Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ստեղծել ես, պիտի պահես»,- ասում է 7 երեխաների մայրը

 41-ամյա Նունե Վիրաբյանին թերեւս կարելի է կոչել հերոս-մայր, քանի որ նա այն քիչ կանանցից է, ով, ապրելով սահմանամերձ գյուղում, 8 երեխա է լույս աշխարհ բերել (երեխաներից մեկը հիվանդության պատճառով մահացել է) եւ ամեն ինչ անում է հանուն իր երեխաների բարեկեցության: 

 

Սոցիալական խնդիրներ ունեցող բազմազավակ մայրերի հետ հաճախ եմ զրուցել որպես լրագրող եւ գիտեմ, որ նրանց մեծամասնությունը փորձում է հարցազրույցն օգտագործել իր ծանր վիճակի մասին խոսելու եւ օգնություն հայցելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ Նունե Վիրաբյանը եւս խոսում է իր խնդիրների մասին, սակայն ոչ թե օգնություն խնդրելու, այլ խնդիրները հաղթահարելու իր մեծ կամքն ու եռանդը ներկայացնելու համար:

 

«Եթե ստեղծել ես, պիտի պահես»,- ասում է Նունեն եւ ավելացնում, որ ինքը աշխատանքից երբեք չի հոգնում: Ներկայումս Նունեն եւ նրա ամուսինը աշխատում են իրենց տարածաշրջանում տեղակայված զորամասում՝ որպես բանվոր ծառայողներ: Նրանք դեռեւս 2001 թվականին վերաբնակեցվել են ԼՂՀ-ի ազատագրված տարածքում, այստեղ են ծնվել նրանց երեխաները:

 

Նունեն Եղեգնաձորից է, տեղի դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի սովորել, ապա եւ աշխատել է որպես ռելե հավաքող: Սակայն ամուսինը դեմ է եղել, որ կինն աշխատի եւ Նունեն ամուսնությունից հետո դուրս է եկել ռելեի գործարանից: Հետագայում, երբ երեխաների թիվն ավելացել է, ամուսինը հասկացել է, որ անհնար է գոյատեւել միայն իր աշխատանքով եւ այլեւս չի արգելելել կնոջն աշխատել:

 

«Երբ տեղափոխվեցինք Արցախ, աշխատանք չկար, ես ու ամուսինս անտառից փայտ էինք կտրում, վաճառում էինք: Կնոջ համար ծանր գործ էր, բայց ես հասկացա, որ պետք է թիկունք լինեմ իմ ամուսնուն»,- պատմում է Նունեն: Բազմազավակ մայրը նշում է, որ իրենք շատ դժվար պահեր են ունեցել, շատ նեղություն են տեսել, բայց երբեք չեն հանձնվել: «Գործ չէր լինում, անտառից մոշ ու բոխի էինք հավաքում, ծախում էինք»:

 

«Առաջինը ես աշխատանքի անցա զորամասում, Գեւորգն (ամուսինը) ասեց՝ գնա աշխատի, ես էրեխեքին կպահեմ, հետո ես զորամասի հրամանատարին խնդրեցի եւ նա ամուսնուս եւս աշխատանքի վերցրեց: Արդեն տարի հինգ ամիս աշխատում ենք զորամասում եւ շատ գոհ ենք, եթե էս աշխատանքը չլինի, իմ ընտանիքը սոված կմնա»:

 

7 երեխաներից ավագը 12 տարեկան է, կրտսերը՝ 2: Նունեն փորձում է այնպես անել, որ աշխատանքը չխանգարի երեխաների դաստիարակությանը, նա չափազանց ուշադիր է փոքրիկների կրթության հարցում: «Ես շատ արագաշարժ եմ, դրա համար էլ ամեն ինչ հասցնում եմ: Եթե գիտեմ, որ մի գործ պիտի արվի, շատ արագ անում-վերջացնում եմ»,- ասում է բազմազավակ մայրը: Այսօր առավոտյան նա հանդիպել է դպրոցի ուսուցչուհուն, ով գովել է իր երեխաներին: «Դրանից մեծ ուրախություն մոր համար չկա»,- նշում է Նունեն:

 

6-րդ երեխայի ծնվելուց հետո այս ընտանիքը պետության կողմից եւս մեկ տուն է ստացել: Նունեի երկու աղջիկներն ու հինգ տղաները Եղեգնուտ գյուղում արդեն 2 տուն ունեն: «Որ գյուղ ես մտնում, հենց առաջին սիրուն տունը մերն ա, նոր են սարքել: Ուզում եմ, որ էրեխեքս լավ կյանքով ապրեն, լավ սովորեն ու շենացնեն մերը տունը, իրենք էլ իրենցը կառուցեն»,- ասում է հերոս-մայրը:

 

Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 2467

Վերադառնալ վերև