Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ահարոն Ադիբեկյան. «Երբ կոլեկտիվը միասեռ է, այն ճահճանում է. խորհրդարանը բացառություն չէ»:

Որ կանայք  պետք է գան իշխանության, ընգրկվեն գործադիր եւ օրենսդիր մարմիններում`  դրան «Սոցիոմետր» կենտրոնի  ղեկավար  Ահարոն Ադիբեկյանը միայն կողմ է:  Սակայն  ընտրությունների  գնալիս երբեք ուշադրություն չի դարձնում ցուցակում կին է, թե տղամարդ: «Եթե կին է, ապա նախ պետք է պարզեմ` ինչու է նա գալիս խորհրդարան, եթե նա գալիս է իր ժողովրդին ծառայելու, իհարկե ես նախապատվությունը կտամ նրան: Բայց եթե նա նպատակ ունի տանիք դառնալու, մի բան փախցնելու, իր բիզնեսը պաշտպանելու, ես նրան չեմ ընտրի, որովհետեւ նման բազմաթիվ տղամարդ պատգամավորներ կան ու նրանց էլ իմ ձայնը չեմ տալիս», ասում է Ադիբեկյանը:  

 

 

Նրա կարծիքով, հայ իրականությունն հաշվի առնելով՝  նախընտրելի է, որպեսզի կանայք    ոչ թե մեծամասնական պայաքարի մեջ մտնեն, այլ ընդգրկվեն համամասնական ցուցակներում:

 

 

«Եթե Հայաստանում ձեւավորված լիներ  եվրո-ամերիկյան մշակույթ, երբ կինը հանդես է գալիս որպես թեկնածու, ստեղծում իր շտաբն ու հավաքում ֆինանսական միջոցներ, բազմաթիվ կամավորներ էլ պատրաստակամություն են հայտնում իր համար աշխատելու, ապա կանայք կարող էին  հաղթել նաեւ մեծամասնական ընտրատարածքներում,  բայց Հայաստանում մեծամասնականը ՝  գումարի եւ իշխանության կոշտ պայքար է, այնպես որ կանանց համար  համամասնական ընտրակարգն է գերադասելի»:

 

 

Քանի որ համամասնականով էլ ճանապարհը հարթ չէ, Ադիբեկյանը կողմ է պարտադիր քվոտային, որպեսզի կանայք ցուցակներում ունենան իրենց հստակ տեղը:  Ավելին, նրա կարծիքով,  քվոտայի կիրառմամբ  պետք է խորհրդարանի գոնե 1/3-ը լինի կին:

 

 

«Այսօր խորհրդարանում կա 11 կին պատգամավոր, սակայն դա բավարար չէ, որ հասարակությունը կարողանա  բարձր գնահատել կնոջ դերը քաղաքական կյանքում, թեպետ կանայք ավելի ակտիվ էին այս գումարման ընթացքում, ավելի հաճախ էին ելույթ ունենում:  Ցավալի է, բայց մե կատարած բազմաթիվ հարցումներն ցույց են տալիս, որ  հայ հասարակությունը շարունակում է չընկալել կնոջը՝  որպես քաղաքական, պետական դեմք:  Պետք է առնվազն  լինի 30-40 կին պատգամավոր, ովքեր  ընդգրկված լինեն բոլոր հանձնաժողովներում,  առավել շատ ելույթներ ունենան, որ կարողանան ներկայանալի դառնալ  հանրության համար: Գործադիր իշխանությունում էլ ունենք ընդամենը երկու կին նախարար, պետք է գոնե հինգը լինեն, նախարարների  տեղակալներն էլ կին լինեն, որ հասարակությունը զգա կանանց ներկայությունը իշխանության մեջ: Բայց, մենք դեռ մնում ենք արական մշակույթի տիրույթում: Տղամարդը պատրաստ չէ ընդունել փաստը, որ կին կարող է քաղաքական գործիչ լինել, այն էլ  առավել խելոք, գրագետ:  Տղամարդիկ դա դժվարությամբ են  ընդունում»,  – ասում է սոցիոլոգը:

 

 

Նրա դիտարկմամբ, այս գումարման խորհրդարանում կային կին պատգամավորներ, ովքեր լուրջ ներդրում կատարեցին իրենց կուսակցության զարգացման գործում:

 

 

«Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը «Ժառանգություն»-ից,  Նաիրա Զոհրաբյանը` «Բարգավաճ Հայաստան»-ից, Հերմինե Նաղդալյանը Հանրապետական կուսակցությունից – նրանք այն կին քաղաքական գործիչներն են, ովքեր գրագետ են, խելացի եւ հասարակությանն ասելիք ունեն, տեսակետ են ներկայացնում, մտնում բանավեճի, ցույց են տալիս դիմացինի սխալը, եւ իրենց ակտիվությամբ միանշանակ բարձացնում են կուսակցության վարկանիշը»:

 

 

Ադիբեկյանի համոզված է, եթե կանայք խորհրդարանում ավելի շատ լինեն, ապա նրանք կփոխեն մթնոլորտը, կբարձրացվեն ընդունվող որոշումների որակը:  « Տարբեր տեսակետներ կլինեն,  առավել ճկուն բանավեճեր կծավալվեն, սուր որոշումներ կներկայացվեն, որովհետեւ կինը կարողանում է նկատել այն ամենը, ինչը տղամարդու հայացքից դուրս է»:

 

 

Եվս մեկ հետաքրքիր դիտարկում սոցիոլոգիական հարցումների  արրդյունքներով. «Հայ տղամարդիկ առավել հակված են, որ իրենց մայրերը, քույրերը, դուստրերը լինեն քաղաքականության մեջ, քան իրենց կանայք: Դա լուրջ խնդիր է, սակայն տխուր ու ցավալի է նաեւ այն փաստը, որ դրա հետեւանքով  կինն իր կարողություններին չի հավատում, իրեն քաղաքական կյանքում չի տեսնում, չի հավատում, որ կարող է որոշում կայացնել» :

 

 

Խորհրդարանում կանանց ներկայացվածյունը  բարձրացնելու խնդրին սոցիոլոգը առաջարկում է նաեւ նեղ մասնագիտական տեսանկյունից մոտենալ:

 

«Երբ ինձ ասում են` մեզ պետք է կոլեկտիվ, որ կարողանա խմբային լավ գիտակցություն ունենա, ապա ես առաջարկում եմ, որ այդ կոլեկտիվում լինեն եւ’ կանայք, եւ’ տղամարդիկ, որպեսզի միմյանց լրացնեն: Երբ կոլեկտիվը միասեռ է այն ճահճանում է: Խորհրդարանը բացառություն չէ: Երբ տարբեր սեռեր են, առկա է մրցակցություն, աշխատողները սրամիտ են դառնում, վերաբերմունքը, խոսակցությունը,  մթնոլորտը՝ ամեն ինչ փոխվում է», – ասում է Ադիբեկյանը, հիշեցնելով, որ ոչ այնքան վաղ անցյալում, երբ կանայք խորհրդարանում ընդամենը չորսն էին,  Ազգային ժողովը  նման էր տղամարդկանց ակումբի, որտեղ կարող էին հայհոյել, ձեռքերին ազատություն տալ:  «Այսօր նման վիճակ չկա: Տղամարդիկ ձգված են, կոպիտ արտահայտություններ իրենց  թույլ չեն տալիս: Դա կանանց շնորհիվ է»…

 

 

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   

Դիտումների քանակը` 3063

Վերադառնալ վերև