Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Կանանց ներգրավվածությանը ՀՀ զինված ուժերում  անդրադարձ է կատարել «Առավոտ» օրաթերթը, նշելով, որ բավական երկար ժամանակ Հայաստանում քննարկվում է կանանց՝ բանակում ծառայելու հարցը:

 

…Ոմանք ողջունում էին այդ գաղափարը, ասելով, որ եթե հայ կանայք մասնակցել են ազատագրական պայքարներին, ապա կարող են զենքը ձեռքներին ծառայել տղամարդու կողքին: Նրանք այն կարծիքին են, որ բանակում կանանց ներկայությունը թույլ կտա խուսափելու տհաճ եւ ողբերգական միջադեպերից, իսկ ոմանք կտրականապես դեմ են գաղափարին՝ ելնելով մշակութային-հոգեբանական նկատառումներից: Վերջիններիս պնդմամբ՝ կանայք ֆիզիկապես չեն կարող տղամարդուն հավասար ծառայել, ավելին՝ բանակում նրանց ներկայությունը միայն բացասաբար կազդի զինվորների մարտական ոգու եւ զգոնության վրա. վերջիններս կսկսեն սիրաբանել միմյանց հետ: Խոսակցություններն ավելի թեժացան, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հունիսին հայտարարեց իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում եւ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում։ Կար տեսակետ էլ, թե կանանց ներգրավվածությունը ՀՀ զինված ուժերում կնպաստի բանակի ընդհանուր մթնոլորտի բարելավմանը եւ կլրացնի ռեսուրսների բազան:

 

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի, այդ քայլով բարեփոխումների շրջանակներում ՊՆ-ն փորձում է կանանց ներգրավել հայկական զինված ուժեր՝ լուծելով կարեւորագույն խնդիրներից մեկը՝ հավասարության սկզբունքով բանակի ընդհանուր որակի բարձրացումը: «Կանանց դերը բանակում շատ կարեւոր է, նրանք նպաստում են ընդհանուր մթնոլորտի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ հայ տղամարդը կնոջ ներկայությամբ իրեն ավելի զուսպ եւ կոռեկտ է պահում: Բանակում կանանց ներգրավվածությամբ մենք ուզում ենք կոտրել այն կարծրատիպը, թե բանակը կոպիտ, բռի վայր է», – ասում է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Հարցին՝ հնարավո՞ր է՝ մոտ ապագայում կանանց զինծառայությունը լինի ոչ թե կամավոր, այլ պարտադիր հիմունքով, պատասխանում է. «Կանանց պարտադիր զինծառայության մասին մենք դեռ չենք մտածում: Եթե անհրաժեշտություն լինի բալանսի բերել տղամարդկանց եւ կանանց թիվը, այդ դեպքում մենք կարող ենք մեծացնել հատուկ ստորաբաժանումներում պայմանագրային զինծառայող կանանց ներգրավվածությունը, որի գործընթացը մեկնարկել է վերջին մի քանի տարիներին»:

 

Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ այս բնագավառում յուրաքանչյուր նոր քայլ պետք է զգույշ անել: «Նույնիսկ Իսրայելում, որտեղ կանանց ծառայությունը պարտադիր է, երկար ժամանակ արգելվում էր ծառայել մարտական ստորաբաժանումներում: Եվ 2011-12թթ. նոր միայն ձեւավորվեց կանանց առաջին մարտական գումարտակը»,-ասում է պարոն Հովհաննիսյանը: Նա տեղեկացնում է, որ այս պահին Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում 3 կին ուսանող է սովորում, իսկ ՀՀ զինված ուժերում ծառայում են 2000-ից ավելի կանայք:

 

 

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավվածության միջոցով մենք փորձում ենք լրացնել տղամարդկանց ռեսուսների բացը: «Մենք թշնամական միջավայրում ապրելու դատապարված երկիր ենք, ճիշտ է՝ հիմա հարաբերական խաղաղություն է պահպանվում, բայց պատերազմը կարող է վերսկսվել, անգամ մեկ ավելի զինվորականը կարող է մեծ դեր խաղալ հայրենիքի պաշտպանության հարցով»,-ասում է նա:

 

«Առավոտի» հարցին՝ արդյոք, չկա՞ մտավախություն, որ հայոց բանակում կանանց ներգրավվածության դեպքում ազգաբնակչության թիվը կնվազի, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատասխանում է՝ ոչ: «Զինվորական եւ առհասարակ որեւէ մասնագիտություն ընտրելիս կինն անպայման պետք է հաշվի առնի իր անձնական երջանկության հեռանկարը: Շատ դեպքերում կնոջ կարեւորագույն ֆունկցիան ընտանիք կազմելն ու երեխաներ ունենալն է, եթե նա կարող է եւ՛ ծառայել, եւ՛ ընտանիք կազմել, բրավո նրան,- ասում է Դավիթ Ջամալյանը եւ հավելում,- չի բացառվում, որ տղամարդկանց միջավայրը կնպաստի ընտանիք ստեղծելուն»:

 

Կինը չի կարող ծառայել բանակում՝ ելնելով հոգեբանական, ստրատեգիական նկատառումներից, ասում է Արցախյան պատերազմի մասնակից, Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր, հետախույզ Վովա Վարդանովը. «Զինվորը նաեւ կյանք խլող է, իսկ կինը, ով արարում է, չի կարող նման բան կատարել, նշանակում է՝ պիտի կոտրես նրան: Չկա այնպիսի տղամարդ, ով պատերազմից հետո հոգեբանական խնդիրներ չի ունենում: Վայրիացած տղամարդը մի կերպ է վերադառնում իր բնականոն կյանքին, այս դեպքում ինչպե՞ս կարող է վայրիացած կինը դառնալ նորմալ մարդ: Մենք հո չե՞նք կրկնելու շեղումներ ունեցող ամերիկուհիների փորձը»:

 

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել նաեւ համամարդկային փորձը, եւ կտեսնենք, որ կանանց ջոկատների կողմից մարտական գործողություններում գրեթե հաղթանակ չի գրանցվել: Այս առումով բերում է Հնդկաստանի օրինակը: Իսկ ինչ վերաբերում է խառը, այսինքն՝ տղամարդկանց հետ հավասար ծառայելուն՝ նշում է, որ դա կարող է հանգեցնել ռազմական նշանակության լուրջ խնդիրների՝ զոհեր, զինվորների թվի նոսրացում եւ այլն. «Կինը չի կարող 10 տղամարդկանցից գոնե մեկի մոտ ցանկություն չառաջացնել: Բանակում կանանց ներգրավվածության դեպքում տղամարդկանց մոտ բնազդները տեղի կտան, նրանք կդադարեն լինել զինվոր եւ կկորցնեն առողջ դատելու ունակությունը, իսկ զինվորները պիտի լինեն խելացի»:

 

 

Իսկ ազատամարտիկ Աիդա Սերոբյանը նշում է՝ այդ ամենը սուտ է: «Ես այդքան տարի պատերազմի դաշտում եմ եղել, բայց ոչ մի անգամ իմ կողքին հայհոյանք չեմ լսել, անհարգալից վերաբերմունք չեմ տեսել, ընդհակառակը, կանանց ներկայությամբ տղամարդիկ ավելի զգոն էին եւ ուշադիր»,-հակառակ կարծիքն է հայտնում ազատամարտիկ Աիդա Սերոբյանը: Ինչ վերաբերում է կանանց ֆիզիկական պատրաստվածությանը, նշում է՝ կանայք ուժեղ են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես. «Սուտ է, թե կինը չի կարող ծառայել բանակում: Երբ ես զինվորների վերքերն էի բուժում, շատ աժդահա զինվորներ շրջվում էին այն կողմ: Ինձ ասում էին՝ ո՞նց ես դիմանում այս ամենին: Կինն ավելի ուժեղ ցավերի է դիմանում, որովհետեւ ավելի մեծ կամքի ուժ ունի»,- պատմում է նա: Աիդա Սերոբյանը նաեւ ավելացնում է՝ եթե կինը կարողացել է գնալ, զենքը ձեռքին կռվել թշնամու դեմ, ուրեմն կարող է ՀՀ զինված ուժերում ծառայել:

 

Վովա Վարդանովը համաձայն է այն կարծիքի հետ, որ կանայք պետք է սովորեն տիրապետել զենքին, քանի որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պատերազմի պարագայում, կարող են պաշտպանել հայրենիքը, սակայն դեմ է, որ կանայք այդ կրթությունը ստանան հայոց բանակում. «Կանայք պետք է ընդգրկվեն հատուկ ստորաբաժանումներ կամ ներքին ուժեր, որտեղ պաշտպանում են որեւէ կամուրջ, հիմնարկ, բայց ոչ ատոմային էլեկտրակայանը, որի պաշտպանության ճեղքման դեպքում կարող ենք կատաստրոֆիկ խնդիրներ ունենալ»: Վովա Վարդանովի խոսքով, մենք մեր բանակը պետք է կառուցենք մեր պայմաններին եւ ժամանակաշրջանին համապատասխան՝ հաշվի առնելով տարբեր երկրների այն փորձը, որոնք համապատասխանում են մեր չափանիշներին:

 

Նազենի Բաղդասարյան

«Առավոտ» օրաթերթ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.  

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 3055

Վերադառնալ վերև