Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ալեսյա Բեջանյան. «Գաղափարի համար եմ դարձել կուսակացական…»

 

 

Ալեսյա Բեջանյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության` Երևանի ավագանու ընտրությունների ցուցակի 4-րդ հորիզոնականում է: Նա Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի մեկնաբան է: ՀՅԴ-ին անդամկացում է  2003թից: Նախ  անդամագրվել է ՀՅԴ «’Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը: Մի քանի շրջան եղել է Ուսանողական միության վարչության անդամ, հետո  2005-ից ՀՕՄ /Հայ Օգնության Միություն/ անդամ է, իսկ 2011-ից ՀՕՄի Կենտրոնական Վարչության անդամ: WomenNet.am-ի զրույցը նրա հետ սկսվեց ընտրությունների հետ առնչվող ավանդական հարցից. Երևանի առջև ծառացած խնդիրներից որո՞նք են առաջնահերթ 

 

 

–         Գիտեք, մի քիչ դժվար է նշել առաջնահերթ խնդիր, ցանկացած խնդիր, որի հետ առչվում է մեր համաքաղաքացին, առաջնահերթ է: Մեկի համար առաջնահերթ կարող է լինել ավտոբուսների ոչ բավարար քանակը, մյուսի համար Նուբարաշենի աղբավայրը, որը իր գազի արտանետումներով, թափոնների այրմամբ, վտանգավոր է շրջակա միջավայրի համար, երրորդի  համար`  բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ոչ բավարար աշխատանքը … Իրականում ցուցակն անվերջանալի է թվում` դպրոցների շենքային պայմանների ոչ բավարար վիճակը, երեխաների համար խաղահրապարակների բացակայությունը, գրախանութների սակավությունը, քաղաքի անհարմարավետությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար … Պատճառները տարբեր են, սխալ կառավարում, ֆինանսական միջոցների բացակայություն, ոչ սրտացավ վերաբերմունք

 

 

–         Ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծման գործում կանանց մասնակցությունը:

 

–         Այդ հարցերի լուծումը համակարգված ու նպատակային աշխատանքի մեջ է: Միշտ ասում ենք.  «Երևանը մեր տունն է», ուրեմն ինչպես ենք պատկերացում այդ տունն  առանց կնոջ:  Ու եթե հաշվի առնենք, որ կնոջ աչքից գրեթե ոչինչ չի վրիպում, ուրեմն, հենց  կանանց անմիջական  մասնակցությամբ էլ պետք է լուծվեն քաղաքում առկա խնդիրները:

 

 

–         Ի՞նչն է ձեզ բերել կուսակցության շարքերը, որի համամասնական ցուցակով այսօր մասնակցում եք ընտրություններին:

 

–         Ուղղակի երբեք  անտարբեր չեմ եղել  երկրում տեղի ունեցող իրադարձություններին և   քաղաքական գործընթացներում իմ ներգրավվածությունը պայմանավորված էր ավելի ակտիվ, ավելի նպատակային գործունեություն ծավալելու ցանկությամբ… 18 տարեկանում ՀՅԴ շարքերն եմ անցել նաև Հրաչի (ի նկատի ունի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանին, ով սպանվեց ապրիլի 2-ին) և նրա նմանների օրինակն աչքիս առաջ ունենալով, ոգևորվելով… գաղափարի համար եմ դարձել կուսակացական…

 

Բնականաբար և՛ կուսակցական, և՛ հասարակական աշխատանքներում հանդես եմ եկել տարբեր նախաձեռնություններով, որոնք իրականացվել են կուսակցական և կոնկրետ դեպքերում ՀՕՄ-ի համատեղ աշխատանքների շնորհիվ:

 

Իսկ ընտրություններին առաջին անգամ եմ մասնակցում, թեև ՀՅԴ Գերագույն Մարմինը որոշել էր, որ 2012-ի ԱԺ ընտրություններին ևս ունենամ իմ մասնակցությունը, բայց իմ երկքաղաքացիությունը խանգարեց: Նաև ասեմ, որ այս ընտրություններին իմ մասնակցությունը նույնպես կուսակցության որոշումն  էր:

 

 

–         Ի՞նչ կարգախոսով է մասնակցում ՀՅԴն ընտրություններին, և ի՞նչ է այն նշանակում  Ձեր ընկալմամբ:

 

–         ՀՅԴ-ի կարգախոսն է «Երևա’ն, փոխիր Հայաստանը»: Կարծում եմ, գաղտնիք չէ, որ ցանկացած պետության ամենաքաղաքականացված հատվածը հենց մայրաքաղաքն է, ու քանի որ մեր երկրի բնակչության գերակշիռ մասը հենց Երևանում է ապրում, ապա մասնակցությունը և հաղթանակն այս ընտրություններում, կնշանակի, որ կունենանք նոր Հայաստան:  Ակտիվ մասնակցելու եմ գործընկերներիս հետ  քարոզարշավին` մեր հասարակությանը, երևանցիներին կոչ անելով, որպեսզի հավատան ու վստահեն Դաշնակցությանը  ու կտեսնեն, որ  ՀՅԴ-ն կարող է  մեր քաղաքում ու երկրում արմատական փոփոխություններ իրականացնել: Հույս ունեմ, որ երևանցին ճիշտ ընտություն կկատարի…

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4892

Վերադառնալ վերև