Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ»…

 

 Դեռահասների հղիությունը հաճախ ավարտվում է աբորտով

 

«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ: Սկզբում չգիտեի՝ ի´նչ անել, չէի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ դա ինձ հետ է եղել, չէի կարողանում քնել, գիշեր-ցերեկ մտածում էի: Չէր հետաքրքրում՝ ի´նչ կլինի, երբ մայրս իմանա, երբ բոլորը իմանան, միայն մի բան էր պտտվում գլխումս. ես հիմա չեմ կարող երեխա ունենալ»,- հիշում է արդեն 18-ամյա Մարի Սարգսյանը:

 

 

Հղիության մասին առաջինն ընկերոջը պատմեց` օգնության ու մեղքի իր բաժինը կիսած լինելու հույսով, բայց տղան նորությունն իմանալուց ու աղջկան մեղադրելուց հետո վերջնականապես խզեց կապերը ու Սարգսյանին մենակ թողեց. «Մենք մի հարևանուհի ունենինք` ազատ վարքի տեր, որի հետ արգելված էր շփվել ոչ միայն ինձ, այլև շենքի մյուս ընկերուհիներիս, բայց բոլորս էլ միշտ հետևում էինք նրան, հիանում նրա հագուկապով, ազատությամբ»:  Սարգսյանը դիմեց ավելի փորձառու ու գիտակ հարևանուհուն և նրա բժշկի օգնությամբ ազատվեց երեխայից:

 

 

ՄԱԿ-ի իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանում սեռական կյանք սկսելու տարիքն իջել է և բարձրացել է ամուսնության և առաջին երեխա ունենալու տարիքը:

 

«Սա նաև ցույց է տալիս, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք երիտասարդների շրջանում վերարտադրողական առողջության ճիշտ դաստիարակությանը, քանի որ ռիսկային տարիքը ավելանում է»,- ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

 

Բժիշկները ևս փաստում են երիտասարդների` վաղ սեռական կյանքին անցնելու միտումի մասին: «Հայաստանում նման բան չկար, 13-14 տարեկան աղջիկներն արդեն սեռական կյանքով են ապրում»,- ասում է գինեկոլոգ Իրինա Ազարյանը:

 

Այս տեսանկյունից, ըստ հոգեբան Արմինե Վարդանյանի, մեր հասարակությունը մի տեսակ մարգինալ վիճակում է գտնվում. ո´չ ազատ է, ո´չ էլ հստակ հայկական- ավանդական` արժևորված ու պահպանված.

 

«Տասնամյակներ առաջ աղջիկները կվախենային այդ քայլին դիմելուց, որովհետև ոչ միայն ծնողները, այլև հենց միջավայրը իրենց չէր ընդունի: Հիմա նրանք ավելի ազատ են այդ հարցում, որովհետև դա ինչ-որ շրջանակներում ընդունելի է, նույնիսկ գովելի է ու մոդա»:

 

Այն սերունդը, որ հիմա դաստիարակում է այսօրվա երիտասարդներին, ապրել է մի ժամանակաշրջանում, երբ սեռական կյանքի թեման փակ էր և ամոթ, հետևաբար այժմ էլ իրենց համար` որպես ծնողների, դրա մասին խոսելն ընդունելի չէ:

 

«Նման պարագայում երիտասարդը վերցնում է գիտելիքը դրսում, փողոցում, ինտերնետից, վերցնում է այն գիտելիքը, որն իրեն հարմար է և մարսում իր ուզած ձևով,- բացատրում է հոգեբանը՝ ընդգծելով, որ այսօր նորմայի և պաթոլոգիայի սահմանը վերացել է: – Չկան կոնկրետ լուծումներ` ո´րն է ճիշտ դեռահասի համար՝ երեխա՞ն ունենալ, թե՞ աբորտ անել»:

 

2012-ին հրապարակված Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության տվյալներով` շուրջ 7000 տնային տնտեսություններում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ դեռահասների շրջանում հղիության արհեստական ընդհատման հաճախականության բարձրացում չկա.

 

«Մեր ավանդույթները շատ ուժեղ են, և սեռական հարաբերություններ սկսելու և ամուսնության տարիքը հիմնականում համընկնում են»,- համոզված է առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը` նշելով, որ դեռահասների գրանցված հղիություններն էլ հիմնականում առկա են ամուսնացած կարգավիճակ ունեցող աղջիկների մոտ:

 

Դեռահասների հղիության և աբորտների ցուցանիշը Հայաստանի համար պետք է լինի 2,1, այսինքն` 21 անչափահաս հղի 1000 կնոջ հաշվարկով: «Բայց վերջին հետազոտությունը ցույց տվեց մոտ 4 տոկոսից ավելի ցուցանիշ, ինչն էլ փաստում է, որ մենք այստեղ դեռ անելիք ունենք»,- ասում է Գարիկ Հայրապետյանը:

 

Աբորտի հասցրած վնասը միայն այն չէ, որ առաջին հղիությունն ընդհատող յուրաքանչյուր վեցերորդ կինը չի կարող երեխա ունենալ, հաստատված է նաև աբորտների անմիջական ազդեցությունը հետագա հղիությունների ընթացքի վրա, ապագա երեխաների առողջության և կենսունակության վրա: Դեռահասների դեպքում խնդիրն ավելի բարդ է, քանի որ նրանց օրգանիզմը զարգացման և կայացման փուլում է, հետևաբար` ավելի խոցելի:

 

«Ոչ ճիշտ տեղեկացված լինելու պատճառով երիտասարդ աղջիկները հղիանում են և դիմում են աբորտի, իսկ դա մեծ ռիսկ է պարունակում երկրորդային անպտղության համար: Մենք, որ առանց այդ էլ ունենք ծնունդների լուրջ անկում, չենք կարող թույլ տալ մեզ կորցնել այդ պոտենցիալը, որ առաջին հղիությունից և արհեստական վիժումից հետո կինը չկարողանա այլևս երեխա ունենալ»,- նշում է ընտանիքի պլանավորման կաբինետի վարիչ, գինեկոլոգ Դոնարա Ալագյոզյանը:

 

Վերջին հետազոտության արդյունքներով թեև աբորտների աճ չեն գրանցվում, բայց մի հետաքրքիր անհամապատասխանություն, այնուամենայնիվ, առկա է: «Մենք տեսնում ենք, որ աբորտների թիվն ընկնում է մոտ 100 տոկոսով, իսկ հակաբեղմնավորիչների թիվն աճում է 7 տոկոսով, բայց կենդանի ծնունդների թիվը առանձնապես չի աճում, ուրեմն ո՞ւր են կորչում այդ չաբորտները: Կա´մ ժողովուրդը չի զբաղվում սեքսով, կա´մ ինչ-որ տեղ մենք դա չենք գրանցում, և, ամենայն հավանականությամբ, հենց դեղորայքային աբորտն է»,- նկատում է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

 

Անցանկալի հղիության դեղորայքային ընդհատումը այլընտրանք է հղիության գործիքայինին` վիրահատականին: Այսօր դեղատներում վաճառվում են դեղեր, որոնց օգնությամբ կարելի է ընդհատել հղիությունը, ինչը, սակայն, կարող է հանգեցնել անցանկալի և վտանգավոր հետևանքների:

 

Ստամոքսի խոցի և այլ խնդիրներ ունեցող հիվանդների համար նախատեսված «Սայտոտեկ» դեղի վաճառքի պահանջարկը, ըստ դեղագործների, շատ է, բայց հստակ նշել, թե հատկապես ինչի´ համար են վերցնում այդ դեղը, նրանք դժվարանում են:

 

«Երբեմն գնորդներից և տրվող հարցերից պարզ է դառնում, թե ինչի համար են դեղը վերցնում, բայց դեղը ազատ վաճառքում է, և ես չեմ կարող չտալ»,- ասում է դեղագործ Լիլիթ Փչախչյանը: Նա վստահեցնում է, որ իրենք երբևէ դեղի օգտագործման սխեմա չեն տա անտեղյակ հիվանդին, անչափահասներին առավել ևս. «Մենք իրավունք չունենք անչափահասներին խորհուրդ տալ, ուղղորդել կամ վիժմանը նպաստող դեղեր վաճառել, բայց նրանք դրա ելքն էլ են գտնում»:

 

Աբորտը խոր հետք է թողնում կնոջ առողջության վրա թե´ ֆիզիոլոգիական և թե´ հոգեբանական առումով. առաջ են գալիս լուրջ խնդիրներ` հիմնականում մեղքի զգացում, ցածր ինքնագնահատական, խնդիրներ սեռական հարաբերություններում, և միակ դրական զգացողությունը, որ կարող է առաջանալ դեռահաս աղջկա մեջ աբորտից հետո, թեթևությունն է:

 

«Ես վստահ չեմ կարող ասել, թե արդյոք դեռահասներն ունենո՞ւմ են մեղքի զգացում, որովհետև երեխա ունենալուն պատրաստ չլինելու հանգամանքը քչերի մեջ կարող է առաջացնել մեղքի զգացում: Նրանք ուզում են ունենալ սեռական կյանք, բայց ոչ երեխա: Նրանց համար կարևոր է այդ պահին երեխայից ազատվելը, նրանք խորությամբ չեն ընկալում դրա ողջ իմաստն ու հետևանքները, հետևաբար մեղքի զգացումն էլ խոր չի լինում»,- ասում է հոգեբան Անահիտ Սահակյանը:

 

Դեռահասների շրջանում աբորտների թվի ավելացման պատճառը, ըստ բժիշկների և հոգեբանների, առաջին հերթին ընտանիքում և դպրոցում սեռական կյանքի ճիշտ դաստիարակության բացակայությունն է: 2008-ից դպրոցներում ներդրված «Առողջ ապրելակերպ» առարկան, որից հատուկ մաս հատկացվում է վերարտադրողական առողջությանը, այսօր պարտադիր առարկաների շարքում է: Մասնագետները նախաձեռնությունը դրական են գնահատում, կիրառումը՝ հարցեր առաջացնող:

 

Թիվ 176 դպրոցի տնօրեն Մարիամ Խաչատրյանը ճիշտ է համարում նման առարկայի մուտքը դպրոց, բայց երբեմն խնդիրներ են առաջանում աշակերտների ծնողների հետ.

 

«Ծնողները, ովքեր իրենց երեխաների հետ երբևէ չեն խոսել դրա և շատ ուրիշ տարրական հարցերի շուրջ, հիմա էլ դեմ են դպրոցում դրան անդրադառնալուն, ասում են՝ ինչո´ւ եք քնած առյուծին արթնացնում երեխայի մեջ,- ասում է տնօրենը: – Նրանք կարծես անտեղյակ են, թե ի´նչ է կատարվում փողոցում ու դպրոցում, և ի´նչ ինֆորմացիայի են տիրապետում իրենց երեխաները»:

 

Անի Եղիազարյան

 

Աղբյուրը՝  Medialab.am

 

Կարդացեք այս թեմայի  շուրջ  մեր կայքում.

Դեռահաս աղջիկների հղիության խնդիրը աշխարհում և Հայաստանում

 

 

Անչափահասների հղիության հարցը գլոբալ ուշադրություն է պահանջում

 

 

Այսօր առաջին անգամ նշվում է Աղջիկների միջազգային օրը/ վիդեո

 

Դիտումների քանակը` 5926

Վերադառնալ վերև