Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Տեսանյութում իրար ծեծող աղջիկներն իրականում մեր հասարակության զոհերն են»…

 

Սոցցանցերում վերջերս հայտնված աղջիկների ծեծկռտուքն ու հայհոյախառն արտահայտությունները պատկերող տեսահոլովակները բուռն քննարկումների ու քննադատության առարկա են դարձել: Դեպքերից մեկը իրավապահ մարմիններն արագ բացահայտեցին. ծեծկռտուքի հերոսները թիվ 102 դպրոցի սաներն են (մեկը` արդեն նախկին), միջադեպը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, առկա են խուլիգանության հատկանիշներ, կատարվում է նախաքննություն…

 

 

 

Հասարակությունն էլ իր հերթին մեղավորներ է փնտրում, չկողմնորոշվելով  ո՞ւմ մեղքի բաժինն է ավելի մեծ ՝ ընտանիքի թե դպրոցի… Ընդ որում, տպավորություն է ստեղծվում, որ հասարակությունը մտահոգված է  ոչ թե դեռահասների անընդունելի վարքագծով ընդհանրապես, այլ միայն այն փաստով, որ  նման վարք են ցուցաբերել հատկապես աղջիկները… Հոգեբան Կարինե  Նալչաջյանի կարծիքով, կատարվածը ընդամենը մեր իրականության խտացված արտացոլումն է, իրականության, ուր  զոռբայությունը, գռեհիկ պահվածքը, ագրեսիվ ձևով հարցերին լուծում տալը ավելի դրական են գնահատվում…

 

Թեև Կարինե Նալչաջյանն իր պրակտիկայում նման դեպքի չի հանդիպել, սակայն եղածն իր համար սպասելի էր: Համալսարանում ուսանողների վարքը, հագ ու կապը, նիստն ու կացը, ժարգոնային բառապաշարը տեսնելով ու լսելով, հոգեբանն արդեն իսկ իր համար  որոշ հետևություններ արել էր: Ասում է, որ տեսանյութի աղջիկներն իրականում մեր իրականության զոհեր են, միջոցներ չձեռնարկելու դեպքում էլ երևույթն օրինաչափ ու տարածված կդառնա:

 

 

«Իմ կարծիքով, նման դեպքերը շատ տարածված չեն, բայց դա ինքնամխիթարանք չի կարող լինել, որովհետև ցանկացած երևույթ սկսվում է ինչ-որ մի օր, այնուհետ դառնում է մոդելային ու տարածվում»,-նման մտահոգություն է հայտնում հոգեբանը:

 

 

 

Նա դիտել է տեսանյութը, ուսումնասիրել արձագանքները, ներքուստ ուրախացել, որ այն դատապարտվել ու քննադատության է ենթարկվել տարբեր սեռի ու տարիքի մարդկանց կողմից: «Դա նշանակում է, որ երևույթը դեռ արտառոց է, բայց քանի որ երևույթը սաղմնավորվել է, հարկավոր է դեմն առնել»,- համոզված է Կարինե նալչաջյանը:

 

 

 

 

 

 

«Իհարկե բոլորին հատկապես զարմացրել է այն, որ տեսանյութի «հերոսները» աղջիկներ են, բայց իմ դասախոսական պրակտիկայից գոնե ինձ  համար ակնհայտ է, որ կանացի կերպարը ագրեսիվության երանգներ է ստացել: Այդպես էլ պետք է լիներ: Ինչո՞ւ: Մի հատ նայենք, տեսնենք, ի՞նչ արժեքներ են քարոզվում: Վարքի ո՞ր մոդելն է ավելիի դրական ներկայացվում մեր հասարակության մեջ: Մենք շատ լավ գիտենք, որ կյանքում, տարբեր հարաբերություններում զոռբայությունը, ագրեսիվ ձևով հարցերին լուծում տալը ավելի դրական է գնահատվում: Հիմա ուժեղ մարդու կերպարը դա ագրեսիվ մարդու կերպար է, ինտելեկտը կարծես թե դադարել է որպես ուժ ընկալվել», –  պարզաբանում է Նալչաջյանը՝ վրդովմումքով ու տհաճությամբ  հիշելով  օրեր առաջ մի տատիկից լսած խոսքերը, ով հայհոյող թոռանն արդարացրել է. «Բա հո դոդիկ ինտիլիգենտ չի՞ դառնալու»…

 

 

Հոգեբանի խոսքով, այժմ բացասական արժեքների արմատավորման գործընթաց է` էկրաններից մարտաֆիլմեր են, որտեղ ֆիզիկական ու բռնի ուժն է քարոզվում, նույն առաքելույունն են կատարում  տխրահռչակ սերիալները:

 

 

 

«Ի՞նչ կանացի կերպարներ են մատուցվում սերիալներում: Օրինակ, ես 2-3 րոպից ավել չեմ կարողանում նայել, ուղղակի որպես մասնագետ նայում եմ, տեսնեմ` ի՞նչ են իրենցից ներկայացնում: Ակնհայտ բթամիտ, անվերջ մուննաթով կամ մշտապես ողբող  կանայք, և այդ ամենը  ընդհանուր  ագրեսիայի ֆոնի վրա: Ուշադրություն դարձրե՝ք ինչպես են նրանք  խոսում: Եվ այս տիպաժները  հեռուստադիտողների համար  (իսկ սերալները նայում են շատ շատերը) դառնում են մոդելային, իդեալի է վերացվում: Ցավոք,  իդեալները միշտ չէ, որ իրենց մեջ դրական արժեք են կրում, կարող են նաև բացասական իդելաներ լինել», – նշում է մասնագետը:

 

 

 

Նալչաջյանը  նաև նկատում է, որ աղջիկները տեսանյութում գործում են ակնհայտ թատերականացված: Միջադեպը նկարող, «թամաշա անող» տղաների ներկայությունը կարևոր հանգամանք է այս պարագայում:  «Աղջիկների պահվածքը  հիշեցնում է մարտաֆիլմերի հերոսուհիների: Հոգեբանական նույնացման արդյունք է դա.  մենք նայում ենք էկրանին և անկախ մեզանից գործող անձանցից ինչ որ մեկի հետ հոգեբանական նույնացում ենք ապրում, հետադարձ ազդեցություն կրում, կարծես սովորում ենք վարքի ձևեր: Նույնը կատարվում է գիրք կարդալիս, սա շատ հայտնի երևույթ է հոգեբանության մեջ, էքսպերիմենտալ ձևով վաղուց ապացուցված: Դեռահսների մոտ այն ավելի ընդգծված է որովհետև սա ամենազգայուն տարիքն է «ես»-ի ձևավորման, ինքնության հաստատման տեսանկյունից: Այդ տարիքում շատ կարևոր է, «ո՞վ եմ ես» հարցը: Կարծում եմ,  տեսահոլովակում  այն երեխաներն են, որոնք հասունացել են մարտաֆիլմերի, սերիալների, էրոտիկ ու պոռնոֆիլմերի ազդեցության ներքո:  Ես այդ աղջիկներին նման ազդեցության  զոհեր եմ համարում: Նրանց ինքնահաստատման այս ձևն են ընտրել  մոդելային և հենց այդպես էլ դրսևորել իրենց», – նշում է Նալչաջյանը:

 

 

Այնուամենայնիվ, ո՞վ է ավելի շատ թերացել դեռահասների դաստիարակության հարցում՝ դպրոցն թե ընտանիքը: Նալչաջյանի  խոսքով, մարդու արժեքային համակարգի ձևավորման վրա շատ սոցիալական գործոններ են ազդում` ընտանիք, դպրոց, լրատվություն և այլն, և դրանք պետք չէ առանձին դիտարկել, ավելի լավ է  սկսել համընդհանուր կերպով բարոյական արժեքների քարոզումից ու վերականգնումից.

 

 

 

«Զոռբայությունը, ագրեսիան պետք է պատժելի լինեն, ոչ թե իդեալականացվեն այն հիմնավորմամբ,  որ ուժի  միջոցով ինչ-ինչ  հարցեր են լուծվում: Եթե մարդ տեսնում է, որ նպատակներին հասնելու ամենաարդյունավետ ձևը ագրեսիան է, ապա դա մոդելային կդառնա: Ահա սա պետք է փոխվի: Բարեկիրթ, դաստիրակաված մարդը  հասարակության ընկալումներում տուժողի դերում չպետք է հանդես գա»…

 

 

 

Ի՞նչ անել՝ ավանդական այս հարցին ի պատասխան հոգեբանը մի քանի գործոն է կարևորում` մեղմ, հրապուրիչ, գրագետ հակաքարոզչություն, ադեկվատ պատիժ: «Պետք է լինի հակաքարոզչություն, մենք պետք է կարողանանք շատ հրապուրիչ ձևերով նաև դրական արժեքներ ներկայացնել: Իսկ ո՞վ է ասում, որ դրական արժեքը չի կարող նույնքան հրապուրիչ լինել դեռահասի համար որքան բացասականը: Այդ նույն ագրեսիվ  էներգիան մետամարֆոզների ենթարկելու ձևեր կան, այն կարելի է կոնստրուկտիվ  հունով ուղղորդել: Իրականում  լուրջ մտահոգվելու կարիք կա, եթե լուրջ չվերաբերվենք այդ երևույթին, կրկին սթրեսային  վիճակում ենք հայտնվելու»,-զգուշացնում է նա:

 

 

Նալրաջյանը ընդգծում է, որ արարքը անշուշտ պարժելի է, բայց միայն  համաչափ պատիժն է հարց  լուծում: «Զարգանալու, դեպի լավը գնալու հնարավորություն պետք է ընձեռնել նրանց: Շատ լուրջ ու նուրբ աշխատանք է պետք, այստեղ մասնագետների համատեղ ջանքեր են պետք»,-ասում է նա, նկատելով, որ հասարակության քննադատությունը, իրենցից մարդկանց երես թեքելն  էլ պատժի ձևեր են:

 

«Բոլոր դեպքերում, ես հույս ունեմ, որ այդ փխրուն տարիքում կարելի է ճկուն մոտեցումների միջոցով հասնել երեխայի հոգեփոխման»…

 

 Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3156

Վերադառնալ վերև