Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Օրը մեկը դուռս թակում ասում է՝ բժշկուհի ջան, քեզ եմ ընտրելու»…

Եղեգնաձորի բժշկական կենտրոնի ընտանեկան բժշկուհի Գայանե Հարությունյանը, ով նաեւ «Երիտասարդ ընտանիքների աջակցության կենտրոն»  հասարակական կազմակերպության ղեկավարն է, իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 23-ին Եղեգնաձոր քաղաքում կայանալիք ավագանու անդամների ընտրություններին:

 

Գայանեն պատմում է, որ եղեգնաձորիցիների գրեթե բոլորի խնդիրներին ծանոթ է: «Նախ, որպես բժիշկ շփվում եմ բոլորի հետ, ծանոթ եմ նրանց խնդիրներին եւ զրույցների ընթացքում մարդիկ պատմում են, թե սոցիալական ինչ պրոբլեմներ ունեն: Մեկի տանիքն է կաթում, մյուսը գումար չունի երեխային դպրոց ուղարկելու համար: Կարծում եմ ավագանու անդամը պետք է հասարակության մեջից լինի, որ բնակչությունը նրան ճանաչի, նա էլ բնակիչներին, որպեսզի կարողանա նրանց օգնել»:

Իր առավելությունների մասին խոսելիս, Գայանեն շեշտում է, որ հասարակության հետ աշխատելու փորձ ունի, ծրագրեր մշակելու եւ առաջարկություններ կատարելու` նույնպես:

 

«Մեր հասարակական կազմակերպության ակտիվը մասնակցել է քաղաքի զարգացման քառամյա ծրագրի մշակմանն  ու ներկայացրած 19 ծրագրից 17-ը հատատվել է: Դրանցից 4-ն արդեն իրականացրել ենք` երեխաների հանգիստ, առողջապահական դասընթացներ, խմբակների բացում եւ այլն: Գտել ենք դոնորներ, որոնք համաձայնվել են եւ աջակցել:  Եթե որպես ՀԿ ղեկավար կարողացա ինչ-որ հարցեր լուծել, ապա որպես ավագանու անդամ կկարողանամ դրա կրկնապատիկն անել»,- ասում է Գայանեն` հավելելով, որ որպես ավագանու անդամ առաջնահերթ ուշադրություն է դարձնելու առողջապահական ու բնապահպանական խնդիրներին:

 

«Կցանկանայի լուծել հատկապես երեխաներին վերաբերող խնդիրներ: Նախ հասարակությանը տեղեկացնել երեխաների խնամքի, նրանց առողջության մասին: Շատ կարեւոր է երեխաների հանգիստը, ցավոք, Եղեգնաձորում չկան խաղահրապարակներ, որտեղ երեխան կկարողանա խաղալ, վազվզել, ինչը շատ կարեւոր է նրա առողջության եւ հետագա զարգացման համար: Կցանկանայի կանաչապատել մեր քաղաքը: Հաճախ եմ գնում Երեւան եւ հիանում, թե ինչպես է ծաղկում մայրաքաղաքը, կցանկանայի, որ մեզ մոտ էլ կանաչ այգիներ լինեին: Վստահ եմ, որ Երեւանում ավագանին մեծ դեր ունի այդ հարցում: Փողոցային լուսավորությունը նույնպես արդիական խնդիր է: Երեկոյան ժամը 8-ից հետո, հնարավոր չէ քաղաքում զբոսնել: Սրանք հարցեր են, որոնք պետք է բարձրացնեմ ընտրվելուց հետո` քառամյա ծրագիրը մշակելիս»:

 

Գայանե Հարությունյանն ավագանու աշխատանքում հաջողություն գրանցելու համար աշխատանքային այլ ոճ է մշակել`բնակչությանը մասնակից դարձնել ավագանու նիստերին: «Կարեւորում եմ բնակիչների մասնակցությունն ավագանու նիստերին: Ինձ համար կարեւոր է, որ նրանք էլ իրենց տեսակետը հայտնեն որոշումների վերաբերյալ:  Ընտրվելուց հետո կներկայացնեմ իմ թիմին, այն ակտիվ մարդկանց, ովքեր ինձ հետ կմասնակցեն ավագանու նիստերին, քննարկումներին, ես կլսեմ նաեւ նրանց տեսակետը, դիտողություններն ու առավել արդյունավետ գործունեություն կծավալեմ»,- ասում է նա:  «Վստահեք ինձ»,- ասում է իր ընտրողներին  ավագանու թեկնածուն, խոստանալով փայփայել  վստահությունն ու հարգանքը ժողովրդի քվեն ստանալուց հետո:

 

«Որ ժողովուրդն ինձ սիրում է` զգում եմ նրանց հետ հանդիպումից: Օրը մեկը դուռս թակում ասում է. «բժշկուհի ջան քեզ եմ ընտրելու: Դա արդեն հաղթանակ է, որ ինձ  ոգեւորում է… »

 

Հասմիկ Հարությունյան

Եղեգնաձոր-Երեւան

 

Դիտումների քանակը` 2516

Վերադառնալ վերև