Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անի Գևորգյան. «Հաշտվել թե՞ պայքարել. ես միշտ ընտրել եմ երկրորդ տարբերակը»

Ֆոտոլրագրող, ակտիվիստ Անի Գևորգյանը ընդդիմադիր դաշտի ամենաերիտասարդ  կին ներկայացուցիչներից է: Երկու եղբայրների՝ Արեգի և Սարգսի հետ 2008 թվականից մասնակցում է քաղաքական և քաղաքացիական բոլոր ակցիաներին, որոնք նախաձեռնում է Հայ ազգային կոնգրես կուսակցությունը: Անին ոչ միայն քաղաքական ուժի ներկայացուցիչ է, այլև՝ պայքարի վավերագրող: Որպես լրագրող՝ Անին բազմիցս լուսաբանել է ընտրական գործընթացները, նրա արձանագրած ապօրինությունների հիման վրա գործեր են հարուցվել ՀՔԾ-ում: 2016 թվականից Անի Գևորգյանը նաև կուսակցության վարչության անդամ է: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից առաջադրվել է Հայաստանի թիվ 12 ընտրատարածքը ընդգրկող Սյունիքի մարզում:

 

Ազգային ժողովը  Անի Գևորգյանի համար պայքարի նոր ամբիոն է ուղղակի. ձայնն ավելի լսելի դարձնելու, խնդիրները հասցեատերերին դեմ առ դեմ կանգնած ներկայացնելու  հնարավորություն:  Քաղաքացիական-հասարակական ակտիվության տրամաբանական շարունակությունն ինչ-որ օր պետք է հանգեցնեն քաղաքական պայքարի այս փուլին:

 

«Ինձ համար որևէ անտրամաբանական բան չկա այս որոշմանս մեջ: Որպես քաղաքացիական ակտիվիստ  պայքարը սկսել եմ 2008 թվականից, երբ սկիզբ առավ  Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը: Հենց սկզբից Հայ ազգային կոնգրես շարժման անդամ եմ եղել, հետո՝ նաև կուսակցության անդամ: Այսինքն՝ ինձ համար շատ հստակ է եղել իմ դիրքորոշումը  երկրում փոփոխություններ անելու անհրաժեշտության վերաբերյալ: Դա ինձ համար սովորական, ներքին պահանջներից և համոզմունքներից դրդված քայլ է եղել: Անցյալ տարի դեկտեմբերին ընդգրկվեցի նաև ՀԱԿ վարչության կազմում, այնպես որ ընտրություններում առաջադրվելու  որոշումս սահուն և հանգիստ եմ կայացրել»,- պատմում է Անին:

 

Ասում է իր  համար որևէ տարբերություն չկա՝ մասնակցել քարոզարշավին որպես թեկնածու, թե՝ որպես կուսակցության շարքային անդամ, ով պատրաստ է օգնել կուսակից ընկերներին:  Երկու դեպքում էլ  ջանք չի խնայում:  Դեպի խորհրդարան տանող ճանապարհին Անիին ուղեկցում են պատասխանատվության զգացումը և փոփոխությունների իրականացման համար լրացուցիչ լծակներ ունենալու ցանկությունը:

 

«Պահանջել և ստանալ խաղաղություն»

 

Անի Գևորգյանի համար քաղաքական պայքարն երբեք   ինքնանպատակ չի եղել.  պայքարելւ է այն գաղափարների համար, որոնց հավատում է: Այս փուլում պայքարելու է, որպեսզի սահմանին զոհված տղաների մասին լուրերը դադարեն սովորական լինելուց.

 

«Այսօր շատերը շարունակում են խոսել ընտրությունների մասին՝ դիտարկելով դրանք նույն տեսանկյունից, ինչ տարիներ առաջ: Սա հիմնական սխալներից մեկն է.  այսօր պետք է հստակ գիտակցել՝ Հայաստանի և ՀՀ քաղաքացու համար սկսվել են ծանրագույն ժամանակներ՝ խաղաղության և կայունության պահպանման առումով: Մեր քաղաքական ուժը ընտրել է մեկ ուղենիշ՝ Հայաստանի և Արցախի անվտանգության, խաղաղության թեման դարձնել հնարավորինս լայն քննարկման առարկա: Մեր պայքարի գերնպատակը հենց դա է՝ հասցնել մարդկանց այն գաղափարը, որ ՀՀ քաղաքացին իրավունք ունի պահանջել և ստանալ խաղաղություն»,- ասում է թեկնածուն:

 

Նա համոզված է՝ միայն խաղաղության առկայության դեպքում է հնարավոր խոսել զարգացման ու փոփոխությունների մասին: Մնացյալ բոլոր դեպքերում խոսքը գործի չի հասնելու:

 

Անին մի շարք խնդիրներ է առանձնացնում, որոնց լուծումն , իր կարծիքով, անհրաժեշտ է օր առաջ՝ տնտեսական բարեփոխումներից մինչև կառավարման խորհրդարանական համակարգի չեղարկում և նախագահական համակարգի հետանցում:

 

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը լուրջ, մասնագիտների կողմից մշակված և իրատեսական նախընտրական ծրագիր է ներկայացրել, որը ներառում է հանրային կյանքի բոլոր ոլորտները՝ սկսած մենաշնորհների վերացումից՝ մինչև կարմիր գծերի խնդիրը: Բայց այս ամենը հնարավոր է միայն մեկ նախապայմանի՝ խաղաղության առկայության դեպքում: Քանի դեռ խաղաղությունը չի դարձել համընդհանուր քննարկման և ձգտման առարկա, հարց, որին ուղղված կլինեն բոլորիս ջանքերն ու ռեսուրսները, ոչինչ չի ստացվելու: Պետք է սթափ գիտակցել՝  մենք դեռ ունենք այդ խաղաղությանը հասնելու հնարավորություն՝ մեզ համար գոնե ինչ-որ չափով ձեռնտու տարբերակով: Մենք այն սերունդն ենք, որ խաղաղություն չի տեսել: Բայց ես ուզում եմ տեսնել այն»,- ասում է Անի Գևորգյանը:

 

«Ինձ միշտ շրջապատել են մարդիկ, ովքեր խրախուսել են իմ ակտիվությունը»

 

«Ես ունեմ համոզմունք, համաձայն որի՝ ցանկացած մարդ՝ անկախ իր սեռից, տարիքից, սոցիալական կամ որևէ այլ կարգավիճակից, պետք է օգտվի իր սկզբունքների համար պայքարելու իրավունքից: Մենք բոլորս ապրում ենք հասարակության մեջ՝ ամեն օր բախվելով որևէ խնդրի: Եվ ամեն անգամ մեր առջև կանգնում է մի հարց՝ հաշտվե՞լ ստեղծված իրավիճակի հետ, թե՞ պայքարել: Ես միշտ ընտրել եմ երկրորդ տարբերակը»,- ասում է Անի Գևորգյանը:

 

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուն ընդդիմադիր դաշտի ամենաերիտասարդ կին ներկայացուցիչներից է: Ասում է , որ երբևէ չի զգացել իր նկատմամբ խտրականություն՝ սեռով կամ տարիքով պայմանավորված.

 

«Ես՝ որպես լրագրող, բազմիցս առնչվել եմ կանանց հետ, որոնց իրավունքները խախտվել են տանը, աշխատավայրում, կամ որևէ այլ իրավիճակում: Բայց ինքա  այն հաջողակներից եմ, որ երբևէ որևէ սահմանափակում չի զգացել՝ ո՛չ որպես կին, ո՛չ որպես երիտասարդ: Ավելին՝ ինձ միշտ շրջապատել են մարդիկ, ովքեր խրախուսել են իմ ակտիվությունը և ես միշտ զգացել եմ հարգանքն իմ համոզմունքների նկատմամբ»,- ասում է երիտասարդ թեկնածուն:

 

Դրա հետ մեկտեղ, ասում է, որ մեր երկրում երիտասարդների և հատկապես կանանց ներուժը չի օգտագործվում, ոչ թե այն պատճառով, որ չկա, այլ, որովհետև  դա հակասում է միջավայրի կողմից  ընդունված, ձևավորված կանոններին: Անիի համոզմամբ՝ հենց սեփական ներուժի իրացման հնարավորության բացակայությունն է շատերին դրդում արտագաղթի.

 

«Հայաստանում ձևավորվել է մի միջավայր, որը երիտասարդներից ակնկալվում է շատ հստակ չափորոշիչներին համապատասխանելու ունակությունը ՝ լինել հնազանդ, հրաժարվել պայքարից և այլն: Այդ չափորոշիչներից դուրս ապրողները, սեփական ուղին ընտրողները, բնականաբար, դառնում են փոքրամասնություն, որը ամեն քայլափոխի բախվում է   հարմարվողականությանը:  Հայաստանում որևէ բան փոխելու համար պետք է փոխել, նախ և առաջ, այդ միջավայրը»,- ասում է Անին ու ավելացնում՝ ուզում է ապրել մի երկրում, որի բնակիչները համատարած ընկճախտի մեջ չեն լինի:

 

«Ես չեմ վախենում կարծրատիպերից»

 

Անի Գևորգյանին չեն վախեցնում ո՛չ ընտրապայքարը, ո՛չ իր համար նոր ընտրատարածքը՝ Սյունիքը, ո՛չ էլ կանանց նկատմամբ քաղաքականության մեջ առկա կարծրատիպերը: Բոլոր կանխակալ կարծիքների համար Անին պատասխան ունի՝ աշխատանքով ապացուցել հակառակը.

 

«Նման կարծրատիպերի ես շատ եմ հանդիպել՝ նաև լրագրողական աշխատանքի  ընթացքում: Օրինակ, շատերն ասում են՝ եթե լրագրող է, ուրեմն՝ վաճառվում է կամ ստում: Բայց երբ հայտնվում է մեկը, ով իր աշխատանքով ապացուցում է, որ ո՛չ վաճառվում է, ո՛չ էլ ստում, կարծրատիպը կոտրվում է: Նույնն էլ կին քաղաքական գործիչների վերաբերյալ: Մարդիկ վերապահումով են մոտենում նրանց: Բայց այս դեպքում ևս լուծումը հեշտ է՝ աշխատանքով փոխել այդ կարծիքը»,- ասում է Անին:

 

Երիտասարդ թեկնածուն հանգիստ է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին: Նա համարում է, որ մարդը, ով պատասխանատվություն է ստանձնել՝ փոխելու որևէ բան, պետք է պատրաստ լինի բոլոր տեսակի կարծիքներին.

 

«Ցանկացած տեսակի վստահությունը պետք է վաստակվի՝ լուրջ ու ծանր աշխատանքով»,- համոզված է նա:

 

Անին պատրաստակամ է շարունակել պայքարը մինչև հաղթանակ՝ հաղթանակ նախկին հիասթափությունների, հարմարվողականության ու հուսահատության դեմ: Ապրիլի 2-ին ընտրության գնացողներին Անին մեկ հորդոր ունի՝ ընտրել այն քաղաքական ուժին, որը կվերականգնի հարգանքը սեփական քաղաքացիների նկատմամբ:

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 1245

Վերադառնալ վերև