Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անահիտ Մանուկյան. «Պիտի չհուսահատվես, այլապես կմնաս կես ճամփին»

anait-2-600x450

Վայոց  ձորի հեռավոր բնակավայրերից  մեկում` Եղեգիսում  արցախյան  պատերազմից հետո հաստատվեցին ԼՂ-ից, Նախիջևանից, Բաքվից եկած  հայ  ընտանիքները: Այսօր  համայնքը  նրանց  ձեռքում  վերածվել է  դրախտավայրի: Արևածագից մինչ ուշ երեկո, աշխատանքով ,  իր տնտեսությամբ, հողամասով ու մեղվի փեթակներով  զբաղվող եղեգիսցու համար օրն ակնթարթ է թվում: <Հաճախ մոռանում ենք, որ հաց էլ չենք  կերել>,- մեղվափեթակի վրա աշխատանքն  ընդհատելով ասում է Անահիտ Մանուկյանը:

 

 

Զրույցից  պարզվում է, որ կենսախինդ ու  դրական  հույզերով լի  այս  կնոջ  հարստությունն իր գեղեցիկ ու համեստ  ընտանիքն է, սեփական  հողակտորից ստացած  բարիքն  ու  նաև  օդի, ջրի, սննդի էկոլոգիական  մաքրության  բարձր աստիճանով  հագեցած,  գեղատեսիլ ու առատաձեռն  բնությամբ լի հարազատ համայնքը:

 

 

Անահիտը համայնքի  բուժկենտրոնի տնօրենն ու  ընտանեկան  բուժքույրն է: Մարդկանց առողջական  և առհասարակ բոլորի  հոգսերին արձագանքող Անահիտի մոտ բարեգթությունն ու հոգատարությունը ոչ միայն  մասնագիտական, այլև մարդկային  հատկանիշներ են: Քաղաքական ու հասարակական  կյանքով  հետաքրքրվող կինը դրսևորվեց  նաև  մարզկենտրոնում և մայրաքաղաքում  կազմակերպված սեմինարիներին իր ակտիվ մասնակցությամբ: Իսկ երբ ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակը  Վայոց ձորի Եղեգիս  և Հերմոն համայնքերում աջակցեց  գյուղատնտեսական  կոոպերատիվների ստեղծմանը, Անահիտ  Մանուկյանն  ընտրվեց <Եղեգիս> գյուղատնտեսական  սպառողական  կոոպերատիվի  նախագահ: Կոոպերատիվում  ընգրկված 35 կանանց  որպես  ալտերնատիվ  միջոց  տրամադրվեց  բանջարանոցային  տեսակներ` այսօր շուկայում  մեծ  պահանջարկ վայելող  կոլրաբի, բրոկկոլի, չերրի լոլիկներ և չիլի պղպեղներ:  Տքնաջան աշխատանքի արդյունքը եղավ այն, որ 2014 թվականին  <Գյուղմթերք արտադրության  կին-հերոս> ամենամյա ազգային  մրցանակաբաշխությանը մասնակցող Անահիտ Մանուկյանը համարվեց  լավագույն  կին  ֆերմերը:

 

– Կոոպերատիվի  հիմնադրման առաջին  տարին առատ  բերք ստացանք,  ՕՔՍՖԱՄ-ի մեր աջակիցներին արդյունքը  գոհացրեց,  պարզապես  դժվարանում ենք լուծել տեղափոխման խնդիրը: Ոչ միայն դրա, այլև մեր  հողամասերում արտադրած գյուղմթերքի իրացումը  նույնպես  խնդիր է: Գյուղի  կանայք  զբաղվում են  նաև անասնապահությամբ  ու  մեղվապահությամբ,իսկ  գարնանը համայնքի  շրջակա դաշտերից  հավաքած շուշանն ու մանդակը, մեր հողամասերում աճեցրած հատապտուղները վաճառում  կամ պահածոյացնում  ենք: Մեր  մթերքների համն ուրիշ է,  հատկապես թոնրի լավաշի,  անարատ  կաթից պատրաստված  պանրի ու բուրավետ  մեղրի: Մենք  պարապ  չենք  մնում,  մեկ  բաժակ սուրճ խմելիս էլ  քննարկում ենք մեր  արտադրանքի  տեղափոխման և իրացման  խնդիրները, ուղիներ փնտրում: Կանայք  սիրով են աշխատում  կոոպերատիվում,  չզարմանաք,  բայց մեր շարքերում  80-ամյա կին- ֆերմեր կա,- ասում է Անահիտը:

 

Իսկ  պրպտող  միտքը  միշտ էլ  ելք է  գտնում: Գյուղի  խնդիրներին քաջատեղյակ Անահիտը շուրջ  10 տարի առաջ ՏԻՄ   ընտրություններում առաջադրվել է համայնքապետի  պաշտոնի  համար, սակայն  ձայների  չնչին տարբերությամբ  դուրս  է  մնացել  պայքարից: Այս անգամ  ցանկանում է  ուժերը փորձել համայնքի ավագանու թեկնածուի ընտրություններում, թեև տեսադաշտում երկու  տարի հետո տեղի ունեցող ՏԻՄ  ընտրություններն են, քանի որ նրա  համոզմամբ որպես  համայնքապետ կարող է ավելին անել, քան  ավագանու անդամը:

 

Աշխատանքին  և  տնտեսությանը  վերաբերող նրա  ծրագրերին ու որոշումներին ամուսինն ու երկու  տղաները  չեն  ընդդիմանում, քանի որ  խարիզմատիկ խառնվածքով  օժտված  Անահիտի հաջողություններն  արդարացնում են դրանք: Իսկ  մեղվապահությունը  պարզապես Անահիտի  տարերքն է: <Ես  շատ եմ սիրում  զբաղվել մեղվապահությամբ: Որքան էլ  հոգնած լինեմ, երբ  մտնում եմ  մեղվանոց,  մի տեսակ  հանգստանում եմ: Շատ առողջարար է, ասում են  մեղվապահները սրտի և ուռուցքային  հիվանդութրուններով  չեն  հիվանդանում: Իմ  արտադրած  մեղրը   կոոպերատիվի  հետ  կապ  չունի, ես այն արտահանում եմ Ռուսաստան,- ասում է Անահիտը:

 

Համայնքի ամենացավոտ  հարցերից մեկը արտագաղթող  երիտասարդների հոսքի դադարեցումն է, ով  կուզի, որ իր  գյուղը  համալրի  ծերացող  համայնքերի շարքը,  կառավարությունը  պետք է  հասկանա, որ  դատարկվող  գյուղն ու  երկրից  հեռացող  երիտասարդությունը  թուլացնում են պետության  հիմքը: Եղեգիսի դպրոցի աշակերտությունը  150-ից իջել է 50-ի: Պետք է ամեն  գնով եղեգիսցի երիտասարդին կապել  իր հողին:

 

-Որ ասեմ, երիտասարդները  չեն սիրում  իրենց  համայնքը, սուտ  կլինի,  չկա  նման  մեկը: Մեր  գյուղի  չքնաղ բնությունն ու պատմամշակութային  հարուստ ժառանգությունը աշխարհի հետ փոխել  չի լինի: Բայց աշխատատեղ  չկա, նոր տուն  կառուցելու հնարավորություն  չունի եղեգիսցին, ստիպված  երիտասարդը  լավ  ապրելու հեռանկարը տեսնում է դրսում` Երևանում  կամ թե հայրենիքից  դուրս: Պետք է  կանխել, եթե  ցանկությունը կա, ուրեմն  միջոցներ էլ  կգտնվեն,-վստահաբար ասում է Անահիտը:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 1326

Վերադառնալ վերև