Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա

Հայաստանում այս պահին 866 գյուղական  համայնքներից  միայն 18-ն են ղեկավարում կանայք, քաղաքային 49 համայնքապետների  շարքում կանայք չկան: Այս թիվը փոփոխության չի ենթարկվել նաեւ  2016-ին արդեն իսկ կայացած  7 ընտրություններից հետո, թեպետ դրանց արդյունքում   երկու կին  գյուղապետ  ընտրվեց: 

 

Մինչ սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ հերթական ընտրությունները հանրապետության տարածքում արտահերթ ու հերթական ընտրություններ էին  կայացել  մի շարք   համայնքներում:

 

Հունվարի 4-ին Լոռու մարզի Դարպաս գյուղում համայնքապետի արտահերթ ընտրություններում առաջադրված չորս թեկնածուների թվում ոչ մի կին չկար:

 

 

Հունվարի 24-ին նույն մարզի Մղարթ համայնքում արտահերթ ընտրություններում գրանցված երկու թեկնածուներից  հաղթանակ տոնեց Արմինե Մամաջանյանը: Նա մինչ այդ գյուղի դպրոցում ուսուցչուհի էր: ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված թեկնածուն ստացել էր 174 ձայն:

 

 

Փետրվարի 14-ին համայնքապետերի ընտրությունները էին  խոշորացված  Թումանյան, Տաթև, Դիլիջան համայնքներում: Առաջադրվածների թվում կանայք չկային:

 

 

Մարտի 20-ին Արմավիրի մարզի Նոր Արտագերսում գյուղապետի ընտրություններում երեք թեկնածու կար, այստեղ էլ կանայք չկային:

 

 

Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի  36 համայնքներում: Դրանցից 33-ում համայնքապետ էին ընտրում: 33 համայնքներից միայն մեկում կին թեկնածուն  է հաղթանակ տոնել:  Լոռու մարզի Դաշտադեմ համայնքում վերընտրվել է գործող  գյուղապետ, ՀՀԿ-անդամ   Մարինե Խռոյանը: Նրա միակ մրցակիցը՝ անկուսակցական Վահան Աղայանն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:

 

Կին թեկնածուներ էին առաջադրվել նաև Լոռու մարզի Խնկոյան, Սարչապետ, Արմավիրի մարզի Այգեկ համայնքներում:  Խնկոյան համայնքում կին թեկնածուն՝  Ռուզաննա Համբարձումյանը գործող գյուղապետի եղբոր աղջիկն էր, նա մինչ քվեարկության օրը ինքնաբացարկ էր հայտնել: Ինքնաբացարկ էր ներկայացրել նաև նույն մարզի Սարչապետ համայնքում առաջադրված կին թեկնածուն՝ անկուսակցական Անժելա Մարտիրոսյանը: Նա աշխատում է գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար:

 

 

Հուլիսի 3-ին Արագածոտնի մարզի Թթուջուր և Օթևան համայնքներում էին գյուղի ղեկավար ընտրում: Օթևանում երկու թեկնածուներից մեկը կին էր՝ անկուսակցական , ինքնաառաջադրված Գոհար Սայադյանը: Նա ստացավ հինգ ձայն՝ պարտվելով 17 ձայն ստացած ՀՀԿ առաջադրած թեկնածուին՝ Ջամալ Սալմոյանին:

 

 

Հուլիսի 10-ին համայնքապետի արտահերթ ընտրություններ անցկացվեցին Սյունիքի մարզի երկու գյուղերում՝ Դարբասում և Ախլաթյանում: Ընդհանուր առմամբ, 5 թեկնածուների թվում կանայք չկային:

  ***

Ամփոփելով 2016-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները փաստենք, որ այս տարի  հանրապետության 43 համայնքում տեղի էին ունեցել համայնքապետի ընտրություններ: Դրանցից միայն երկուսում են կանայք հաջողության հասել՝ Մղարթում ու Դաշտադեմում:

 

Հանրապետության որևէ քաղաք կին չի ղեկավարում, կանայք ներկայացված են  միայն գյուղական համայնքների ղեկավարների պաշտոններում:   ՀՀ  Տարածքային կառավարման  նախարարության տրամադրված տվյալների համաձայն այս պահին  կանայք ղեկավարում են.

 

Արարատի մարզի՝ Վ. Դվին,

Արմավիրի մարզի Արևաշատ և Արտամետ,

Գեղարքունիքի մարզի՝ Գեղաքար, Ծափաթաղ,Շատջրեք,

Լոռու մարզի Բազում, Դաշտադեմ, Մեղվահովիտ, Պաղաղբյուր, Մղարթ,

Կոտայքի մարզի՝ Նոր Երզնկա,  Շիրակի մարզի Ախուրիկ, Արեգնադեմ,

Սյունիքի մարզի՝ Հացավան,Շրվենանց, Տորունիք, Քարահունջ համայնքները:

 

Հայաստանի երեք մարզերում՝  Արագածոտնում, Տավուշում և Վայոց ձորում կին համայնքապետներ չկան:

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են

 

ՏԻՄ ընտրություններ. համայնքապետի պաշտոնում 21 կին է առաջադրվել

 

 

Դիտումների քանակը` 1123

Վերադառնալ վերև