Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Օքսֆամ. Ամենահարուստ 62 մարդկանց հարստությունը նույնքան է, որքան երկրի բնակչության ավելի քան կեսի ունեցվածքը

Աշխարհի 62 հարուստ մարդկանց  ունեցվածքը նույնքան է, որքան  երկրի բնակչության` ավելի քան 3,6 մլրդ աղքատ մարդկանց  ունեցվածքը:  Ընդ որում  , հինգ տարի առաջ այդչափ գումար աշխարհում ունեցել են 388 ամենահարուստ մարդիկ: Աշխարհում տիրող  ծայրահեղ  անհավասարության ու անարդարության   մասին է փաստում  Օքսֆամ  (Oxfam)   ոչ կառավարական կազմակերպության հրապարակած  զեկույցը , որը  ավանդաբար լույս է տեսնում  Դավոսում  հունվարի 20-ին  մեկնարկող Համաշխարհային տնտեսական ֆորումի նախօրեին:  

 

Օքսֆամի ներկայացմամբ  մոլորակի 3,6 մլրդ կազմող ամենաչքավոր բնակչության ընդհանուր կարողությունը 2010-ից  ի վեր  նվազել է  41 տոկոսով  կամ  ավելի քան 1 տրլն դոլարով:  Դրա հետ մեկտեղ  աշխարհի 62 մեծահարուստների  ընդհանուր կարողությունը նույն ժամանակահատվածում աճել է 44 տոկոսով կամ  1,76 տրիլիոն դոլար:

 

«Համաշխարհային  տնտեսությունը շատ է աղավաղվում, ամեն ինչ հարուստների օգտին է. նրանց եկամուտն ու հարստությունը պակասելու փոխարեն տագնապալի տեմպերով ավելի են աճում», –  նշվում է զեկույցում:

 

Օքսֆամը պարզել է, որ գրեթե մեկ քառորդ դարում աշխարհի ամենաաղքատ 10% բնակչության եկամուտն աճել է ավելի քիչ, քան տարեկան 3$: Գրեթե բոլոր հարուստ երկրներում և շատ զարգացող երկրներում ազգային եկամտի մասնաբաժինը աշխատողների համար ընկել է: Սա նշանակում է, որ աշխատողներն ավելի ու ավելի քիչ են բաժին ստանում աճող եկամտից: Եվ, հակառակը, կապիտալի սեփականատերերն ականատես են լինում, թե ինչպես է իրենց կարողությունը հետևողականորեն աճում (տոկոսավճարների, շահաբաժինների և շահույթի միջոցով), ավելի արագ, քան տնտեսության փոխարժեքն է աճում:  Մինչդեռ, ավելի քան մեկ միլիարդ մարդ է ապրում ծայրահեղ աղքատության մեջ, ըստ Համաշխարհային բանկի, որը սահմանում է օրական 1,90$:

 

Աղքատների և հարուստների կարողության միջև աճող անջրպետի պատճառները  կազմակերպությունը  տեսնում   է հարկային արտոնությունների մեջ, որոնք հասանելի են բնակչության առավել ապահովված խավին, աշխատավարձերի նվազագույն և առավելագույն շեմերի միջև աճող տարբերությունը: Փորձագետների գնահատմամբ  մոտ 7,6 տրիլիոն դոլար  է թաքնված  օֆշորային հաշիվներում: Դա նույնքան է, որքան Գերմանիայի եւ Միացյալ թագավորության համախառն ներքին արտադրանքը միասին վերցրած:  Օքսֆամը ստորագրահավաք է  կազմակերպել  ՝ ուղղված անարդարացի հարկային քաղաքականությունների դեմ:

 

Օքսֆամը  չի նշում այն 62 անհատների անունները, որոնք հիմք են ծառայել իր հաշվարկների համար: Իր նախորդ հետազոտություններում այն օգտագործել է Ֆորբսի միլիարդատերերի ցուցակը, որը 2015-ին գլխավերում էր Բիլ Գեյթսը, ում մաքուր կարողությունը կազմել է 79,2 միլիարդ դոլար:

 

Ըստ  կազմակերպության նախորդ տարի  հրապարակված   «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին»  զեկույցի,  աշխարհի ամենահարուստ 1 % – ին պատկանում է աշխարհի հարստության 46 %-ը, իսկ ամենահարուստ 10 %-ին պատկանում է հարստության 86 %:

 

Ավելի վաղ  Օքսֆամը մտահոգություն էր հայտնել,   որ մեծահարուստների քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու (լոբբինգի) կարողությունը մեծ խոչընդոտ է հատկապես հարկային համակարգի բարեփոխումների համար, որը գործում է ի վնաս աշխարհի ամենաաղքատների, որոնք զրկված են առաջին անհրաժեշտության  դեղորայքային միջոցներից և առողջապահական ծառայություններից:

 

Օքսֆամը  նաեւ  կոչ էր արել  կառավարություններին ընդունել յոթ կետից բաղկացած ծրագիր՝ անհավասարության դեմ պայքար մղելու համար.

–       Թույլ չտալ, որպեսզի խոշոր առևտրական կազմակերպություններն ու հարուստ անհատները խուսափեն հարկերից,

–       Ներդրումներ կատարել համընդհանուր, անվճար հանրային ծառայություններում, ինչպիսիք են առողջապահությունը և կրթությունը

–       Արդարացիորեն կիսել հարկային բեռը՝ փոխադրելով այն աշխատուժից և սպառման ոլորտից դեպի կապիտալ և հարստություն,

–       Սահմանել նվազագույն աշխատավարձ և բոլոր աշխատողների համար ապահովել նվազագույն սպառողական զամբյուղից ոչ պակաս աշխատավարձ,

–       Ներդնել հավասար վարձատրություն սահմանող օրենսդրություն և նպաստել կանանց համար արդար պայմաններ ապահովող տնտեսական քաղաքականության վարմանը,

–       Ամենաաղքատների համար ապահովել անվտանգության համապատասխան համակարգեր, ներառյալ նվազագույն եկամուտ ուենալու երաշխիքը,

–       Համաձայնություն ձեռք բերել անհավասարության դեմ պայքարի ընդհանուր նպատակի շուրջ:

 

Օքսֆամը մարդկանց համաշխարհային շարժում է, որի նպատակն է կառուցել ապագա` առանց աղքատության: Միավորման նպատակը աղքատության խնդիրների լուծումն է և դրա հետ կապված անարդարությունների հաղթահարումը ողջ աշխարհում: Oxfam-ի բոլոր ծրագրերի վերջնանպատակը մարդկանց հնարավորություն տալն է` իրացնել սեփական իրավունքներն ու հնարավորությունները, անձնապես ղեկավարել սեփական կյանքը, ստանալ աշխատանքի դիմաց արժանավայել վարձատրություն:

 

Սկսած 1994 թվականից  Օքսֆամը  Հայաստանում իրականացնում է երկարատև զարգացման ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում` սերտ համագործակցելով կառավարության, մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ցանցերի և դաշինքների հետ:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

 

Օքսֆամ. «Ունենալով ամեն ինչ, ցանկանում են ավելին»

Ֆինանսական ճգնաժամից ի վեր միլիարդատերերի քանակն ամբողջ աշխարհում կրկնապատկվել է

Օքսֆամ.«Միասին կանգնեցնե՛նք խորացող անհավասարությունը»

Օքսֆամը հրավիրում է մասնակցել հանուն հավասարության քարոզարշավի մեկնարկին

«Աշխատելով մի քանիսի համար» – Օքսֆամը բացահայտում է անարդարությունը.

 

 

Դիտումների քանակը` 2926

Վերադառնալ վերև