը մեծ ընտանիք է, կինն այնտեղ շատ անելիքներ ունի»

Կո՞ղմ եք արդյոք, որ մեծ թվով կանայք լինեն Ազգային ժողովում: Ինչպիսի՞ փոփոխություններ կարող են բերել կանայք երկրի օրենսդիր մարմնում: WomenNet.am- ի  այս հարցերին պատասխանում են երիտասարդները:

 

 

Ալեքս Միրզոյան.

«Կան հարցեր, որոնք ավելի ռացիոնալ պատասխան կստանան կանանց կողմից»:

«Ես կողմ եմ, որ մեծ թվով կանայք լինեն Ազգային ժողովում, որովհետեւ մեր երկրում պակասում են կին քաղաքական գործիչները, հասարակությունում կան հարցեր, որոնք ավելի ռացիոնալ պատասխան կստանան կանանց կողմից: Եւ վերջապես ես այն մտքին եմ, որ հայ կանայք ավելի աշխատասեր ու ազնիվ են, քան տղամարդիկ, առավել ես մեր Ազգային ժղոովում»:

  

Շուշան Օհանյան.

 «Խորհրդարանի «դեմքը» կլինի ավելի գեղեցիկ»…

«Իհարկե, հաճելի կլինի, եթե կանայք շատ լինեն Ազգային ժողովում, կանանց դերակատարությունը մեծ է ամենուր. հատկապես ընտանիքում կնոջ դերը անգնահատելի է` ընտանիքի կազմավորումից, երեխայի ծնունդից մինչ նրանց դաստիարակություն, կրթություն, մինչ…Իսկ պետությունն էլ մի մեծ ընտանիք է, ու վստահ եմ, որ կինը այնտեղ անելիքներ շատ ունի: Չեմ թերագնահատում տղամարդուն, բայց կինն ավելի հավասարակշռված է, ավելի հանգիստ, ավելի համբերատար: Իսկ սրանք կարևոր հատկանիշներ են: Եթե խորհրդարանում շատ կանայք լինեն, խորհրդարանի «դեմքը» կլինի ավելի գեղեցիկ»:

 

Անդրանիկ Ղազարյան.

«Մեր խորհրդարանը փոփոխության եւ նորության կարիք ունի»…

«Կողմ եմ, իհարկե, որ կանայք լինեն, բայց ոչ շատ մեծ թվով: Կանանց մտածելակերպը, աշխարհընկալումն ու զգացմունքային դաշտն ուրիշ է, ըստ այդմ` մեկ այլ կողմից կնայեն տվյալ հարցին կամ խնդրին: Բացի այդ` մեր խորհրդարանը փոփոխության եւ նորության կարիք ունի, իսկ պատգամավոր տղամարդիկ, մանավանդ նման որակի, դժվար թե կարողանան ճիշտ եւ առողջ որոշումներ ընդունել»:

 

Նունե Գրիգորյան.

«Կին և քաղաքականություն բառերը չափազանց սազում են միմյանց»…

 

«Իհարկե, կողմ եմ, որ կանայք լինեն ԱԺ-ում: Ես միշտ էն կարծիքին եմ եղել, որ եթե խոսում ենք սեռային հավասարության մասին (իսկ մենք այսօր բավականին ակտիվ խոսում ենք) մի տեսակ չպետք է քննարկվեն. դրանք ավելի շուտ ինքնաբերաբար են լուծվում: Օրինակ, թող լինեն որակապես պատրաստ, ակտիվ կանայք, որոնք իսկապես կսիրեն այն գործը, որն անում են, ժողովուրդը կողջունի իրենց: Այսինքն` ցանկացած փոփոխության պատրաստ է հասարակությունը: Բայց մեզ նման փակ հասարակություններում միշտ էս հարցում փաստարկ կա ուղղված կարծրատիպերին, այսինքն` կինը միշտ դիտվում է որպես տան մայր: Կինը մեծ դեր ունի այսօր հասարակական, սոցիալական կյանքում, իսկ քաղաքականությունը սերտորեն կապված է էս ոլորտներին: Կարճ ասած, կին և քաղաքականություն բառերը չափազանց սազում են միմյանց:

 

Հարություն Ուլոյան.

«ԱԺ-ի պատասխանատվությունը, կարծում եմ, կմեծանա»…

«Կարծում եմ` հարաբերակցությունը պետք է 50/50 լինի: Կանայք, բացի ֆիզիկապես, տղամարդկանց ոչնչով չեն զիջում. չհաշված, որ նրանք մեր հասարակությունում թվաքանակով ավելի են, քան տղամարդիկ: ԱԺ-ն էլ, կարծում եմ` կաշխուժանա, բանավեճեր կլինեն, պատասխանատվությունը կմեծանա»:

 

Կարծիքները հավաքեց Արման Ղարիբյանը

 

Լուսանկարում՝

Երիտասարդական խորհրդարանն է,

որի կազմում 30 տոկոսը աղջիկներն են: 

Դիտումների քանակը` 3816

Վերադառնալ վերև