Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա»

Ցավալի է, սակայն փաստ. երբ ընտանիքում ծնվում է առողջական խնդիր ունեցող փոքրիկ, ապա ոչ բոլոր ծնողներն են կարողանում դա ընդունել ու hաղթահարելով դժվարությունները՝ շարունակել բնականոն կյանքը:  Դա այդպես է ոչ միայն Հայաստանում:  Ծնողներ կան, որ հրաժարվում են երեխայից: Հաճախ պատահում է,  որ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնվելուց հետո  ընտանիքից  հեռանում է հայրը:  Որո՞նք են պատճառները, և արդյո՞ք այս հարցում մեղքի իր բաժինն ունի նաև հասարակությունը: Այս հարցերի շուրջ WomenNet.am-ը զրուցեց «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանի հետ, ով իր գործունեության ընթացքում շատ է բախվել այս խնդրին ու համոզված է, որ  հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն, առաջին հերթին,  հոգեբանի խորհրդի կարիքն ունեն:

 

– Հաշմանդամություն ունեցող երեխաներից հրաժարվելն իսկապես խնդիր է ու, ցավոք, մեր հասարակությունում տարածված երևույթ, որը գնալով , կարծես թե, աճի միտում ունի: Որպես նման երեխաների եւ նրանց ծնողների  իրավունքներով զբաղվող անհատ կարող եմ ասել, որ նախևառաջ այս խնդիրը կապված է ոչ միայն ընտանիքի սոցիալական պայմանների, այլև հանրության անիրազեկության հետ,- ասում է Ն.Մանուկյանը:

 

Նրա խոսքով` հանրությունը խնդրին թերևս այլ կերպ կվերաբերվեր, եթե երեխայի ծնվելու առաջին իսկ օրվանից ծնողները միայնակ չմնային, և, օրինակ, հիվանդանոցներում խորհրդատուներ լինեին: Եվ ոչ թե, ինչպես այսօր է ու, ցավոք, համատարած, որ բժիշկները երեխայի կյանքի առաջին իսկ րոպեներից ծնողների ուղեղը մտցնեին, թե դա դժբախտություն է և առաջարկեին. «Գիտեք ինչ, կարող եք թողնել երեխային ու գնալ».

 

– Ես այս մասին շատ եմ բարձրաձայնել՝ ծննդատներում ու հիվանդանոցներում անհրաժեշտ է հատուկ հոգեբան, ով այդ րոպեներին կխոսի, խորհուրդներ կտա ծնողների, նրանց ճիշտ ու օբյեկտիվ կբացատրի իրավիճակը: Եվ եթե դրանից հետո նրանք կորոշեն թողնել երեխային, դա արդեն կլինի գոնե որոշակիորեն հիմնավորված որոշում:

Բարեբախտաբար, ինչպես նշում է մեր զրուցակիցը, իր աչքի առաջ կան հարյուրավոր օրինակներ, երբ ծնողների մտքով իսկ չի անցնում հրաժարվել երեխայից, ինչ է թե առողջական կամ ֆիզիկական ինչ-որ խնդրով է ծնվել:

 

– Դրա հետ մեկտեղ, չեմ կարող չհամաձայնել, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը շատ ու շատ չլուծված հարցերի պատճառով ավելի է բարդանում, քան այլ երկրներում: Մեզանում, ըստ էության, չկան խնամքի ցերեկային կենտրոններ, լավ ու որակյալ ծառայություններ մատուցող վերականգնողական կենտրոնների թիվը շատ փոքր է, ու դրանք, ցավոք, ոչ բոլորին են հասանելի, հաշմանդամության թոշակը ծիծաղելիության աստիճան փոքր է, միջավայրն անմատչելի է, չկան ներառական մանկապարտեզներ, որտեղ երեխաները կարող են օրվա ընթացքում պատշաճ ծառայություն ստանալ, ինչն էլ հնարավորություն կտա ծնողին այդ ընթացքում աշխատելու: Մի խոսքով՝ խնդիրները չափազանց շատ են, բայց անգամ այս ամենի համադրությունն ու թվացյալ մռայլ երանգները, իմ կարծիքով, չեն կարող արդարացնել երեխայից հրաժարվող ծնողներին…

 

Ն.Մանուկյանի ղեկավարած «Հայ մայրեր» ՀԿ-ում այսօր հաշվառված են մանկական ուղեղային կաթվածով 152 երեխաներ: Միայն Երևանից 20 մայրեր ունեն, ովքեր երեխաներին մեծացնում են միայնակ, քանի որ ամուսինները լքել են ընտանիքը, երբ իմացել են, որ երեխան խնդիր ունի: Ն.Մանուկյանի խոսքով՝ մարզերում վիճակն ավելի բարդ է, ու ամուսին-հայրերի կողմից լքված մայրերի ու երեխաների թիվն ավելի մեծ է.

 

 

– Ես արդեն նշեցի՝ խնդիրը հիմնականում իրազեկված չլինելու մեջ է: Բացի այդ, տղամարդկանց մի մասը ընտանիքը լքում է ծնողի հորդորով՝ «ավելի լավ է գնաս, առողջ երեխա ունենաս», «սա քեզ երեխա չի դառնա» կարծրատիպերը դրոշակ դարձնելով: Մինչդեռ ամենևին էլ պարտադիր չէ, որ խնդիրը հենց կնոջից է, կամ էլ նույնիսկ չեն ուզում հասկանալ, թե ինչ խնդիր է և այլն: Փախչել խնդրից և ման գալ կողքից ավելի առողջ ու անհոգ կյանք, թողնելով սեփական երեխային՝ սա որևէ կերպ արդարացնել հնարավոր չէ, ո՛չ տղամարդու, ո՛չ էլ կնոջ կողմից: Հատկապես, հաշվի առնելով ընտանեկան արժեքների վերաբերյալ մեր ազգային մոտեցումները, որոնցով այդքան հպարտանում ենք,- շեշտում է մեր զրուցակիցը:

 

Իհարկե, շարունակում է նա, որքան էլ նման իրավիճակը մեզանում որոշակիորեն արմատավորված լինի, բայց այն հնարավոր է շտկել, ու այստեղ է, որ իրազեկումն է կարևորվում, պետական մարմինների մասնակցությունը այս հարցում, ուշադրությունը և այլն: Այս ամենի համադրությամբ, Ն.Մանուկյանի համոզմամբ, հնարավոր է բերել նաև շատ ընտանիքների վերամիավորման:

 

Պարադոքսալ է, բայց կան դեպքեր, երբ հոր հեռանալը ընտանիքից ավելի ցանկալի է, քան ամեն գնով ընտանիք պահելը: Ն.Մանուկյանի խոսքով՝ իրեն հայտնի են դեպքեր, երբ ամեն օր, ամեն ժամ երեխայի աչքի առաջ հայրը կշտամբում ու մեղադրում էր մորը, թե այս ինչ երեխա է բերել, «ո՞նց ենք ապրելու», թե «սրանից մարդ դուրս չի գա» և այլն: Սա հոգեբանական ծանր հարված է հասցնում երեխային, ու երբեմն թերևս ավելի լավ է, որ նման հայրը հեռու լինի ընտանիքից.

 

– Մենք վերջերս ունեցանք երկու այդպիսի դեպք, երբ կազմակերպության երկու մայրեր ամուսնալուծվեցին, ու սա այն դեպքն է, երբ կարող եմ ասել, որ թե՛ մայրը, թե՛ երեխան ուղղակի փրկվել են: Սա ոչ թե դժբախտություն էր, այլ փրկություն նրանց համար, քանի որ երեխաներից մեկի դեպքում նյարդային վիճակը շատ էր սրվել ընտանիքի անառողջ մթնոլորտի պատճառով. հայրն անընդհատ սպասում էր առողջական վիճակի կտրուկ լավացման, չգիտես ինչի վրա հիմնվելով ու արդյունքում հալածում էր թե՛ մորը, թե՛ երեխային:

 

 

«Երազի տուն» մանկական զարգացման կենտրոնում, որը գործում է ՀԿ-ի հենքի վրա, մայրերի համար էլ հոգեբանի հետ շփվելու, խորհրդատվություն ստանալու հնարավորություն կա: Ն.Մանուկյանն ասում է, որ իրենք մայրերին տրամադրում են հոգեբանի ծառայություն, և շատերն են դիմում իրենց այդ ծառայությունից օգտվելու համար: Ի դեպ, կան նաև հաջողված պատմություններ, երբ կենտրոնի հոգեբանը կարողացել է ճիշտ ուղղորդել մայրերին ու վերադարձնել նրանց հոգու ներդաշնակությունը, իսկ վերջերս էլ երկար տարիներ միայնակ հաշմանդամություն ունեցող երեխային դաստիարակող կինը ամուսնացել է ու երջանիկ ընտանիք կազմել:

Ն.Մանուկյանի երազանքն է ավելի մեծ կենտրոն ունենալ, որը հնարավորություն կտա երեխաներին ամբողջ օրը խնամել, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա ծնողներին որոշակի անկախություն ունենալու, նաև աշխատելու, չէ որ մայրերից շատերը բարձրագույն կրթություն ունեն: Սակայն նման հնարավորություն դեռ, ցավոք, չունեն… բայց նա վստահ է՝ սիրող ծնողն ամեն ինչի միջով էլ կանցնի, միայն թե երեխան իր կողքին լինի ու ժպտա:

Լիա Խոջոյան

Լուսանկարները ՝ «Հայ Մայրեր»  ՀԿ-ի արխիվից

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հայ մայրեր»-ը փոխում են գլխուղեղային վնասվածքով մանուկների ճակատագրերը

 

«Երազում եմ նախագահ դառնալ…»

 

«Անհաղթահարելի թվացող պատն աստիճանաբար քանդվում է»…

 

Երեխաների իրավունքների լիարժեք պաշտպանությունը մարզերում. ի՞նչ է անհրաժեշտ

 

«Չես պատկերացնի, թե ինչ ա նշանակում այդ դպրոցի պիտակը կրել»…

 

Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում

 

«Մայրիկ, մարդիկ այնքան տարբեր են: Ես նրանց բոլորին ուզում եմ օգնել»

 

«Նրանք մեզ բոլորիս աշխարհին այլ կերպ նայելու հնարավորություն են տալիս»…

 

Մոր խոսքը` չընկճվել եւ պայքարել հանուն երեխաների եւ հավասարության …

 

Կարող ենք միասին

 

Դիտումների քանակը` 3646

Վերադառնալ վերև