Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ազատ դեմոկրատները» ընտրական ցուցակներում  սեռերի 30/70 համամասնության կողմնակից են

Ընտրական օրենսրգրքում փոփոխությունների շուրջ քննարկումներն ընթանում են ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ուժերի հետ: Եվր դրանք ևս իրենց առաջարկներն են ներկայացրել հանձնաժողովում, որոնք առնչվում են նաև քվոտավորմանը: Մասնավորապես, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջարկել է ամրագրել սեռերի 30/70 համամասնությունը:

 

 

Հանձնաժողովին ուղղված առաջարկության փաթեթի 7-րդ կետում ասվում է. «Հանել ՀՀ Ընտրական օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթներում ընդգրկված 144-րդ հոդվածի 14-րդ մասը, որում սահմանված է կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակում սեռերի համամասնությունը և կիրառել ՀՀ ԸՕ-ի 83-րդ հոդվածի 4-րդ մասը, որում սահմանվում է 30/70  տոկոս համամասնություն համապետական ընտրական ցուցակում ընդգրկված  յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների համար»։

 

 

WomenNet.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց, որ կանանց մասնակցությունն երաշխավորող քվոտավորման պահանջը մշտապես եղել է իրենց կուսակցության կողմից կարևորվող հարցերից մեկը և իրենք 2016 թվականին էլ են  այդ առաջարկով հանդես  եկել:

 

 

«Իհարկե կատարյալ կլիներ, որ առանց օրենքի պահանջի և քվոտավորման քաղաքական ուժերը քաջալերեին կանանց քաղաքական մասնակցությունը և կանայք վստահ լինեին, որ իրենց մասնակցությունը քաղաքական գործընթացներին ոչ թե սահմանափակվելու է հանձնաժողովներում ու շտաբերում աշխատանքով, այլ նաև կկարողանան առավել բարձր պաշտոններ գրավել։ Սակայն քանի դեռ դա չի արվում, օրենքով քվոտա պարտադրելը դեռևս միակ լուծումն է»,- նշեց նա։

 

 

Միևնույն ժամանակ Անժելա Խաչատրյանը նշեց, որ սրան զուգահեռ պետք է նաև հասկանանք, որ արհեստականորեն ու շեշտակի այդ քվոտան բարձրացնելով խնդիրներ են ստեղծվում կուսակցությունների համար, քանզի «բոլորս շատ լավ գիտենք, որ օբյեկտիվ պատճառներով ՀՀ-ում կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ մեծ չէ և դա մեծամասամբ կախված է հենց կանանց նախընտրություններից»։ Այնպես որ, նրա խոսքով, 30/70-ը այս պահի համար ո՛չ չափազանցված, ո՛չ էլ նվազեցրած քվոտա է.

 

 

«Չպետք է քվոտան լինի գլխացավանք և ստացվի այնպես, որ կուսակցությունները իրենց ցուցակներում ստիպված գրեն կանանց, միայն թե ընտրական ցուցակը գրանցվի ԿԸՀ-ում»,- ընդգծեց նա՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ կանանց շահերի պաշտպանության կազմակերպությունները Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրությունների համար ԸՕ-ում առաջարկում էին  բարձրացնել քվոտան ՝ սահմանելով առնվազն  40/60 համամասնությունը։

 

 

«Ես ինքս, որպես երիտասարդ կին քաղաքական գործիչ, միշտ շեշտել եմ, որ թե՛ կանանց, թե՛ երիտասարդների քաղաքական մասնակցության խթանումն ու նրանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում պետք է լինի ոչ թե միմիայն տարիքով կամ սեռով պայմանավորված, այլ նրանց կողմից բերվող որակական հատկանիշներով, թե որքանով են նրանք պրոֆեսիոնալ ու ունակ նոր գաղափարներ ու մոտեցումներով բերել իրենց քաղաքական թիմ»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

 

 

Ինչ վերաբերում է կուսակցության առաջիկա պլաններին, ապա այս պահին քննարկվում է «Ազատ դեմոկրատների» մասնակցությունը նաև Երևանի ավագանու ընտրություններին: Մասնավորապես, այժմ քննարկման փուլում են մասնակցության ձևի, ինչպես նաև ցուցակի ձևավորման ու քաղաքապետի թեկնածուի հետ կապված հարցերը: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ իրենց ցուցակը ևս կին թեկնածու գլխավորի, նման քննարկում կա՞ մեր զրուցակիցը նշեց.

 

 

«Մենք թեկնածուները քննարկելիս ավելի շատ հիմնվում ենք այն հանգամանքի վրա, թե որքանով է այդ անձը տիրապետում Երևանի խնդիրներին, որքանով կկարողանա իրացնել իր վրա դրված այդ կարևորագույն առաքելությունը։ Դրանք են առաջնային, և եթե այդ դերում տեսնենք կնոջ, ապա ցուցակը կին կգլխավորի, տեսնենք տղամարդու՝ ապա մեր թեկնածուն կլինի տղամարդ»։

 

 

Նշենք, որ այս պահի դրությամբ հայտնի է, որ առնվազն երկու կին կպայքարի Երևանի քաղաքապետի պաշտոնի համար՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: Այլ անուններ ևս շրջանառվում են ոչ պաշտոնական տիրույթում:

 

Լիա Խոջոյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Կառավարական հանձնաժողովը հակված է  կյանքի կոչել 30/70 համամասնությունը սահմանող քվոտան

«Քվոտան պետք է բարձրանա». քննարկում կառավարությունում ընտրական բարեփոխումների շուրջ

Պատգամավորներն առաջարկում են կիրառել  33%-անոց քվոտան արտահերթ խորհրդարանական  ընտրություններում

Բաց նամակ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ

«Ազատ դեմոկրատները» ընտրական ցուցակներում  սեռերի 30/70 համամասնության կողմնակից են

«Բաց ցուցակները կանանց մասնակցության ամենամեծ խոչընդոտն են»

Միացե՛ք. Բաց նամակ ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ

Դիտումների քանակը` 687

Վերադառնալ վերև