Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Տղաներին ծնողները ուզում են լավ մասնագիտություն տալ, իսկ աղջիկներին… ամուսնացնեն»…

Չնայած ընդունված է ասել, որ հայ հասարակության  մեջ արմատավորված է կրթության նկատմամբ  հատուկ վերբերմունքը,  սակայն կան ծնողներ, որոնք իրենք են դառնում   դպրոցներից երեխաների դուրս մնալու պատճառը.  փաստում են  Օքֆամի հայաստանյան գրասենյակի կողմից  Հայաստանի  4 մարզերում Տավուշում, Սյունիքում, Լոռիում, Վայոց ձորում անցկացված  «Կրթություն հասանելիության գենդերային ասպեկտները» հետազոտության արդյունքները:  

Թեպետ Հայաստանի ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն  ծնողները պարտավոր ն ապահովել երեխաների կրթություն ստանաալը:  Սոցիալական անապահովությունը միշտ չէ, որ նման որոշման հիմքում է լինում:

 

 

«Ուսուցիչների, դասարանի ծնողների, տարբեր ՀԿ-երի աջակցությամբ լուծում են հագուստի, գրենական պիտույքների հարցերը, սակայն երեխային միևնույն է դպրոց չեն ուղարկում: Այսինքն  ընտանիքի ընդհանուր դիրքորոշում է դա, կրթությունը չեն կարևորում կամ էլ այլ պատճառներ ունեն, որ այդպես են վարվում», – պատմում է  կրթության խնդիրներով զբաղվող ՀԿ-ի ներկայացուցիչը:

 

Հետազոտության ընթացքում բացահայտվեցին դեպքեր, երբ ծնողները արգելում են աղջիկներին  ուսումը շարունակել: Որպես կանոն այդ հարցում պետական մարմինների միջամտելու միջոցները սահմանափակ են կամ ոչ արդյունավետ.

 

« Ջաջուռ գյուղում ապրում էր մի ընտանիք, որի հայրն անընդհատ հարբում էր, ծեծում կնոջն ու երեխաներին` 2 աղջիկ, 1 տղա: Հայրը չէր թողնում, որ աղջիկները դպրոց գնան: Մեզ հաջողվեց կնոջն ու աղջիկներին 3 ամսով տեղափոխել բռնության ենթարկված կանանց ժամանակավոր կացարան, նրանց  հետ առանձին աշխատել: Մայրն իր աղջիկներ հետ հետագայում տեղափոխվեցին Երևան, աղջիկներն ավարտեցին գիշերօթիկ դպրոցը», – պատմում է կանանց ՀԿ-ի ներկայացուցիչը:

 

«Աղջիկ երեխաների ուսումն խոչընդոտող պատճառները  ընտանիքի  հետամնաց մտածելակերպի և այլ դոգմատիկ ընկալումների արդյունք են, որոնք ցավոք գյուղական համայնքներում դեռևս խորը արմատներ ունեն, ասենք,  որ աղջիկը չպետք է , սովորի , նստի տանը և այլն , տղայի պարագայում նման սահամանփակումներ չեն դնում», – նշում է  փորձագետը;

 

ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված է, որ աղջիկների և տղաների ամուսնության ստորին շեմը 18 տարեկանն է: Սակայն հատկապես գյուղական վայրերում աղջիկների վաղ ամուսնությունը դպրոցը չավարտելու պատճառ կարող է հանդիսանալ:

 

«…Աղջիկների պարագայում ունեցել ենք ամուսնանալու դեպքեր 12-րդ դասարանում: Տղաները կամ Ռուսաստան են գնում, կամ չեն ուզում սովորել, կամ արհեստ են սովորում»…

 

«Մեր գյուղի դպրոցի միակ թերությունն այն է, որ աղջիկները շուտ են ամուսնանում: Տղաներին ծնողները ուզում են լավ մասնագիտություն տալ, իսկ աղջիկներին… ամուսնացնեն»:

 

Վաղ ամուսնության դեպքում ուսումը շարունակելու հավանականությունը խիստ կասկածելի է դառնում, հատկապես եթե հղիության հարց է առաջանում: Նման դեպքերը շատ չեն, սակայն նույնիսկ եթե աղջիկը ցանկանում է շարունակել ուսումը շրջապատը և դպրոցը պատրաստ չեն ընդունելու նրան աշակերտի կարգավիճակով:

 

 

«Աննան  11-րդ դասարանում է սովորում, նրան  մարզկենտրոնից էին տեղափոխել մեր դպրոց, քանի որ այդտեղի դպրոցի տնօրենը դեմ էր, որ  16 տարեկան ամուսնացած և երեխայի սպասող աղջիկը սովորի մյուս երեխաների հետ, ասում էր՝ վատ օրինակ  կծառայի: Մեր դպրոցի երեխաները սկզբում  վատ էին նայում, չէին շփվում, բայց Աննան լավ սովորող աշակերտ է և կարողացավ իր մասին կարծիքը փոխել: Սա առաջին դեպքն է իմ մանկավարժական պրակտիկայում, որ աշակերտուհին նման կարգավիճակում դպրոց  է հաճախում: Բայց երջանիկ ընտանիք է կազմել, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, – պատմում է դպրոցի ուսուցչուհին:  

 

Աղջիկների կրթության տեսակետից   խնդրահարույց են  հատկապես ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները՝ մալականների  և եզդիների համայնքները: Օրինակ, մալականների մոտ դեպքեր են արձանագրվել, որ երեխաներին տարրական դպրոցից հետո են արգելում սովորել, ծնողները դա բացատրում են նրանով, որ իրենց երեխաներին ավելին պետք չէ:

 

« Ասում են, տառաճանաչ են, գրել, կարդալ գիտեն, դա իրենց հերիք է: Խուլիգանություն չեն անում, օրենք չեն խախտում, նրանք օգնում են հող մշակելու, անասնապահական գործերում: Եվ երբ ես փորձել եմ միջամտել, ինձ նույնիսկ մեղադրել են ազգային, կրոնական փոքրամասնաությունների վրա ճնշում գործադրելու մեջ», – պատմում են մեր զրուցակիցները:

 

Իսկ եզդիների մոտ աղջիկները դպրոց են հաճախում մինչև 14-15 տարեկան, հետո ծնողները հանում են դպրոցից, համարվում է, որ «այդ  տարիքի հասուն աղջիկը ամոթ է, որ դպրոց գնա»:  Նման դեպքերում համայնքի վրա ներազդելու շատ քիչ հնարավորություններ կան, քանի որ ՀՀ  Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք»: Արդյունքում եզդիական համայնքներում մշակութային ավանդապահությունը նպաստում է երեխաների թերի կրթությանը:

 

Ըստ «Կրթություն հասանելիության գենդերային ասպեկտները» հետազոտության,

Օքֆամի հայաստանյան գրասենյակ  2014 թ

Լուսանակարը՝ Լիլիան Գալստյանի  «Մեր աղջիկները» շարքից

Դիտումների քանակը` 694

Վերադառնալ վերև