Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Այգին որպես աշխատավայր

Նոր մասնագիտություն միջին տարիքի գործազուրկ կանանց համար

 

Նազիկ Հակոբյանը մատների ճկուն շարժումներով, ոսկեգույն ծիրանները դասավորում է փայտե արկղերում, պահպանելով շարի բոլոր կանոնները, որպեսզի մեկ շաբաթ անց Մոսկվա հասնող հայկական ծիրանը սպառողը համտեսի անթերի վիճակում:

 

«Առաջին շարքում ծիրանները կանգնած են: Երկրորդ ու երրորդ շարքերում արդեն պարկած ենք դասավորում: Պետք է այնպես շարել, որ օդ խաղա: Արկղերը  անցքեր ունեն, արկղը արկղից բարձրություն ունի, որպեսզի ծիրանին չդիպչի: Մեկ արկղն էլ 11 կգ ծիրան է տանում, ոնց ուզում ես շարի»,- ասում է 60 ամյա կինը, ով ամեն տարի մասնակցում է ծիրանի բերքահավաքի աշխատանքներին:

Նազիկի կողքին նույնքան վարպետորեն աշխատում են տարբեր տարիքի կանայք՝ Էջմիածնից, Մեծամորից, Արմավիրից: Նրանց խմբի ղեկավարը Նաիրա Առաքելյանը նշում է, որ սա աշխատանքի մի նոր տեսակ է, որ ձևավորվել է վերջին տարիներին, որին հաճույքով են մասնկացում ժամանակին աշխատանք ունեցած,  սական այսօր դեռևս  կենսաթոշակ չստացող միջին տարիքի գործազուրկ կանայք:

 

«Բերքը հասունացավ, ծառից հավաքվեց՝ մեր աշխատանքը  սկսվում է: Տարին բացվում է ծիրանով ու կեռասով, հետո գալիս է սալորը, դեղձը, խաղողը, խնձորն ու տանձը: Իմ բրիգադում աշխատում է 20-25 հոգի: Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում այս պահին հավաքվում է կեռաս ու ծիրան, մենք հիմա մարզի Ջրաշեն գյուղի ծիրանանոցներում ենք:

 

Այստեղ վերջանում է, հասունանում է Կոտայքի մարզում, շարժվում ենք դեպի այդ մարզի Գառնի ու Ողջաբերդ գյուղերը: Հետո դեպի Վայոց ձոր՝ Գնդեվազ գյուղ:  Հայաստանի կլիման հետաքրքիր է այս առումով, մարզերը տարբեր բարձրությունների վրա են, մրգերն էլ հասունանում են տարբեր ժամանակահատվածներում»,- բացատրում է Նաիրան:

 

Մեծամորցի 52-ամյա Գյուլնարա Ավետիսյանն էլ ասում է. Հայաստանի ցանկացած մարզից, ինչպես և իրենց քաղաքից, տղամարադկանց գերակշռող մասը մեկնում է արտագնա սեզոնային աշխատանքի դեպի Ռուսաստան, իրենք էլ տեղում սեզոնային այս աշխատանքով են զբաղվում:

 

«Առավոտյան վաղ դուրս ենք գալիս, ուշ երեկոյան էլ վերադառնում տուն, բայց դե չեղածից լավ է, այսօր ուր գնում ես աշխատանքի ընդունվելու համար, ասում են. երիտասարդ, բարետես, անգլերենի իմացությամբ, հիմա լավ, բա մենք ի՞նչ անենք… Այս աշխատանքը փրկություն էր բոլորիս համար: Կանայք ունենք, որ գալիս են Գյումրիից, Մարալիկից էս գործն ունենալու համար»,- նշում է նախկինում հաշվապահ տիկինը, հերթական կարմրաթուշ ծիրանը տեղավորելով արկղում:

 

Արդեն երեք տարի այս գործով զբաղվող Քնարիկ Սարգսյանն էլ ասում է. գործը հեշտ չէ, բայց գոնե գիտի, որ տուն է գնում գումարով ու նաև մի քանի կիլոգրամ մրգով:

 

«Տեղեր կան, որ լավ շար անելու համար սովորական օրավարձից ավելին են վճարում, լինում է որ ձմռան էլ ենք գործ ունենում, խնձոր ու նանա ենք շարում: Ամենադժվարը կեռասն է, հատիկ-հատիկ գլուխները դեպի վեր գործում ենք, պոչերը տակը լցնելով»,-ասում է Քնարիկը՝ Էջմիածին քաղաքից:

 

Կանայք մեկ օրվա համար վարձատրվում են 6000 դրամ: Նրանց վճարում են այգիների սեփականատերերը կամ արտահանող ընկերությունները:

 

Արարատի մարզի Ջրաշեն գյուղի սեփականաշնորհված տարածքներում աշխատում է շուրջ 120 կին:

 

57-ամյա Սերգեյ Մխիթարյանի 7 հեկտար տարածությամբ ծիրանանոցը ժամանակավոր աշխատավայր է դարձել ծիրանը հավաքողների ու շարողների համար: Մխիթարյանը  նշում է, որ այս տարի իր հողատարածքից գարնանային ցրտահարության պատճառով կստանա 15 տոննա ծիրան, սպասվող 80-ի փոխարեն:

 

«Այս պահին այստեղ 60 հոգի աշխատող ունեմ: Ասեմ, որ չենք շահում: Եթե բերքը շատ լիներ՝ կշահեինք, բայց եթե հանում ենք մեր ծախսերը, տակը բան չի մնում: Արտահանողները չլինեն՝ կորած ենք: Ծիրանը հասունացել է, եթե չտանեն, ի՞նչ ենք անելու, տանենք Երևան, որ ձրի էլ տանք՝ չեն վերցնի: Գնում են չրի, պահածոների համար ամեաշատը՝100 կգ ծիրան, ու վերջ:

 

Այս տարի արտահողին տալիս ենք կգ-ը 500 դրամով, ռուբլու արժեզրկումը  ծիրանի վրա էլ է ազդել: Այնտեղ էլ արտահանողները մեծածախով հանձնում են կգ-ը՝ 120 ռուբլով: Մի բեռնատարը /ֆուռ/ բարձում է 18-20 տոննա ծիրան»,- ասում է Սերգեյ Մխիթարյանը և ավելացնում. ծիրանի տեսակ ունի, որը  հասունանում է օգոստոսին ու նույնպես արտահանվում:

 

Ըստ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության տվյլաների, հունիսին  արտադրվել է շուրջ 140 հազար տոննա պտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում`շուրջ 95 հազար տոննա ծիրան, որը 2013 թվի ցուցանիշը գերազանցում է ավելի քան 6 հազար տոննայով: Հատկապես ծիրանի բարձր բերք է ստացվել Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում:

 

Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ՍՊԸ-ի «Արարատֆուդ» ընկերության տնօրեն Համլետ Թադևոսյանի դիտարկմամբ, այս տարի նախատեսվում է կրկնապատկել ծիրանի արտահանման ծավալները` 5000 տոննա նախորդ տարվա 2500-ի դիմաց:

 

Ջրաշենցի Զավեն Վարդանյանը 20 տարի առաջ սեփական ձեռքերով է տնկել ծիրանի ծառները իր սեփականաշնորհաված  5000 մ հողատարածքում, 3000 մետրի վրա էլ խաղողի այգին է: Այգում աշխատում են ընտանիքով, երկու տղաները, հարսները, կինը:

 

«Հինգերրորդ տարվանից  ծիրանը սկսում է բերք տալ: Գյուղի 90 տոկոսը ապրում են ծիրանի այգիներով: Մարդիկ կան, որ ծիրանը դեռ ծառին է, բայց  էդ փողը արդեն կերել վերջացրել են: Նախապես կանխավճար են վերցրել, որպեսզի վարկերը փակեն, տոկոսները,  խանութների պարտքերը:

 

Եղել է տարի,  որ  արտահանող ընկերությունը մարդկանց գարնան սկզբին բաժանել է գումարը, կամ կանխավճար տվել, բայց  հետո ցուրտը տարել է, երկու տարի շարունակ ծիրան չի եղել: Այդ երկու տարվա ընթացում չեն նեղացրել մեզ, ասել են. «Չնեղվեք, որ տարին կլինի, էն ժամանակ էլ բերքը կտաք: Երրորդ տարին նոր բերք եղավ ու տվեցինք»,- պատմում է Վարդանյանը:  Նրա այգում ծիրանը արկղերում են դասավորում հենց իր կինն և հարսը, ինչի համար վճարում է ընտանիքի անդամներին:

 

«Մեր հողերը քարքարոտ են, գրունտային: Այստեղ բանջարեղեն չի աճում, միայն ծիրան, խաղող, սեխ ու ձմերուկ: Մոտայկայքի մյուս գյուղերի համեմատ մեր խաղողի քաղցրությունը գերազանցում է: Էս ծիրանով ու խաղողով ենք ապրում, ամբողջ տարիին: Դե հիմա չի հերիքում, բայց փորձում ենք տեղավորվել, ինչ որ բանից զուրկ մնալով»,- ասում է ջրաշենցի 52-ամյա Մելանյա Արոսյանը:

 

Ջրաշենի բոլոր բնակիչները այնուամնեյանիվ տարին համարում են բացառիկ  ծիրանի բերքի համար, քանի որ գարնանային -10 աստիճան ցրտահարության ժամանակ կորցրել էին ծիրան ունենալու հույսը:

 

«Այս տարի ցուրտը տարավ ու չտարավ:  Ծիրանը ցրտահարվեց, բայց  նաև հրաշք կատարվեց:  Մեր այգու ֆրանսիահայ  սեփականատերերից մեկը, ով  վերջերս է այստեղ ծիրանանոց գնել, այդ ցուրտ օրերին, ամեն օր առավոտյան և երեկոյան մի քանի ժամով հոգևոր երաժշտություն  ու աղոթքներ էր միացնում ծառների համար, մյուս կողմից էլ ծխահարում:

 

Ծառերի  շարքերում դեռ տեղադրված են բարձրախոսներ: Հոգևոր երաժշտությունը տարածվում էր այգիներով, հրաշալի էր, ես իմ կյանքում նման բան չէի տեսել, որքան ապրում ենք, այնքան նոր բաներ ենք սովորում: Գուցե թե իրոք օգնեց…»- ասում է Վարդանյանը:

 

Գայանե Մկրտչյան

Աղբյուրը՝ JAM  News

 

Դիտումների քանակը` 1638

Վերադառնալ վերև