Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աղջիկների ուժը…

 

ՄԱԿ-ի օրացույցով հոկտեմբերի 11-ը ՝ Աղջիկ երեխայի միջազգային  օրն է։  Այն նշվում է 2012 թվականից։ Օրվա նպատակն է բացահայտել ու գտնել այն խնդիրների լուծումները, որոնց բախվում են աղջիկները տարբեր երկրներում, լինի դա  վաղաժամ ամուսնությունը, կրթության հնարավորության բացակայությունը, սեռական օրգանների ծիսական խեղումը կամ , ինչպես Հայաստանում, աղջիկների թերարժևորումը և  որպես հետևանք պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, ինչի պատճառով  մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 1300 աղջիկ:

 

 

Այս տարի օրը նշվում է «Աղջիկների ուժը» կարգախոսի և  Պեկինի գործողությունների ծրագրի 25-ամյա հոբելյանի ներքո:  1995 թվականին   Պեկինում՝ Կանանց հիմնախնդիրներին նվիրված միջազգային չորրորդ համաժողովում ընդունվեց Պեկինի հռչակագիրը, ինչպես նաև կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված համապարփակ գործողությունների ծրագիրը՝  12 խնդրահարույց   ուղղություններով, այդ թվում աղջիկների խնդիրների լուծման տեսլականով: Եվ հենց Պեկինի գործողությունների ծրագրում կանանց իրավունքների համատեքստում առաջին անգամ առանձնացվեցին աղջիկների իրավունքների պաշտպանության  խնդիրները:

 

 

Անցած 25 տարին գրանցած առաջընթացն այդ ուղղությամբ ուշագրավ է, այսօր աղջիկներն ապացուցում են, որ տիրապետում են անկասելի ուժի…  Այսօր ավելի շատ աղջիկներ են հաճախում ու ավարտում դպրոցը, տիրապետում են հմտությունների, որոնք անհրաժեշտ են աշխատանքի շուկայում հաջողությունների հասնելու համար, բայց աղջիկները  դեռ աջակցության կարիքն ունեն՝ օգտագործելու իրենց ողջ ներուժը։  Այսօր աշխարհում  1,1 միլիարդից ավելի 15-19  տարեկան աղջիկներ են ապրում:  Ամեն տարի  ամուսնացնում են մինչև 18 տարեկան 12 միլիոն աղջիկների ,  130 միլիոն աղջիկ դեռ դպրոց չի հաճախում և 15-19 տարեկան  մոտ 15 միլիոն աղջիկներ հարկադիր սեռական հարաբերությունների  են  ենթարկվում …

 

Պեկինի ծրագրում  աղջիկների իրավունքների պաշտպանության համար գործողությունների ինը ռազմավարական նպատակներ  ամրագրվեցին.

 

  1. Վերացնել աղջիկների նկատմամբ խտրականության բոլոր ձևերը;
  2. Վերացնել աղջիկների նկատմամբ բացասական մշակութային վերաբերմունքը և սովորույթները;
  3. Նպաստել և պաշտպանել աղջիկների իրավունքները, ինչպես նաև մեծացնել նրանց կարիքների մասին իրազեկվածությունը, նպաստել ներուժի աճին;
  4. Վերացնել աղջիկների նկատմամբ խտրականությունը կրթության, հմտությունների զարգացման և վերապատրաստման ոլորտներում;
  5. Վերացնել աղջիկների նկատմամբ խտրականությունը առողջապահության ոլորտում;
  6. Վերացնել աշխատանքային շուկայում երեխաների տնտեսական շահագործումը, պաշտպանել աշխատավայրում գտնվող երիտասարդ աղջիկներին;
  7. Վերացնել աղջիկների նկատմամբ բռնությունը;
  8. Նպաստել աղջիկների տեղեկացվածության բարձրացմնաը, ինչպես նաև սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքին մասնակցությանը;
  9. Ուժեղացնել ընտանիքի դերը աղջիկների կարգավիճակի բարելավման գործում։

 

 

2019-ին Աղջիկ երեխայի  միջազգային օր նշվում է անցյալ տարի մեկնարկած թեմայի շարունակությամբ՝ ևս մեկ տարի  համատեղելու գործընկերների և շահագրգիռ կողմերի ջանքերը,  աղջիկներին ուժով ու հզորությամբ, գիտելիքներով և ամբիոնով ապահովելու համար, որպեսզի կարողանան բարձրաձայնել իրենց խնդիրներն ու արտահայտել էմոցիաները։ Համաշխարհային հանրությունը պետք է ստեղծի ավելի շատ հնարավորություններ, որպեսզի աղջիկների ձայնը լսելի լինի…

 

 

Հատկանաշկան է այս առումով  ընդամենը երկու շաբաթ առաջ տեղի ունեցած 16-ամյա Գրետա Թունբերգի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից:   Գրետան, ով հայտնի է որպես  բնապահպանական հարցերով ակտիվիստ,  բոցաշունչ և համարձակ ելույթ ունեցավ ՄԱԿ-ում կլիմայական խնդիրների գագաթաժողովի մասնակիցների առջև՝ մեղադրելով համաշխարհային առաջնորդներին երիտասարդ սերնդին դավաճանելու համար։ Պատճառը նրանց կողմից գլոբալ կլիմայական ճգնաժամի հետևանքներն անտեսելն է…

 

 

– Դուք այդպես էլ չկարողացաք այնքան մեծանալ, որ խոստովանեք ռեալ իրավիճակը։ Դուք մեզ դավաճանեցիք։ Սակայն երիտասարդները սկսում են հասկանալ, որ դուք դավաճաններ եք։ Ոչինչ չնշանակող դատարկախոսությամբ դուք գողացաք իմ երազանքներն ու իմ մանկությունը։ Ձեզ են նայում ապագա սերունդները։ Եվ եթե դուք մեր կողմը չանցնեք, մենք ձեզ երբեք չենք ների։ Այստեղ և հիմա մենք սահման կգծենք, որտեղից չենք հեռանա, – ասել էր Գրետան ՝ դիմելով աշխարհի առաջնորդներին և , ըստ էության, ցույց տալով աշխարհին «աղջիկների ուժը»…  

 

 

Դիտեք  «Հայաստանի աղջիկները» ֆոտոռեպորտաժը WomenNet.am  կայքում  այստեղ 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նինայի պատմությունը. «Ամուսնացրեցին, երբ 15 տարեկան էի» …

«Ուզում եմ հասարակական կարծիքը այդքան ճնշող չլինի…»

Նազելի. «Հայրս ինձ ոգևորում է»  

Մեր աղջիկ երեխաները . թվերն են խոսում

#Բավականէ  սոցիալական արշավը մեկնարկեց Մայր Հայաստան հուշարձանի մոտ

Աղջիկների ուժը…

 

Դիտումների քանակը` 395

Վերադառնալ վերև