Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«1915 թվականի կնոջ դեմքը»

Ստամբուլի «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամում, մարտի 16-ին, Թուրքիայի լրագրողներից, փաստաբաններից և մարդու իրավունքների պաշտպաններից բաղկացած նախաձեռնող խումբը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ համաժողով էր կազմակերպել «2015թ-ից 1 պակաս. մեր անցյալն ու ապագան» խորագրով:

 

Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, գիտաժողովի առաջին նիստը կրում էր «1915 թվականի կնոջ դեմքը» խորագիրը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության ժամանակ բռնության ենթարկված կանանց խնդիրներին: Ցեղասպանության մոռացված կամ անտեսված այս երեսի շուրջ վերջերս կարևոր ուսումնասիրություններ են կատարվում, որոնք ի հայտ են բերում նոր փաստեր: Ուսումնասիրությունները հրապարակ են հանում հայ կանանց` դժվարություններով լեցուն և մոռացված պատմությունները:

 

Նիստի ժամանակ բանախոսներից Գայուշ Չալըքման Գավրիլովն իր ընտանիքի պատմության օրինակով անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց ու աղջիկների կրած տառապանքներին: Բանախոսը նշեց, որ այս կանայք վախի կամ ամոթի արդյունքում խուսափում էին խոսել իրենց անցյալի, արմատների մասին: Ցեղասպանության այս տրավման նրանցից ոմանք կարողացան հաղթահարել և խոսել իրենց թոռների կամ երեխաների հետ:

 

Գ. Չալըքմանն անդրադառնալով այսօր կանանց իրավունքների պաշտպանությանն ուղված պայքարին` հայտնեց. «Երբ այսօր Ստամբուլի փողոցներ ենք դուրս գալիս և պաշտպանում բռնաբարված երեխաների ու կանանց, երիտասարդ տարիքում բռնի ամուսնացված աղջնակների իրավունքը, ես այս պայքարի շրջանակներում բարձրաձայնում եմ նաև բռնության ենթարկված այդ հայ կանանց բողոքը»:

 

Բանախոսը հետաքրքիր դիտարկում կատարեց նաև ցեղասպանություն վերապրած երեխաների գենետիկ հիշողության, հայկական սովորույթներն ու ավանդույթները ենթագիտակցական մակարդակով պահպանելու և առօրյայում ծածուկ կիրառելու վերաբերյալ. «Շատ եմ մտածել, թե 6 տարեկան երեխան ինչպե՞ս կարող էր հիշել և հետագայում, մոր պես, չյորեք (Զատկվա խմորեղեն-Ակունքի խմբ.) պատրաստել: Կարծում եմ` հայ ընտանիքները, վտանգված գոյության ենթագիտակցական բնազդով, շատ վաղ տարիքից իրենց երեխաներին փոխանցում են շատ մեծ գենետիկ ինֆորմացիա մեր սովորույթների, մշակույթի մասին»:

 

Բանախոսներից Գյուլչիչեք Գյունել Թեքինը, անդրադառնալով ցեղասպանության ժամանակ քրդական գործոնին, նշեց, որ անշուշտ Մարդինում, Բաթմանում, Դերսիմում և մյուս հայաբնակ վայրերում քրդերը կազմակերպված կամ ոչ համակարգված կերպով մասակցել են հայերի կոտորածին, և այս փաստն այսօր ընդունում են նաև քրդերը, որի համար ներողություն են խնդրում: Ըստ բանախոսի` սակայն չպետք է մոռանալ, որ բազմաթիվ քրդեր, թուրքեր, արաբներ և այլ մուսուլման բնակիչներ նաև փրկել ու տեր են կանգնել այդ երեխաներին ու կանանց: Հետևաբար չպետք է կատարածի համար մեղադրել և դատապարտել մի ողջ ժողովրդի: Ի պատասխան բանախոսի դիտարկմանը՝ լսարանից մեկն իրավացիորեն նկատեց, որ եթե անգամ այս երեխաներին ու կանանց փրկել են, միևնույն է` նրանք այլեւս ալեւիացվել, քրդացվել և թրքացվել են, այսինքն՝ հայկական արմատներից պոկվել են, ինչն արդեն իսկ համարվում է ցեղասպնություն:

 

Հոդվածը ամբողջությամբ՝   Akunq.net 

Դիտումների քանակը` 3193

Վերադառնալ վերև