Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«64 կանանց կերպար եւ միայն մեկ կին, ում ոչ ոք չի ծեծում, նվաստացնում…»


Կանանց ինչպիսի՞ կերպարներ, ընտանիքի ի՞նչ մոդելներ են մատուցում հեռուստադիտողին հայկական սերիալները, – այս հարցերի պատասխանները փորձեցին պարզել Ռեգիոնալ հետազոտությունների եւ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնների երիտասարդ անդամները: Հետազոտության նախնական արդյունքների շուրջ է մեր զրույցը նրանց հետ:

 

«Բոլորս ասում ենք, որ սերիալները վատն են, բայց մենք որոշեցինք այդ հարցին կոնկրետ փաստերով եւ թվերով պատասխանել», – ասում է Լիլիթ Գրիգորյանը, ով մի խումբ երիտասարդների հետ նախաձեռնեցին ամենամեծ լսարան ունեցող սերիալներից չորսի` «Աննա 2», «Անուրջներ», «Դժվար ապրուստ», «Հրեշտակների դպրոց» ուսումնասիրությունը: Դիտարկում էին պատահական ընտրանքի սկզբունքով :
Լիլիթ. « Առաջին ընդհանրությունը մեր դիտարկած սերիալներում այն էր, որ կանանց կերպարները բոլորը տխուր են, ընկճված, տանջված: Նույնիսկ այն տեսարաններում, երբ կինը պետք է զայրանա, նա, սովորաբար լաց է լինում: Կյանքի ամեն իրավիճակի նրա արձագանքը լացն է: Լինում են դեպքեր, երբ, օրինակ, «Աննա» սերիալում կնոջ նկատմամբ չկա բռնություն որեւէ մեկի կողմից, բայց նա միեւնույն է զոհի դերում է հանդես գալիս՝ այս անգամ էլ, կյանքի դժվարություններն են նրան «ծեծում»: Մի խոսքով ՝ չորս սերիալներում էլ գերակշռում են տխուր և լացող դեմքերը, ծիծաղը որպես էմոցիա գրեթե բացակայում է, սովորական ժպիտն էլ կնոջ դեմքին հազվադեպ երեւույթ է:
Արմեն Սեյրանյան.« Կյանքը տխուր է, այսպիսին է «Անուրջներ» սերիալի հոգեվիճակը: Կնոջ կերպարների 74%-ը դեպրեսիայի մեջ են կամ ուղղակի լացում են»:
Լիլիթ Բադալյան Կինը այստեղ միայն սահմանափակվում է ընտանիքով, անում է տան գործեր, նրա խոսքը միշտ երկրորդ պլանում է…»
Դիտարկման արդյունքներով` բռնության տեսարանների քանակով առաջին հորիզոնականում «Հրեշտակների դպրոցն» է` 10-ը ֆիզիկական, 2 սեռական և 21 հոգեբանական բռնության դեպքեր:
Լիլիթ ԳրիգորյանՍկզբից, երբ նայում էինք առաջին երկու սերիաները, ապա ամեն մի գոռալը, ապտակը համարում էինք բռնություն և արագ նշումներ էինք կատարում մեր աղյուսակում, բայց մորավորապես 10 սերիա դիտելուց հետո , արդեն ընտրողաբար էինք մոտենում, մեր աչքին սկսել էր այդ ամենը սովորական դառնալ, շատ դիպվածներ մեզ համար բռնություն այլևս չէր ընկալվում: Այսինքն, մենք՝ որպես հետազոտողներ զգացինք սերիալի բացասական ազդեցությունը նաև մեզ վրա: Այն էլ ընդամենը 20 սերիա դիտելով, իսկ մարդիկ նայում են բոլոր սերիաները, հաճախ նաև կրկնությունները»
Առանձնացնելով նաև բռնություն կատարողի կերպարը, նա հատկապես շեշտում է այն փաստը, որ «Դժվար ապրուստի» մեջ դրական հերոսն է ծեծում իր կնոջը:
«Եթե բացասական հերոսի արարքը հասարակությունը որպես բացասական երեւույթ է ընկալում, ապա դրական հերոսի նման պահվածքը` ուղղակի լեգիտիմացնում է բռնությունը կնոջ նկատմամբ, այն էլ այն միակ «արդարացմամբ», որ նա իբր չի սիրում իր կնոջը»
Սուրեն Հովակիմյան. «Հրեշտակների դպրոցն» իր տեսարաններով ավելի դաժան է: Մինչդեռ այն ուղղված է հենց դեռահասներին: Իմ կարծիքով, այն իրականությանը այնքան էլ չի համապատասխանում: Տասներորդցիներ, ողջ օրը դրսում թրև են գալիս, մեկը կռվում է գումարի համար, բոլորի ներկայությամբ ծեծում է մորը, հետո ընկերներին
Լիլիթ Գրիգորյան . «Այս սերիալում վեց ընտանիք է ներկայացվում. չորսում ամուսիններն են դավաճանում, մեկ ընտանիքում դավաճանողի դերում կինն է, մյուսում` երկուսն էլ միաժամանակ: Այսինքն չկա գոնե մեկ ամբողջական, նորմալ ընտանիքի մոդել»
Եվս մեկ հետաքրքիր բացահայտում էին կատարել երիտասարդները իրենց համար: Ի՞նչն է սերիալում համարվում դավաճանություն.
«Մի քանի սերիա դիտելուց, մեր ընկերներից` Արևիկը նկատեց, որ ի վերջո, մենք` որպես հետազոտողներ, երկակաի ստանդարտներ ենք կիրառում: Տղամարդու դեպքում դավաճանություն ենք համարում միայն սեռական հարաբերությունները, մինչդեռ կնոջ դեպքում` նախկին ընկերոջ հետ հանդիպումը, նրա հետ մեկ անգամ մեքենա նստելը…Հետո հասկացանք, որ ինչ-որ տեղ ֆիլմի ենթատեքստն է մեզ թելադրում: Այն վերարտադրում է այն կարծրատիպը, որը այսօև նույպես կա մեր հասարակությունում` կինը սրտով է դավաճանում, տղամարդը` ֆիզիկապես»:
Քրիստինե Գասպարյան. «Այսօր մեր սերիալներում պակասում է նորմալ կնոջ կերպարը, որը կարիերայի մեջ հաջողություն ունենալուն զուգահեռ ունի նաեւ նորմալ , երջանիկ ընտանիք: Այսինքն սովորական մարդու կերպար, որ գնում է աշխատանքի, իրեն ոչ ոք չի ծեծում, նվաստացնում… 64 կնոջ կերպար ենք դիտարկել և միայն մեկն է, որ մեր նշված կերպարին, կարծես թե, փորձում է նմանվել» :
«Աննա» սերիալում ներկայացված են 6 ղեկավարի պաշտոնում աշխատող կին, որոնցից միայն մեկն է ամուսնացած, 3 ամուսնալուծված են, 2-ը` միայնակ և այլ հարաբերությունների մեջ: Իսկ «Հրեշտակների դպրոց»-ում միայն 1 ղեկավար կին է ներկայացվում, ով նույնպես ամուսնալուծված է:
Լիլիթ Գրիգորյան. «Դժվար ապրուստի մեջ էլ կարմիր թելի պես մի գիծ է գնում. բոլոր որոշումները կայացնում են տղամարդիկ, կանայք երբեք ոչինչ ինքնուրույն չեն որոշում, անգամ ամուսնանալու, իրենց ապրելու վայրի…և այլ հարցեր: Ֆիլմը ունի 16 կին հերոս , որոնցից ընդամենը մեկն է աշխատում, այն էլ հրուշակեղենի խանութում: Հաճախ պատճառաբանում են, թե ներկայացնում ենք այն, ինչ իրականում կա. այո, միգուցե ղեկավար պաշտոններում կանայք իրոք Հայաստանում քիչ են, բայց այն, որ նրանք խղճուկ են, այդպես չէ: Հակառակը՝ միգրացիայի պայմաններում, հաճախ հենց կինն է իր վրա վերցնում ընտանիքի հոգսը եւ հաղթահարում բոլոր դժվարությունները»:
Երիտասարդները նշում են, որ սա իրենց հետազոտության միայն մի մասն է կազմում: Բացի քանակական վերլուծությունից, կատարվելու են նաև որակական հետազոտություն, վերլուծելու են կանանց կերպարները:
«Հետազոտության երկրորդ մասում էլ, ուզում ենք պարզել սերիալների ազդեցությունը մարդկանց վրա, քանի որ մեկ բան է` ինչ ենք տեսնում, մեկ այլ բան` ինչպես ենք արձագանքում: Հեռուստադիտողների համար կազմել ենք հարցաթերթիկներ: Անցկացնելու ենք նաև ֆոկուս խմբեր, քննարկումներ, հարցազրույցներ…
Մենք չենք ասում, որ պետք է ցույց տալ առանց խնդիրների ընտանիքներ, սակայն, եթե բոլոր ընտանիքներում միմյանց դավաճանում են, ծեծում, նվաստացնում, դա արդեն մտորելու առիթ է տալիս ՝ արդյոք այդպիսին է հայ հասարակությունը»…

 

Զրուցեց Լիլիթ Քոչինյանը

Դիտումների քանակը` 1953

Վերադառնալ վերև