Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր

Հունիսի 20-ին Փախստականների համաշխարհային  օրվա  կապակցությամբ  Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն  հանձնակատարի հայաստանյան  գրասենյակում   տեղի ունեցավ  «Երկխոսություն լրագրողների հետ»   կլոր սեղանը, որը   «Մենք  կանգնած են փախստականների կողքին» քարոզարշավի  մաս  է  կազմում:  

 

Լրագրողների հետ  հանդիպման  ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան  գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն անդրադառնալով Սիրիայում  տիրող  հակամարտության  և Հայաստանի վրա դրա  ազդեցության խնդրին փաստեց, որ միջազգային հանրության մշտական վերահսկողության և  կիրառած ջանքերի պարագայում անգամ խաղաղությունն այդ  գոտում  չի վերականգնվում:

 

–         Փոխարենը  վերջերս  Հալեպում  տեղի ունեցած մարտական  գործողությունները հանգեցրին  նոր զոհերի և  տառապանքերի անգամ  քաղաքացիական   բնակչության  շրջանում: Սիրիական  հակամարտության  գոտիներից մարդկանց  փախուստը շարունակվում է չնայած անվտանգ  գոտի և ավելի խիստ պաշտպանական  միջավայրմուտք  գործելու  մարտահրավերների հետ  առերեսմանը:  ՀԿ գործընկերները զեկուցել են մոտ 550 կարիքավոր սիրիահայերի մասին, ովքեր աջակցություն են  փնտրում  Հայաստան  հասնելու համար: ՄԱԿ ՓԳՀ-ն  և իր գործընկերները, նրանց  ժամանելուն  պես,  պատրաստ են  առաջարկելու նախնական  մարդասիրական  օգնություն`  տրամադրելով  բնակարանների վարձի մասնակի փոխհատուցման գումար,- ասաց Քրիստոֆ Բիրվիրթը:

 

Անդրադառնալով ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության  սրման արդյունքում սկիզբ առած  նոր արտագաղթի  իրողությանը, պարոն  Բիրվիրթը նշեց, որ տեղահանված  բնակչության  ճնշող  մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր, հղի կանայք և կերակրող մայրեր, հիվանդ և հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որ տեղահանված ընտանիքների մեծամասնությունը հյուրընկալվել են իրենց հարազատներին կամ ընկերներին, որոնք, նույնպես ունեն սոցիալական խնդիրներ:

 

Հայաստանյան գրասենյակի ղեկավարն ասաց, որ ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած 1400 մարդու աջակցություն են ցուցաբերել: Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ու Հռոմի պապի այցելությունից հետո, լարվածությունը կթուլանա:

 

 

Կարևորելով «Մենք  կանգնած ենք  փախստականների կողքին» կարգախոսի նշանակությունը, Քրիստոֆ Բիրվիրթը մեկ անգամ ևս ընդգծեց պետության, հասարակության կողմից փախստականներին ցուցաբերվող աջակցության, փոխըմբռնման  և համերաշխության անհրաժեշտությունը:

 

 

–          Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում փախստականներն  իրենց  նկատմամբ փոխըմբռնման, համերաշխության  և աջակցության  կարիք ունեն: Նրանց օգնության ձեռք մեկնողների  շարքերում  են  այն  ընտանիքներին, ովքեր հյուրընկալում են ԼՂ-ից  տեղահանված իրենց  բարեկամներին, ով  հարևանությամբ  բնակվող Սիրիայից  կամ  մեկ այլ  երկրից  տեղահանված  ընտանիքին  օգնության  ձեռք է  մեկնում, այն  բարերարին, ով  անվճար կամ  ցածր վարձակալության  վճարով  տրամադրում է  իր բնակարանը:

 

 

Պարոն Բիրվիրթն իր  խորին  շնորհակալությունը հայտնեց փախստականներին աջակցություն տրամադրելու գործընթացում բոլոր  ներգրավվածներին և կոչ արեց, որ յուրաքանչյուր ոք իր ուժերի ներածին  չափով  և միջոցներով շարունակի մարդասիրական  աջակցությունը: «Օրենքերը, ընթացակարգերը և աջակցության  մեխանիզմները անշուշտ կարևոր են, սակայն  հյուրընկալ  հասարակության վերաբերմունքն է, որ ջերմության զգացում է  փոխանցում    փախստականին  և թույլ տալիս գտնել  իր նոր տունը»,- ասաց Քրիստոֆ Բիրվիրթը, կարևորելով  նաև զանգվածային  լրատվամիջոցների  դերը հանրության  շրջանում  փախստականների ինտեգրմանը  նպաստելու    գործում:

 

Այնուհետև ՄԱԿ ՓԳՀ-ի հանձնակատարը  պատասխանեց լրագրողների հարցերին: WomenNet.am-ի հարցին, թե  միջազգային  հանրության  կողմից  ինչպիի  արձագանք ունեցան  փախստականների, այդ թվում  երեխաների,  օրգանների  վաճառքի եւ այլ տառապանքների մասին վերջերս հրապարակված  աղմկահարույց  լուրերը, պրն. Բիրվիրթը պատասխանեց.

 

–         Դեռ ինչքան տառապանք անհրաժեշտ կլինի, որ կողմերը գան համաձայնության…Ցավոք, ողջ աշխարհում կան փախստականներ, որոնք ենթարկվում են թրաֆիքինգի, սեռական բռնության և  այլ չարաշահումների և որպեսզի կանխվի նմանատիպ քրեական ցանցերի գործունեությունը, ամեն մի երկրի իշխանություն պետք է ունենա փախստականների պաշտպանության գործուն մեխանիզմներ, որպեսզի փախստականը կարողանա հանգիստ տեղաշարժվել, գրանցվել, այլ ոչ թե թաքնվի կամ ենթարկվի նման զարհուրելի ողբերգության:

 

Միջոցառման ավարտին ցուցադրվեցին կարճ տեսանյութեր երգչուհի Զարուհի Բաբայանի մասնակցությամբ, ով  որպես  ՄԱԿ ՓԳՀ  հայաստանյան գրասենյակի  բարի կամքի դեսպան  մեկ անգամ  ևս կարևորեց  օրվա  կարգախոսը` կոչ անելով    կառավարությանը և հասարակության  յուրաքանչյուր անդամին  «Կանգնել  փախստականների կողքին»:  Երկրորդ  տեսահոլովակը  սիրիացի փախստական ընտանիքի` Սյուզի և Նժդեհ Պետրոսյանների մասին էր, ովքեր Հայաստանում  լինելով ապահով և պաշտպանված և ստեղծելով իրենց փոքրիկ բիզնեսը, այնուամենայնիվ Սիրիայում խաղաղության  հաստատման  դեպքում կվերադառնան ծննդավայր:  Երրորդ  տեսաֆիլմը  Ուկրաինայից    եկած Լինա եւ Վլադիմիր Պոտապովների ընտանիքի  մասին է, ովքեր ապաստան են գտել Հայաստանում :

 

Անուշ Ներսիսյան

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

«Ճգնաժամի եւ նոր կյանքի մաքառման հինգ տարին»

« Նրանք փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն »… / տեսանյութեր

«Աշխարհը չի կարող պասիվորեն հետևել՝ ասես թե անկարևոր կյանքեր են կորսվում…»

Փախստականի համաշխարհային օրվա ուղերձները

Իսկ Դուք կանգնա՞ծ եք Փախստականների կողքին / տեսահոլովակ

 

Դիտումների քանակը` 1867

Վերադառնալ վերև