Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Տարեցները տուն-ինտերնատներում են հայտնվում գրեթե հավասարապես՝ թե որդի, թե դուստր ունենալու պարագայում»

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը այսօր Մեդիա կենտրոնում կայացած  ասուլիսում  ներկայացրեց ՄԱԿ-ի կողմից Հայաստանի մի քանի տուն-ինտերնատներում տարեցների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, որոնց հիմքում «ունե՞ք արդյոք զավակներ, թե՝ ոչ, և եթե ունեք, ապա ի՞նչ սեռի են նրանք պատկանում» հարցն է եղել.

 

«Հարցադրումը պատահական չէր: Հայաստանում խնդիր է սեռային անհամամասնությունը, քանի որ  մինչ օրս էլ հայ ընտանիքներում տղա երեխա ունենալուն են նախապատվություն տալիս՝  բացատրելով,  որ աղջիկը գնացող է , իսկ  արու զավակը կմնա ծնողների հետ ու կզբաղվի նրանց խնամքով: Սակայն հարցումների արդյունքները, այլ բան են ցույց տալիս», – նշեց նա:

 

Հարցումն իրականացվել է  Երևանի, Գյումրու և Նորքի տուն -ինտերնատներում բնակվող  623 տարեցների շրջանում , որից 284 հոգին ընդհանրապես երեխաներ չունեին: Հարցված տարեցների 72 տոկոսն ունեին տղա-զավակ՝ ընդհանուր առմամբ  365 որդի, որոնցից 61 տոկոսը ընդհանրապես չի այցելում ծնողներին:

 

«Ի դեպ, չայցելող որդիների տոկոսը կարող էր ավելի բարձր լինել, եթե մենք դրան ավելացնեինք նաև այն որդիներին, որոնք ծնողներին այցի են գալիս միայն թոշակի ստացման օրը՝ կենսաթոշակը վերցնելու նպատակով: Այո, ցավով արձանագրեցինք, որ նրանք գալիս էին ծնողներին տեսնելու միայն թոշակը վերցնելու նպատակով»,- տեղեկացրեց  Աննա Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով,  հարցվածներն ընդհանուր առմամբ  354 դուստր երեխաներ ունեն, որոնցից 173-ը ընդհանրապես չեն այցելում իրենց ծնողներին , այսիննքն  49 տոկոսը:

 

Հետազոտողի դիտարկմամբ , ընդհնաւոր առմամբ  տարեցները տուն-ինտերնատներում են հայտնվում գրեթե հավասարապես՝ թե որդի, թե դուստր ունենալու պարագայում.

 

 

Ի դեպ, հարցին՝ եղե՞լ են դեպքեր, երբ զավակները իրենց ծնողներին ընտանիք են վերադարձրել տուն-ինտերնատներից հնչեց հետևյալ պատասխանը. «Եզակի դեպքեր: Ես հիշում եմ մեկ-երկու դեպք, երբ ծնողին վերադարձրել են տուն»:

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն էլ նշեց, որ եթե նախկինում տուն-ինտերնատներում ընդգրկվելու համար պարտադիր պայման էր միայնակ լինելը, ապա այժմ օրենսդրությունը փոխվել է և  կարող են դիմել նրանք, որոնք դրա կարիքն ունեն: Նաև այն տարեցները, որոնք ունեն զավակներ:

 

Հանրապետությունում 9 տուն-ինտերնատ է գործում՝ 5-ը պետական, 4-ը՝ ոչ պետական: Այս հաստատություններում բնակվում է 1240 մարդ, ինչը աշխարհի նմանատիպ վիճակագրության հետ համեմատած շատ փոքր թիվ է՝ 323 հազարից ավելի տարեց ունեցող երկրում տուն-ինտերնատներում ունենալ ընդամենը 1240 մարդ:

 

Այս իրավիճակում պաշտոնյան փորձեց անգամ ուրախալի լուր հայտնել.

 

«Եթե նախկինում տուն-ինտերնատ դիմողների հերթեր էին գոյանում՝ տարեցներին  տեղավորելու համար, ապա այսօր ազատ տեղեր կան, դիմողների թիվը չի ավելացել: Սա բազմաթիվ գործոններով է պայմանավորվում, այդ թվում և արտագաղթի հետ»:

 

Տիկին Գևորգյանն ասաց, որ ցավալի է, երբ զավակներ ունեցող ծնողներն էլ են հայտնվում ծերանոցներում, բայց իր 23-ամյա գործունեության օրոք որևէ տարեց դատի չի տվել իր երեխաներին՝ ալիմենտներ ստանալու պահանջով, ինչը թույլ է տալիս մեր օրենսդրությունը:

 

Ասուլիսի տեսագրությունն  այստեղ.

 

Դիտումների քանակը` 3009

Վերադառնալ վերև