Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անահիտ Բախշյան. «Շարունակելու եմ պայքարել, ինչպես մինչ օրս եմ արել»

Երևանի ավագանու անդամ,  Ազգային  ժողովի 4-րդ գումարման ամենաակտիվ պատգամավորներից մեկը  Անահիտ Բախշյանը դարձյալ պայքարում է պատգամավորական մանդատի համար:  Սկզբուքային տարաձայնությունների պատճառով  «Ժառանգություն» կուսակցությունից հեռացած  Բախշյանը  առաջադրվել է  «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակով, որում առաջին կին թեկնածուն է: WomenNet.am –ը մեկ անգամ  չէ, որ ներկայացրել  է տիկին Բախշյանի անցած ուղին, ընտրողներներն էլ իրեն լավ ճանաչում են,   քանի որ թե’ օրենսդիրում աշխատանքի, թե’ դրանից դուրս տարիների ընթացքում իր գործունեությունը եղել է առավել քան թափանցիկ:

 

– Դուք պատգամավոր էիք ընտրվել տասը տարի առաջ, երբ կանանց թիվը ԱԺ-ում փոքր էր ու հասարակությունը, կարծես, չէր ընդունում կնոջ դերը քաղաքականության մեջ: Ի՞նչ է փոխվել այս տաս տարիների ընթացքում, արդյոք աճել է կանանց դերակատարությունը քաղաքականության մեջ:

 

-Իրականում խորհրդարանում կանանց ներկայացվածության մասով թիվը առանձնապես չի փոխվել, մեր ժամանակ 11-ն էին, այսօր` 13-ը: Ես հույս ունեմ, որ  Ընտրական օրենսգիրքը, որը պահանջում է նվազագույնը 25 տոկոս կանանց ներկայություն, իրավիճակ կփոխի ու նաև այն առումով, որ եթե կին թեկնածուն ինքնաբացարկ է հայտնում, ապա նրան միան կին պետք է փոխարինի: Սա արդեն ինչ-որ չափով  երաշխավորում է, որ ԱԺ-ում կանանց թիվը կավելանա:   Անընդհատ հիշում եմ ամուսնուս` Յուրայի ասածը, ով ասում էր, որ կանանց թիվը որքան մեծ լինի խորհրդարանում, այնքան տղամարդ պատգամավորները իրենց ջենտլմեն կզգան: Իսկ այսօր շատ տղամարդ պատգամավորներ ջենտլմեն լինելուն նույնիսկ մոտիկ էլ չեն իրենց վարքագծով:  Ամենակարևորը սակայն այն է, որ կանանց մասնակցությունը ապահովում է սոցիալական ոլորտի օրենքներում ավելի արդար և ճիշտ ձևակերպումներ, կանանց , երեխաների ու ընտանիքների շահերի ավելի լավ պաշտպանություն:   Մի երկրում, որտեղ այսքան շատ սոցիալական խնդիրներ կան, դա անչափ  կարևոր է:

 

-Դուք բավարար համարո՞ւմ եք 25/75 հարաբերակցությունը, առավել ևս, որ միջազգային հեղինակավոր կառույցների հրամայականը  50/50 է:

 

-Իրականում Հայաստանում կանանց մասնակցության պահանջը ավելի բարձր է, քան ամրագրված  25/75 քվոտան: Բայց սա էլ ավելի բարձր է, քան եղել է նախկինում, այսինքն քայլերը դեպի ավելի  ժողովրդավարական խորհրդարան ունենալը իսկապես տեսանելի են: Այլ հարց է,  որ կանանց ներուժը շատ ավելի կարող է օգտագործվել, քան այսօր օգտագործվում է: Կանայք պիտի ցույց տան այս խորհրդարանում, թե որքան հետևողական են Հայաստանի ժողովրդավարացման հարցում ,  որտեղ յուրաքանչյուր մարդու իրավունքը պաշտպանված լինելը առաջնային խնդիր պետք է լինի: Իսկ կանայք, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից  կամ կուսակցական պատկանելիությունից  նման խնդիրների նկատմամբ ավելի զգայուն են, քան տղամարդիկ: Եվ եթե կանանց ներկայությունը տարբեր ոլորտների բարձր մակարդակներում, ոչ միայն  օրենսդիրում, ավելանա, ապա մեր իրականության շատ ու շատ ախտեր անշուշտ կնվազեն:

 

-Տիկին Բախշյան, այս ընտրություններին մասնակցում եք այլ թիմի հետ: Արդյոք «Ազատ դեմոկրատների» օրակարգում կանանց վերաբերող խնդիրներ կան, պատրաստվո՞ւմ եք, արդյոք,պաշտպանել կանանց իրավունքները խորհրդարանում:

 

-Եթե  վերադառնամ Ազգային Ժողով, ապա միանշանակ շարունակելու եմ այդ հարցերը պահել իմ ուշադրության կենտրոնում և պայքարել, ինչպես մինչ օրս եմ արել, Անահիտ Բախշյանը կանանց իրավունքների պաշտպանության համար ևս: Մեր ծրագրում կետեր կան, որոնք վերաբերում են ընտանիքի, կանանց սոցիալական խնդիրների լուծմանը և ունենք լուրջ առաջարկներ, որոնցից մեկը վերաբերում է երեխայի խնամքի արձակուրդին` ընդհուպ մինչև այն, որ հայրը նույնպես իրավունք ունենա երեխայի խնամքի արձակուրդ ունենալ: Բացի այդ, մեր ծրագրում ամրագրել ենք մի շատ կարևոր դրույթ`  նախադպրոցական կրթությունը պետք է լինի պարտադիր: Մեր նախադպրոցական տարիքի երեխաները պետք է կարողանան պարտադիր մանկապարտեզ հաճախել:  Այնպես որ  եթե  անցնեմ խորհրդարան` իսկապես շատ գործ ունենք անելու:

 

-Ո՞րն է Անահիտ Բախշյանի հաջողության բանաձևը:

 

-Գրագիտություն, աշխատասիրություն և գրելու հանդեպ սեր: Պատգամավորի համար գրելը շատ կարևոր է`ոչ միայն օրենք գրել, այլև դրանք իմանալ, ճիշտ նամակ գրել, հասցեագրել, նամակները կարդալ: Սրանք հմտություններ են, որոնք շատ կարևոր են և ես համոզված եմ, որ առանց գրելու հմտության որևէ պատգամավոր հաջողության չի հասնի: Սա է ինձ համար ակնհայտ ճշմարտությունը:

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 880

Վերադառնալ վերև