Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Սերիալում՝ կինը որպես երկրորդ սորտի մարդ է ներկայացվում»…/վիդեո

Նախօրեին  Երևանի կենտրոնում հավաքվել էին բոլոր նրանք, ովքեր դեմ են  հայկական սերիալների միջոցով քարոզվող բռնությանը…. Հետաքրքիր  էր տեսնել, թե ինչպես են նույնիսկ պատահական  անցորդները, ովքեր  տեղեկացված էլ չեն եղել «Հասարակություն Առանց Բռնության» հկ-ի կողմից նախաձեռնած «Դժվար ապրուստ» սերիալի դեմ բողոքի ակցիային, մոտենում սեղանիկին, որի վրա դրված էին ստորագրահավաքի համար նախատեսված թղթերը և իմանանլով , թե ինչի մասին է խոսքը` առանց մեկ րոպե անգամ մտածելու ստորագրում դրա տակ : Մի պահ անգամ հերթ էր գոյացել: Ու այդպես մեկ ժամվա ընթացքում հավաքվեց շուրջ 200 ստորագրություն` ուսանողներ ու լրագրողներ, ուսուցիչներ ու թոշակառուներ արտահայտեցին իրենց միասնական բողոքը ոչ թե սերիալի դեմ, այլ դրանում ներկայացվող բռնության դեմ:

 

 

« Զբաղվելով  տարբեր  տարիքային խմբերի համար նախատեսված  հեռուստահաղորդումների վերլուծությամբ  նկատեցինք, որ երկար ժամանակ «Դժվար ապրուստ» սերիալը  55-56 տոկոս մասնաբաժնով առաջին տեղն է զբաղեցնում հեռուստատեսային  ռեյտինգներում: Եվ դա այն դեպքում, երբ  ակնհայտ է, որ այդ սերիալում կինը որպես երկրորդ սորտի մարդ է ներկայացվում »,- WomenNet-ի հետ զրույցում ասաց «Հասարակություն առանց բռնության» հկ ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը, բացատրելով՝  թե ինչու են որոշել հատկապես այս սերիալը  ուսումնասիրել:

 

Ինչպես արդեն նշվել էր, կազմակերպության կողմից  դիտարկված   սերիալի 730 րոպեյից՝  550-ը կանանց մասնակցությամբ էր, ընդ որում  այդ 550 րոպեի մեջ կանանց նկատմամբ դրսևորված բռնության տեսարանները, կանանց լացն ու ընկճվածությունը կազմեցին  60 տոկոս:

 

 

«Ցուցանիշն իրականում  բավականին մեծ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ  ժամանակի  մնացած 40 տոկոսը այնպիսի տեսարաններն էին, որտեղ կանայք ընդամենը կային կադրում,  բայց առանձնապես դերակատարում չունեին»,- նշեց Ա.Նիկողոսյանն ու ավելացրեց,  որ ըստ բռնության տեսակների ՝ ֆիզիկական բռնությունը կազմել է 6.2 տոկոս, հոգեբանական բռնությունը ՝ 22 տոկոս, սեռական բռնությունը` 0.7 տոկոս: Մնացած 31 տոկոս մասնաբաժինը՝    կանանց  լացն ու ընկճվածությունն էին:   Հանաձայնվեք, որ նույնիսկ ուսումնասիրության նպատակով  այդպիսի չափաբաժիններով բացասական  էմոցիաների  ընկալումը վտանգավոր է առողջության համար:

 

 

Սերիալի գլխավոր հերոսուհիների կերպարների վերլուծությունը  ցույց տվեց, որ  10-ից 10-ը չեն աշխատում և միայն մեկ հերոսուհի է (տիկին Անահիտը), ով մշտական աշխատանք չունի և աշխատում էր մեկ ուրիշի տանը՝ որպես սպասուհի, մեկ հյուրանոցում՝ մաքրուհի: Այլ կերպ ասած, սերիալում քարոզվում է, որ եթե կինը նույնիսկ աշխատում է, ապա միայն ամենացածր  կարգավիճակում:

 

 

«Ցավալին նաև այն է, որ այդ տաս կին-հերոսուհիներից և ոչ մեկը ինքնուրույն որոշում չի կայացնում և նույնիսկ իրավունք էլ չունի իրականացնելու` ենթակայի դերում է հանդես գալիս: Այսքանից հետո զարմանալի էլ չի, որ բոլորն էլ  որևէ տեսակի բռնության է ենթարկվում` կամ ֆիզիկական, կամ հոգեբանական, կամ էլ երկուսը միասին »:

 

 

Վերլուծության հիման վրա  «Հասարակություն առանց բռնության» հկ-ն տեսահոլովակ է պատրաստել, որպեսզի ներկայացնի այն հանրությանը՝ փոխանցելով իր  մտահոգությունը ամեն օր սերիալի միջոցով  հանդիսատեսին հրամցվող  կնոջ նկատմամբ բռնության տեսարաններով, որոնք  ժամանակի ընթացքում կարող են վարքի ընդունելի մոդելի վերածվել: Տեսահոլովակը 2.5 րոպե տևողությամբ է, դրանում զետեղված են  և վիճակագրական տվյալներ, և սերիալի բռնության տեսարանները խտացված տարբերակով: Ընդ որում մեր զրուցակից Աննայի դիտարկմամբ՝  տեսահոլովակի վրա աշխատանքներն ավարտելուց հետո պարզվել է, որ այն բավականին ազդեցիկ է ստացվել:

 

 

 

«Ես ինքս արտասվել եմ նայելուց հետո, որովհետև բռնության տեսակները բավականին խտացված են ներկայացված… Ու շատ ցավալի է գիտակցել, որ հանրության 55-56 տոկոսը դիտելով  բռնությամբ հագեցած այդ սերիալը   չի  փորձում ընդվզել  դրա  դեմ»,- ասում է  Աննան:

 

 

Ինչ վերաբերում է բուն ակցիայի ընթացքին, ապա կազմակերպիչները գոհ էին դրանից,  քանի որ  ստորագրահավաքը բացահայտեց, որ իրականում  հասարակությունը  հոգնել ու զզվել է սերիալներից ու թերևս փորձում է կամ գոնե ուզում է պայքարել հեռուստաէկրանից  քարոզվող բռնության դեմ … Թեև հասկանալի է, որ սերիալն իր երկրպագուները ևս ունի , համեմայն դեպս  կան մարդիկ, որ սոցիալական ցանցերում «Դժվար ապրուստ»-ին վերաբերող հրապարակումների տակ  իրենց աջակցությունը ցուցաբերող մեկնաբանություններ են թողնում :

 

 

Մինչդեռ ակցիայի կազմակերպիչները մտադիր են շարունակել ստորագրահավաք ն առցանց, որպեսզի այն մարդիկ, ովքեր  ֆիզիկապես չկարողացան ներկա գտնվել ակցիային ևս միանան դրան: Այնուհետև  ստորագրահավաքի ամբողջական փաթեթը կուղարկվի սերիալը ցուցադրող հեռուստաընկերությանը:

 

 

 

«Հեռուստատեսությունը անձի ձևավորման վրա հսկայական ազդեցություն է թողնում և դա ապացուցված փաստ է: Այնպես որ,  որքան առողջ լինի  հեռուստաէկրանից առաջարկվող  մթնոլորտը,  այնքան էլ մեր հասարակությունը կլինի առողջ: Կարծում եմ, եթե մենք պահանջենք որակով սերիալներ, որտեղ բռնությունը կնոջ նկառտմամբ չքարոզվի որպես կենսակերպ  և առհասարակ մինիմալացվեն բռնության տեսարանները` մենք ի վերջո կհասնենք դրան»,- եզրափակեց  Աննան:

Էնզելա Մակարյան

 

 

 

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ  մեր կայքում .

 

Հասարակությունը ընդդեմ «Դժվար ապրուստ»-ի

 

 

Հայկական սերիալներում տոտալ ագրեսիա է քարոզվում

 

 

«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»

 

 

«Որոշեք, որ կատեգորիային եք պատկանում»…

 

 

Դիտումների քանակը` 3472

Վերադառնալ վերև