Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ալվինա. «Երբ ամուսնացանք, պայման դրեցի, որ հանկարծ խոպանչի չդառնա»

skype

 

13- ամյա Դավիթն ամբողջ ուժով գոռում,  կանչում է մայրիկին: Տեսազանգով հայրն է զանգահարել ՌԴ Յակուտիա քաղաքից: Տիկին Ալվինան արագ –արագ շտապում է դեպի համակարգիչն ու նույն պահին ասում, որ այս սարքը դարձել է մեր տան անդամը: Եվ հենց այդ սարքի միջոցով էլ լուծվում ընտանեկան մեր բոլոր հարցերը:  Ալվինայի բջջային հեռախոսի էկրանին ամուսնու նկարն է:

 

Արդեն տևական ժամանակ է Ալվինայի ու Տիգրանի շփումը վիրտուալ տիրույթում է: Ալվինան ասում է, որ երբ ամուսնացան, ամուսնու առաջ պայման դրեց, հանկարծ խոպանչի չդառնա: Ամուսինը համաձայնվել էր, քանի որ այդ պահին աշխատանք ուներ, բայց փոքր որդու ծնունդից հետո Տիգրանը ևս համալրել է խոպանչիների շարքը:

 

«Փոքրիս ծնվելուց հետո ,մեկ տարի էր չէր անցել գնաց: Մի օր էլ երեխեն եկավ ասուամ մամա ,պապան որ էս անգամ գա հետը ամուսնացի որ էլ չգնա,տես տատին ու պապին ամուսնացել են ,պապին խոպան չի գնում»,- պատմում է Ալվինան:

 

Ալվինան ապրում է ամուսնու ծնողների հետ Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում: Երեխաների դաստիարակության, ընտանեկան ամբողջ հոգսն իր ուսերին է: Ասում է, որ հատկապես տղաների դաստիարակության հարցում շատ է դժվարանում: Նրանք հիմա հասունացման տարիքում են ու այս պահին հոր խոսքը շատ կարևոր է: Իսկ տղաները հոր խոսքը լսում են սկայպի միջոցով: Ալվինայի ճակատագիրը մեկն է այն հայ կանանց ճակատագրերից, որոնց ամուսինները օրվա ապրուստը վաստակում են օտար ափերում:

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակչուհի տիկին Գեղեցիկն ասում է, որ հինգ տարի շարունակ ամուսինը եղել է ՌԴ-ում: «Երբ հայրը գնաց խոպան, աղջիկս այդ ժամանակ 13 տարեկան էր: Հինգ տարի հետո, երբ, մտավ տուն չճանաչեց աղջկաս ,ու ավելի մեծ սթրես ապրեց, երբ մի քանի օր անց հարևան գյուղից մի տղա ծնողների հետ եկավ մեր տուն՝ խնամախոս»,- պատմում է տիկին Գեղեցիկ:

 

Վերջին տարիներին, սակայն, պատկերը մի փոքր այլ է: Եթե նախկինում արտագնա աշխատանքի մեկնում էին տղամարդիկ, ապա այժմ նրանց շարքերը համալրում են նաև կանայք: Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակչուհի Գայանեն արդեն երեք տարի մեկնում է ՌԴ-ն, այնտեղ աշխատում է հացի արտադրամասում: « Առավոտից իրիկուն այստեղ կաշխտիմ մի թիքա փող կուտան ,իսկ էնտեղ դրա կրկնակի կառնիմ»,-ասում է Գայանեն:

 

Զրուցակիցներս նշում էին, որ ռուբլու արժեզրկումը բացասական հետևանքներ ունեցավ իրենց համար: Այժմ դրսից ուղարկված գումարը չի բավարարում նվազագույն պայմանները հոգալուն: Ու այս պարագայում էլ արդեն չգիտեն գնալն է ձեռնտու, թե մնալը: «Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ ղեկավար Տաթևիկ Բեժանյանը «WomenNet.am »-ի հետ զրույցում նշում է, որ ռուբլու արժեզրկումը կբերի նրան, որ մարդիկ կսկսեն ընտանիքներով հեռանալ:

 

Արմինե Գեւորգյան

Դիտումների քանակը` 880

Վերադառնալ վերև