Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

«Երբ քոլեջի ուսանող էի, մեզ տարան հիվանդանոց, պետք է տեսնեինք, ոնց են աբորտ անում: Երբեք չեմ մոռանա, արդեն ձևավորված ոտիկները, աղիները… Հետո ուշաթափ եմ եղել: Մինչև էդ  ծննդաբերության էինք մասնակցել: Կինը ճգնում էր, թևս ուժեղ բռնած սեղմում, երեխա լույս աշխարհ բերելու համար: Այս տեսարանից հետո հատկապես չեմ կարող հասկանալ, ներել աբորտ անող կնոջը»,-ասում է 30-ամյա Լիլիանը, ով ամուսնացած չէ: Ուսումն ավարտելուց հետո մանակաբարձ չդարձավ, հիմա այլ աշխատանք ունի, նաև դասավանդում է երևանյան բուհերից մեկում…

 

«Աբորտը համարում եմ մարդասպանություն: Ի՞նչ տարբերություն երբ ես մարդուն սպանում, նոր սաղմնավորված վիճակում, թե ավելի ուշ: Հանցագործություն է, բարոյական առումով անընդունելի»,-ասում է բարձրագույն կրթությամբ Լարիսան, ով մեկ երեխա ունի…

 

Ո՞ր կանայք են առավել հաճախ դիմում աբորտի

Այս հարցի պատասխանն է տալիս վերջերս ամփոփված «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2010» զեկույցը,  որը  պատրաստվել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, Առողջապահության նախարարության, Ազգային վիճակագրական ծառայության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ անցկացված ուսումնասիրությունների ու հարցումների  հիման վրա:

 

Ըստ զեկույցի Հայաստանում ավելի հաճախ հղիության արհեստական ընդհատման դիմում են կրթական ցածր մակարդակ ունեցող կանայք: «Բարձրագույն և հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում աբորտների ցուցանիշն ավելի ցածր է, քան այլ կրթություն ունեցող կանանց մոտ: Հատկանշական է, որ աբորտների ամենացածր ցուցանիշը գրանցվել է բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում (20 տոկոս): Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ բարձրագույն  կրթություն ունեցող կանանց շրջանում, ովքեր օգտագործում են պտղաբերության հսկման ավելի փորձված և վստահելի մեթոդներ, անցանկալի հղիություններն ավելի քիչ են տարածված»,- նման եզրահանգման են եկել զեկույցի հեղինակները:

 

Զեկույցի արդյունքների համաձայն 15-19 տարիքային խմբում աբորտները 10 տոկոս են կազմում, 20-24 տարիքային խմբում` 18 տոկոս, 25-34 տարիքային խմբում` 39 տոկոս:

Գոյություն ունի նաև ուղիղ համեմատական կապ երբևէ ունեցած աբորտների և կենդանի երեխաների թվաքանակի միջև: Ի տարբերություն մեկ երեխա ունեցող կանանց 17 տոկոսի, երեխա չունեցող կանանց 1 տոկոսից քիչն է ունեցել աբորտ: Նույն ցուցանիշը 2-3 երեխա ունեցող կանանց շրջանում կազմել է 58 տոկոս և 4 կամ ավելի երեխա ունեցող կանանց շրջանում` 56 տոկոս:

 

 

Ինչպիսի՞ն է աբորտների թիվը Հայաստանում:

Վերջին տասը տարիների ընթացքում աբորտով ավարտված հղիությունների մասնաբաժինը նվազել է՝ ՀԺԱՀ 2000-ի արդյունքում գրանցված 55 և ՀԺԱՀ 2005-ին` 45 տոկոսից մինչև ՀԺԱՀ 2010-ին արձանագրված 29 տոկոս ցուցանիշը:

 

Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, մեկնաբանելով մեր խնդրանքով այս ցուցանիշները նշում է, որ  աբորտների նվազումը մասամբ պայմանավորված է վերջին տասը տարիների կտրվածքով հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտագործման մակարդակի աճով և նույն ժամանակահատվածի կտրվածքով՝ հակաբեղմնավորման ավանդական մեթոդների օգտագործման նվազմամբ:

 

 

Նա կարևորում  այս առումով նաև խորհրդատվական ինստիտուտի կայացումը: «Արևմտյան երկրներում շատ բարձր մակարդակի է խորհրդատվական ծառայությունը, ցանկացած կին ունի էդ սովորույթը, մշակույթը: Որևէ քայլ անելիս խորհրդակցում են բժշկի հետ: Մեզ մոտ ցավոք սրտի դեռ նման բան չկա»,-նկատում է Գ. Հայրապետյանը:

 

 

«Մենք բավականին մեծ խնդիր ունենք իրազեկման բարձրացման առումով, որովհետր մեզանում կա մի կանխավարկած, որ հակաբեղմնավորման հաբերը վնասակար են առողջությանը: Այստեղ շատ կարևոր է պետության դերը, որն իր վրա դեռ չի վերցրել պարտավորությունը` աղքատ խավի կանանց տրամադրել հակաբեղմանվորիչներ: Կարծում եմ, արդեն ժամանակն է, որ պետությունն իր վրա վերցնի այդ պարտավորվածությունը»,- նշում  է Հայրապետյանը, հղում անելով զեկոյցում զետեղված բավականին խոսուն թվերի վրա:

 

 

Ըստ  այդ թվերի  երբևէ աբորտի դիմած կանանց գրեթե 2/3-ն իրենց կյանքի ընթացքում ունեցել է 1-ից ավելի աբորտ: Երբևէ աբորտի դիմած կանանց 47 տոկոսն ունեցել է 2-3, իսկ 12 տոկոսը` 4-5 աբորտ: Կանանց 5 տոկոսն ունեցել է 6 կամ ավելի աբորտ:

 

 

«Ենթադրվում է, որ այս կանանց շրջանում աբորտները հանդիսացել են պտղաբերության վերահսկման հիմնական մեթոդը: Այս հարցի շուրջ ևս նկատելի է նշանակալի տարբերություններ ըստ մարզերի, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արմավիրում և Կոտայքում (10-11 տոկոս), իսկ ամենացածրը՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում (1 տոկոս և ավելի պակաս): Երբևէ աբորտ ունեցած կանանց շրջանում մեկ կնոջ հաշվով աբորտների միջին թիվը կազմել է 2.4»,-նշվում է զեկույցում:

 

 

Անդրադառնալով հղիության արհեստական ընդհատման բացասական հետևանքներին Հայրապետյանը փաստում է. «Առաջնային անպտղության ցուցանիշը Հայաստանում ընդամենը 4% է: Երկրորդային անպտղության /երբ կինն ունի երեխա, ցանկանում է ունենալ ևս երկրորդ երեխա/ ցուցանիշը 15 տոկոս է, այն առաջանում է կամ սեռավարակից կամ էլ աբորտից»:

 

 

Իսկ գուցե՞ արգելել աբորտները

 

…45-ամյա Նարինեն, ով արդեն դպրոցն ավարտած երկու տղա ունի ու որևէ անգամ աբորտի չի դիմել, մեզ հետ զրույցում ասաց, ինքը կողմ է, որ օրենքով արգելվի հղիության արհեստական ընդհատումը:

 

Հայաստանյան օրենսդրությունը մինչև 12 շաբաթական հղիությունը չի արգելում աբորտը, իսկ դրանից հետո թույլատրվում է աբորտ անել, եթե մոր կամ պտղի կյանքին վտանգ է սպառնում, մեկնաբանոմ է մասնագետը:

 

«Փառք աստծո, Հայաստանում արհեստական վիժումը օրենքով թույլատրված է մինչև 12 շաբաթականը: Դա է պատճառներից մեկը, որ վերջին 10-12 տարվա ընթացքում արհեստական վիժումից ոչ մի մայրական մահացություն չի եղել: Մենք ունենք շատ զարգացած երկրների օրինակներ, որտեղ արգելված է աբորտը, հատուկ չարտերային թռիչքներ են լինում հարևան երկրներ, կանայք հարևան երկրում են անում աբորտը: Դրանք հայտնի են «աբորտային թռիչքներ» անունով: Կամ էլ անում են անօրինական ձևով, պադվալներում, հակահիգիենիկ պայմաններում, ինչը բերում է մահվան դեպքերի»,- պարզաբանեց  Գարիկ Հայրապետյանը:

 

 

Որո՞նք են պատճառները

Աբորտները, ըստ մասնագետի, հիմնականում երկու պատճառ ունեն` սոցիալ-տնտեսական ու սեռի սելեկտիվ ընտրություն: Հայաստանում սոցիալ-տնտեսական պատճառը հիմնականն է, նշում է Հայրապետյանը:

 

Ըստ հետազորության  արդյունքների` այլևս երեխա չունենալու կնոջ ցանկությամբ է պայմանավորված եղել աբորտների 39 տոկոսը: Աբորտների 15 տոկոսը հետևանք է եղել սոցիալ-տնտեսական պատճառների կամ հաջորդ երեխայի ծնունդը հետաձգելու ցանկության: Ինն աբորտներից մեկը հրահրվել է մոր առողջության վերաբերյալ մտավախության պատճառով (11 տոկոս): Աբորտների 9 տոկոսի պատճառ հանդիսացել է պտղի սեռը: Պտղի սեռի պատճառով աբորտի դիմած կանանց մեծամասնությունը (8 տոկոս) ցանկանում էր տղա երեխա ունենալ: Ինչպես երեխա ունենալու վերաբերյալ զուգընկերոջ անհամաձայնությունը, այնպես էլ զարգացման արատով երեխա ծնվելու վտանգը դարձել են ցուցում կատարված աբորտների 4 տոկոսի համար:

 

Գարիկ Հայրապետյանի դիտարկմամբ սեռով պայմանավորված աբորտների 30 տոկոսը պայմանավորված է տղա ունենալու ցանկությամբ, իսկ 0.8 տոկոսը` աղջիկ ունենալու:

 

Սեռով պայմանավորված աբորտները նվազեցնելու համար պտղի սեռը հայտնելու արգելքի վերաբերյալ նա  նշում է, որ կտրականապես արգելելն էլ լուծում չէ, քանի որ դա կբերի կոռուպցիոն ռիսկերի:

 

«Այստեղ կարևոր է ոչ թե արգելքը, այլ մեխանիզմներ մտածելը, ավելի շատ պետք է աշխատել ազգաբնակչության ենթագիտակցության վրա, որ աղջիկ երեխայի արժեքը չպետք է ավելի ցածր լինի մեր հասարակությունում, քան տղա երեխայինը: Եթե մենք ասում ենք, մեր ազգին պետք են զինվորներ, մենք չպետք է մոռանանք, որ այդ զինվորները ծնող մայրեր են պետք: Այսօր մենք արդեն 0-19 տարեկանների խմբում 50 հազարով ավելի տղա կա»,-ասում է Գարիկ Հայրապետյանը:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք  նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

 

 

 

 

 


 

 

 

Դիտումների քանակը` 5583

Վերադառնալ վերև