Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ԱԺ ընտրություններ. Որքան քվեներ ապահովեցին կին թեկնածուները Երևանում

Խորհրդարանական ընտրություններն արդեն հետևում են: Հաղթողները հայտնի են, պարտվողների համար պատճառները՝ ուսումնասիրելու ենթակա: Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ  քաղաքական ուժերից միայն մեկը ՝ ՀՅԴ-ն իր  չմասնակցելու մասին անկեղծ հիմնավորմամբ հանդես եկավ  .  «Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքում Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները …  ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին»: Ընտրություններին չմասնակցելու որոշում կայացրած մյուս կուսակցությունները իրական  պատճառները չմանրամասնեցին՝  բավարարվելով  իրենց որոշման մասին հայտարարություններ տարածելով:

 

Ինչևէ, մինչ պաշտոնապես հայտնի կլինեն ավագանու ընտրությունների մասնակից  թեկնածուների անունները, WomenNet.am-ը վերլուծել է, թե Երևանն ընդգրկող չորս ընտրատարածքներում ինչ արդյունքներ գրանցեցին քաղաքական ուժերը, և այդ ուժերի համար որքան  քվեներ ապահովեցին տարածքային ցուցակներում ընդգրկված կանայք:

 

Երևանն ընդգրկող 4 ընտրատարածքներում 9 քաղաքական ուժերի տարածքային ցուցակներում ընդգրկված է եղել 133 կին թեկնածու: Առավել շատ կանայք տարածքային ցուցակներում ներառել էին ՀՀԿ-ն, Կոմկուսը, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը:

 

«Ելք» դաշինքի օգտին, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, Երևանում քվեարկել է 54.272 ընտրող: Դաշինքի տարածքային ցուցակներում 10 կին թեկնածուներ կային: Ընդհանուր առմամբ նրանք միասին ստացել են 10 254 քվե: Նրանցից 5110-ը քվեարկել են Մանե Թանդիլյանի օգտին:

 

Երևանի տարածքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության օգտին քվեարկել է 6951 ընտրող:  Չորս ընտրատարածքներում միասին կուսակցությունը տարածքային ցուցակներում ներառել է 13 կին թեկնածու: Նրանք միասին ապահովել են 1957 քվե, որից միայն 831-ը քվեարկել են թիվ 3 ընտրատարածքում առաջադրված Անահիտ Բախշյանի օգտին:

 

Երևանում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մայրաքաղաքում ստացել է 15 877 ձայն:  Այս քաղաքական ուժը Երևանն ընդգրկող չորս ընտրատարածքներում առաջադրել էր 17 կին թեկնածուների: Նրանք միասին ստացել են 3502 քվե, որից  1621-ը ստացել է Հեղինե Բիշարյանը թիվ 3 ընտրատարածքում:

 

«Ծառուկյան» դաշինքը Երևանում ստացել է 104 166 քվե: Դաշինքի տարածքային ցուցակներում 13 կին կա: Նրանց օգտին ընդհանուր առմամբ քվեարկել է 6 621 ընտրող:  Առավել շատ ձայներ դաշինքի կանայք ստացել են Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Ալվարդ Եսայանի օգտին քվեարկել է 1138 ընտրող, Մարգարիտա Հովսեփյանի օգտին՝ 1724 ընտրող:

 

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին մայրաքաղաքի չորս ընտրատարածքներում ընդհանուր առմամաբ քվեարկել է 12 673 ընտրող: Տարածքային ցուցակներում դաշինքն ընդգրկել էր  18 կին թեկնածուների:  Նրանց օգտին ընդհանուր առմամբ քվեարկել է 1967 մարդ:  Կանանցից առավել շատ ձայներ ստացել են Զոյա Թադևոսյանը, թ իվ երկու ընտրատարածքում նրա օգտին քվեարկել է 264 քաղաքացի, և Էմմա Դավթյանը, թիվ 3 ընտրատարածքում նրա օգտին քվեարկել է 285 քաղաքացի:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանում ստացել է 241 082 ձայն: Կուսակցության տարածքային ցուցակներում 17 կին թեկնածու կա: Նրանք 5000-ից ավելի ձայն են բերել կուսակցությանը: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական կին եկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ապահովել 1000 քվե: Առավել շատ ձայներ ստացել է  թիվ երկու ընտրատարածքում առաջադրված Արմինե Հովհաննիսյանը: Նրա օգտին քվեարկել է 889 քաղաքացի:

 

Հայաստանի Կոմունիստական կուսակցության օգտին քվեարկել է 4557 ընտրող: Չորս տարածքային ցուցակներում Կոմկուսն ընդգրկել է 16 կին թեկնածու: Նրանք բոլորը միասին կուսակցության համար ապահովել են 1565 ձայն: Առավել շատ ձայներ ստացել է բնապահպան Սիլվա Ադամյանը: Թիվ 1 ընտրատարածքում նրա օգտին քվեարկել է 264 ընտրող:

 

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը մայրաքաղաքում ստացել է 10 233 քվե: Դաշինքը Երևանում առաջադրել էր 13 կնոջ թեկնածություն: Նրանց օգտին ընդհանուր առմամբ քվեարկել է 2 137 ընտրող: Առավել շատ ձայներ կանանցից ստացել է թիվ 3 ընտրատարածքում առաջադրված Սիրանուշ Զաքարյանը:

 

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության օգտին Երևանում քվեարկել է 19697 ընտրող: Ինչպես արդեն նշեցինք, կուսակցությունը դժգոհ է այս արդյունքներից: Տարածքային ցուցակներում կուսակցությունն առաջադրել էր 15 կանանց թեկնածություն: Նրանց օգտին ընդհանուր առմամբ քվեարկել է 2 523 քաղաքացի: Այստեղ էլ առավել շատ ձայներ կին թեկնածուին տվել են թիվ 3 ընտրատարածքում: Մարիամ Կիրակոսյանի օգտին քվեարկել է 316 ընտրող:

 

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 236

Վերադառնալ վերև