Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Այծեմնիկ Օհանյան. «Որոշում կայացնողը վանաձորցին է»

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակն է կին գլխավորում:  Ի դեպ, ԲՀԿ-ն սկզբում նախատեսում էր Վանաձորի քաղաքապետի այլ թեկնածու, սակայն քննարկումներն ու հարցախույզը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում ցույց տվեց, որ բժշկուհի Այծեմնիկ Օհանյանը բավականին հարգված ու հեղինակություն վայելող անձնավորություն է և ընտրությունը կանգ առավ նրա թեկնածության վրա:

 

WomenNet-ի հետ զրույցում տիկին Օհանյանը նշեց, որ քաղաքական գործընթացներին մասնակցությունն իր համար նորություն չէ՝ 1990-ականների կեսերին նա ավագանու անդամ է եղել, այնուհետ նորից առաջադրվել է, բայց բավականաչափ ձայներ չի հավաքել: Ասում է, որ Վանաձորը սովոր է կին ավագանիներին, բայց ահա քաղաքապետի պաշտոնում  կնոջը տեսնել  ոչ բոլորն են պատրաստ.

 

«Ավագանու կին անդամի մեզ մոտ սովոր են՝ ես էլ եմ եղել ավագանու անդամ, բժշկուհի Քալանթարյանն էլ է երկար տարիներ ներկայացված եղել: Բայց ահա կին քաղաքապետը մի քիչ բարդ է…. և բարդ է ոչ միայն Վանաձորում, այլ առհասարակ Հայաստանում: Երևի դրա համար է, որ մինչ այժմ կին քաղաքապետ  հանարապետությունում չենք ունեցել»,- նշեց նա:

 

Դար հետ մեկտեղ,  ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն հավաստիացնում է,   որ  եթե հոկտեմբերի 2-ին վանաձորցիներն այնքան հավատան, որ կանգնեն իր և թիմի կողքին, ապա միանշանակ ինքը պատրաստ է իր վրա վերցնել այդ ծանր բեռը՝ լինել առաջին կին քաղաքապետը Վանաձորում: Եվ առաջին հերթին այն մտքով, որ ստացած քվեները հույս կներշնչեն, որ իրեն ընտրած քաղաքացիները իր կողքին կլինեն նաև ծրագրերը իրականացնելու ժամանակ: «Ես պատրաստ եմ ստանձնել այդ պարտավորությունը, բայց որոշում կայացնողը վանաձորցին է»,- ընդգծեց նա, նշելով,որ ընտրվելու դեպքում իր թիմի հետ միասին պատրաստ են  դարձնել Վանաձորը բարեկեցիկ, հավասար իրավունքների ու հնարավորությունների քաղաք:

 

Տիկին Օհանյանը նկատեց, որ Հայաստանի կառավարման օղակներում կանանց  քիչ ներկայացված լինելը իր բացասական ազդեցությունն է ունենում որոշումների մակարդակում: Ինչն առավել ընդգծվում է, երբ առօրյա կյանքում ու գործունեության բոլոր օղակներում կանայք մեծամասնություն են կազմում: Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կարող ուժը կանայք են՝ ուսուցիչների, բժիշկների գերակշիռ մասը նրանք են, և այլ բնագավառներում էլ պակաս չեն .

 

«Կանայք միանշանակ շատ-շատ են ներկայացված մեր առօրյա կյանքում, բայց ցավոք՝ անկախ իրենց պատրաստվածությունից նրանց տեղ չեն տալիս  կառավարման օղակներում: Մինչդեռ կին ղեկավար ունենալը բավականին դրական ազդեցություն կունենա երկրի կամ առանձին վերցրած համայնքի կյանքում, քանի որ կինն ավելի  սկզբունքային է, ավելի կոշտ, բայց և ավելի արդար: Եվ այն երկիրը, որտեղ կինն է ղեկավարում , միանշանակ ծաղկուն երկիր է դառնում: Ի վերջո, եթե Պակիստանի պես մահմեդական երկրում Բենազիր Բհուտտոն կարողացավ նախագահ լինել, ապա Հայաստանում պետք է ու կարող է լինել… բայց տղամարդիկ այդ ճանապարհը փակում են: Մինչդեռ ես համոզված եմ, որ կին ղեկավար ունենալով երկրում առկա այս ծանր վիճակը կարող էր ավելի հեշտությամբ շտկվել»,- ասաց  նա:

 

Ինչ վերաբերում է Վանաձորում ընթացող ընտրական գործընթացներին ու առկա մրցակցությանը, տիկին Օհանյանն ասաց, որ զգում է հակաքարոզչությունը: Հիմնականում բակային հանդիպումների ժամանակ խանգարելու փորձերի,  հակաքարոզչական հայտարարություններ անելու մակարդակի վրա է, թեև դեպք է եղել, որ քաղաքական ուժերից մեկի ղեկավարն է Վանաձորում հանդիպումների ժամանակ բոլոր իր մրցակիցներին  պախարակել ու սևացրել: Տիկին Օհանյանը շեշտեց սակայն,որ  խոսքը ո՛չ ՀՀԿ-ի և ո՛չ էլ  «Լուսավոր Հայաստանի» մասին է:

 

«Բայց այդ ամենին կարելի է դիմանալ, եթե ունես կենսագրություն ու պատմություն, այս քաղաքում ապրած կյանք, երբ մարդիկ քեզ ճանաչում են և գիտեն ով ով է: Ի վերջո չմոռանանք, որ կյանքը հոկտեմբերի 2-ից հետո շարունակվելու է և մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնալու»,- հավելեց նա, նշելով, որ դրա համար էլ  իր սկզբունքներին երբեք դեմ չի գնացել:

 

Ի դեպ, դրա ապացույցն է այն, որ տարիներ առաջ, երբ 2012 թվականի ՏԻՄ ընտրություններին Այծեմնիկ Օհանյանը հերթական անգամ իր թեկնածությունը չառաջադրեց, խոսակցություններ կային, որ պատճառը մասամբ նաև գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանն էր: Մասնավորապես, տեղեկություններ էին շրջանառվում, որ տիկին Օհանյանը ժամանակին  դեմ էր քվեարկել քաղաքապետ Դարբինյանի առաջարկած նախագծերին, մինչև վերջ չդավաճանելով իր սկզբունքներին, ինչի պատճառով էլ նախորդ ընտրություններին չէր ընդգրկվել ավագանու կազմում:

 

Լիա Խոջոյան

 

Դիտեք նաեւ Լոռու հեռուստաընկերության հարցազրույցը թեկնածուի հետ.

 

 

Դիտումների քանակը` 1115

Վերադառնալ վերև