Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Այսօր առաջին անգամ նշվում է Աղջիկների միջազգային օրը/ վիդեո

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 11-ը հայտարարել է աղջիկների Միջազգային օր՝ ի նշան աղջիկների իրավունքների ճանաչման և այն յուրահատուկ խնդիրների, որոնց հետ բախվում են աղջիկները ամբողջ աշխարհում:

 

Այս տարի օրվա թեման է՝ աղջիկների վաղ ամուսնությունները, ինչը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների խախտում և անդրադառնում է աղջիկների կյանքի բոլոր ասպեկտների վրա:

 

Դիտեք մեր վրացական կոլեգայի՝ Գալինա Պետրիաշվիլիի նյութը, որը նա պատրաստել է հատուկ Աղջիկների միջազգաին օրվա կապակցությամբ: Ֆիլմում  ներառված են նաեւ կադրեր, որոնք նա նկարահանել է Հայաստանում:

 

 

ՄԱԿ-ը մտահոգող  վիճակագրություն է ներկայացնում աղջիկների վերաբերյալ: Աշխարհում ամեն երրորդ աղջկան բռնի կերպով ամուսնացրել են երեխա ժամանակ: Ներկայումս 23 մլն աղջիկներ ամուսնացել են 15 տարին չլրացած ժամանակ: Իսկ եթե դիտարկենք մինչև 49 տարեկան ժամանակակից կանանց, ապա նրանց 41 % կամ 400 մլն կնության են տվել մինչ իրենց 18 տարին լրանալը: Շատ հաճախ այդ պրակտիկան հանդիպում է Հարավային Ասիայում(46%), Սահարայից հարաց ընկած աֆրիկյան երկրներում (37%), Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետություններում(29%):Եվրամիությանը եւ ԱՊՀ տարածքին նման ամուսնոությունների 11%-ն է բաժին ընկնում:

 

Յունիսեֆը փորձում է ուշադրություն հրավիրել այդ խնդրին: Նշվում է, որ վաղ ամուսնությունները հաճախ բերում են վաղ հղիության, իսկ դա վտանգավոր է դեռեւս չձեւավորված օրգանիզմի համար:

 

Վաղ ամուսնությունները աղջիկներին զրկում են մանկությունից, ստիպում են կիսատ թողնել իրենց կրթությունը, մեծացնում են բռնության և չարաշահման վտանգը, և, այդպիսով, խոչընդոտ են հանդիսանում Հազարամյակի հռչակագրում ամրագրված գրեթե բոլոր նպատակներին հասնելու, ինչպես նաև առողջ հասարակության զարգացման համար:

 

Պարզվում է՝ ցածր կրթական մակարդակ ունեցող աղջիկների՝ վաղ տարիքում ամուսնանալու հավանականությունը ավելի մեծ է, և ունեցած տվյալները ցույց են տալիս, որ շատ դեպքերում այդ վաղ ամուսնությունը աղջիկների համար կրթության ավարտ է նշանակում: Եվ, հակառակը, միջնակարգ դպրոցն ավարտած աղջիկների վաղ ամուսնության հավանականությունը 6 անգամ ցածր է, այնպես որ կրթությունը հանդիսանում է աղջիկների շահերի պաշտպանության և վաղ ամուսնությունների դեմ պայքարի լավագույն ռազմավարություններից մեկը:

 

Կառավարություններին առաջարկվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային հանրության հետ համագործակցության շրջանակներիում միջոցներ ձեռնարկել աղջիկների ամուսնությունների կործանարար պրակտիկան վերացնելու համար.

 

–         ընդունել համապատասխան օրենքներ ամուսնության թույլատրելի տարիքը աղջիկների պարագայում մինչև 18 տարեկանը բարձրացնելու համար և ապահովել նրանց իրագործելիությունը, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը այն հարցի վերաբերյալ, որ վաղ ամուսնությունները հանդիսանում են աղջիիկների մարդու իրավունքների խախտում,

–         ապահովել որակյալ սկզբնական և միջնակարգ կրթության հասանելիությունը՝ ապահովելով սովորողների միջև գենդերային ճեղքվածքի վերացումը:

–         մոբիլիզացնել աղջիկներին, տղաներին, նրանց ծնողներին, ղեկավարներին և կողմնակիցներին՝ կործանարար նորմերը փոխելու, կանանց իրավունքների իրացման համար   հնարավորություններ ապահովելու նպատակով:

–         Արդեն իսկ ամուսնացածի կարգավիճակ ունեցող աղջիկներին ցուցաբերել օգնություն՝ առաջարկելով դպրոցական կրթություն ստանալու տարբերակներ, մատուցելով ծառայություններ սեռական և վերարտադրողական բնագավառում, պաշտպանելով նրանց ընտանեկան բռնությունից:

–         Վերացնել վաղ ամուսնությունների հիմքում ընկած արմատական պատճառները, այդ թվում գենդերային խտրականությունը, աղջիկների ցածր ինքնագնահատականը, աղքատությունը, կրոնական և մշակութային խտրական նորմերը:

 

 Լուսանկարը Գալա Պետրի

 

 

 

Դիտումների քանակը` 3986

Վերադառնալ վերև