Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Երկու սեռերի տեսակետների համադրումն օգնում է ավելի ճիշտ որոշումներ եւ օրենքներ ընդունել»…

Փետրվարի 22-23-ը Երեւանում  կայացած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի  երկօրյա նիստի շրջանակներում քննարկվել  էր  նաև  «Կանանց դերի բարձրացումը խորհրդարաններում և քաղաքացիական հասարակությունում» հարցը, որի շուրջ բավականին ակտիվ քննարկումներ ծավալվեցին:

 

Թեմայի վերաբերյալ հիմնական  ելույթ ունեցան NDI կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ՝ Մայքլ Մըրֆին եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ՝ Ջեմմա Հասրաթյանը:

 

 

Անդրադառնալով կառավարման համակարգում և քաղաքական որոշումների ընդունման մակարդակում կանանց ներկայացվածության խնդրին Ջեմմա Հասրաթյանը, մասնավորապես,  նշեց, որ այս տեսակետից Հայաստանում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ:

 

 

«Հայաստանի Ազգային ժողովում կանայք այսօր կազմում են 8.6 տոկոս, ինչը բավականին ցածր ցուցանիշ է, իսկ ՏԻՄ-երում կանանց ներկայացվածությունը ընդամենը  6.2 տոկոս է, ընդ որում համայնքների ղեկավարների թվում կանայք ավելի քիչ են` հանրապետության 923 գյուղապետերից 24-ն է միայն կին»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով,  անհրաժեշտ է, որ կանայք և տղամարդիկ հավասար ներկայացված լինեն օրենսդիր և գործադիր իշխանությունում ու ակտիվորեն մասնակցեն որոշումների ընդունմանը` ներազդելով երկրի զարգացման գործընթացների վրա:
«Եթե տղամարդիկ առավել ակտիվ կարող են խոսել երկրի պաշտպանությանը վերաբերող հարցերի մասին, ապա կանայք` սոցիալական և մշակութային հարցերի: Միայն  երկու սեռերի տեսակետների համադրումը հնարավորություն կտա ավելի ճիշտ որոշումներ եւ  օրենքներ ընդունել»,- ընդգծեց նա, նշելով, որ որոշումների մակարդակում առկա  անհավասարությունը խանգարում է կանանց կարծիքները եւ մոտեցումները հաշվի առնել:

 

 

Դրա հետ մեկտեղ,  զեկուցողի կարծիքով, Հայստանում վերջերս  որոշ տեղաշարժեր են արձանագրվել: Ըստ նրա` Արևելյան գործընկերության միջոցառումների ծրագրում ներառված երկու փաստաթղթերը մեծ դերակատարում ունեցան այս գործընթացի դրական տեղաշարժերի իմաստով. մեկը գենդերային քաղաքականության պետական հայեցակարգն է , մյուսը «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման  մասին» օրենքի նախագիծը.
«Առաջին ընթերցումն անցած  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրինագծի վերջնական ընդունմամբ հնարավորություն կստեղծվի բոլոր ոլորտներում հավասարակշռել կանանց և տղամարդկանց մասնակցությունը»,- համոզմունք հայտնեց  Ջեմմա  Հասրաթյանը, ով նաև ակտիվ մասնակցություն է ունեցել այդ օրինագծի ստեղծման ու մշակման գործընթացում:
Հիշեցնենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011 թ. մայիսին որպես Արեւելյան գործընկերության խորհրդարանական բաղկացուցիչ: Դրա հիմնական նպատակն է հզորացնել կապերը Եվրոպական Միության եւ Արեւելյան Եվրոպայի նոր հարեւանների’ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ կապերը:

 

 

Դիտումների քանակը` 2475

Վերադառնալ վերև