Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անկոտրում Նոյեմ տատը երեք անգամ «փախստական» էր դարձել…

Ամեն անգամ «Դլե յամանի» թախծոտ հնչյունները լսելով Լաուրա Հարությունյանը հիշում է մորը՝ Նոյեմին, ում ճակատագիրն այնքան համահունչ էր այս երգի բառերին։ Իր երկար կյանքի ընթացքում, իսկ Նոյեմը, ի հեճուկս բոլոր դժբախտությունների, ապրեց 89 տարի, նա մի քանի անգամ ստիպված լքել է իր հարազատ վայրերը՝ երեք անգամ բռնելով գաղթի ճամփան…

 

 

 

Առաջին անգամ նրա ճակատագրին խառնվեց 1915-ի ողբերգությունը։ Փոքրիկ Նոյեմն ընդամենը երկու տարեկան էր, երբ Կարսի նահանգի Ստահան գյուղում ապրող իրենց բազմամարդ ընտանիքի համար ավարտվեց խաղաղ կյանքը:

 

 

 

Ամենափոքրիկներին սովից փրկելու համար ծնողները նրանց հանձնեցին նորաբաց ամերիկյան որբանոց։ Մանկության ամենավառ հիշողությունը պարոն Բրաունն էր. պարոն Բրավոնը, ինչպես նրան կոչում էր Նոյեմը: Նա միշտ մի համեղ բանով էր հյուրասիրում  և քնքշորեն շոյում յուրաքանչյուր փոքրիկի գլուխը։ Իսկ Նոյեմն այն ժամանակ այնքա՜ն քնքշանքի կարիք ուներ…

 

 

Սակայն Նոյեմիկը չէր հուսահատվում։ Նրան ամենևին չէր տխրեցնում, որ չի հաջողվել մեկնել «կուշտ» Ամերիկաներ. մանկատան տնօրինությունը մտադիր էր երեխաների մի մասին տեղափոխել «Նահանգներ», բայց հետո ինչ-որ բան չստացվեց… Ամեն դեպքում հայրենիքում ավելի լավ է, ու հարազատներն էլ կողքին են… Սակայն Կարսում իրավիճակը սրվեց, և երբ գյուղ մտան ենիչերիները, հայրը երեխաների հետ (Նոյեմի մայրն մահացել էր) ստիպված էր փախչել։ Ամենաահավորն այն էր, որ այդ պահին չկարողացան իրենց հետ տանել կույր տատին, իսկ երբ մեծ եղբայրը հետ վերադարձավ, տատիկն արդեն անշունչ պառկած էր…

 

 

Հարությունյանների ընտանիքը ճամփա բռնեց մոտակա Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Սովի տարիներ էին, ու Նոյեմին հերթական անգամ հանձնեցին որբանոց։ Ի տարբերություն ամերիկյանի, Ալեքսանդրապոլի մանկատան երեխաները գրեթե միշտ սոված էին։ Նա և մորաքրոջ աղջիկը հազիվ էին կարողանում մի կտոր սև հաց թաքցնել լաթի մեջ բակում, իսկ հետո ուտել։ Սակայն ավելի հաճախ նրանք թաքցրածը տալիս էին մորաքրոջ թուլակազմ տղային՝ Գեղամին։ Աղջիկները նրա համար գուլպա էին գործում. թելը հյուսում էին ներքնակից գաղտնի դուրս քաշած բամբակից։ Հետագայում «նվազ» Գեղամը դարձավ ընտանիքի հպարտությունը. մեծացավ, սովորեց, կուսակցական աշխատանքի անցավ, բարձր պաշտոնի հասավ։

 

 

Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, և այս անգամ Հայաստանի առաջին հանրապետության տարածք ներխուժած թուրքական բանակի հանդեպ վախը ստիպեց Նոյեմի ընտանիքին նորից փախչել։ Երկար դեգերումներից հետո ճակատագիրը նրանց նետեց արդյունաբերական Բաքու, որտեղ նրանք աշխատանք գտնելու հույս ունեին։ Նոյեմն ընդամենը 15 տարեկան էր, երբ աղջիկ ուզելու եկան հայրենակիցները՝ Կարսի նահանգի Բաշգյուղից 23 տարեկան Հմայակը։ Նա միանգամից դուր եկավ Նոյեմին։ Իր հարսանիքը չէր հիշում։ Արդյոք եղե՞լ էր որ…

 

 

Սկզբից երիտասարդներն ապրում էին ծայրամասային Զաբրատում, այստեղ էլ ծնվեցին եղբայրը՝ Ռաֆայելը, Եվգենյան, Ժասմենը և փոքրիկ Լաուրան, իսկ մի քանի տարուց տեղափոխվեցին Բաքվի կենտրոն։ Պերվոմայսկայա 1 փողոցի իրենց երեքսենյականոց ընդարձակ բնակարանի բանալիները մինչև հիմա էլ Լաուրա Հմայակովնայի մոտ են։ Այնտեղ նա, երկու քույրերն ու եղբայրը մեծացան և ոտքի կանգնեցին. նրանք բոլորն էլ բարձրագույն կրթություն ստացան։

 

 

 

Բաքվում, հատկապես կռվի տարիներին, սով էր։ Սակայն Նոյեմն անասելի ջանքեր էր գործադրում, որ ընտանիքը քաղցի չմատնվի։ Նա հարևանուհու հետ լավաշ ու հաց էր թխում։ Ամռանը փրկում էին այգին ու բանջարանոցը, որը նա ուներ արվարձանում. աճեցրած բանջարեղենը հասցնում էր քաղաք ու վաճառում։ Ձմռանը մի ճար էր գտնում հայրը. աշխատանքի բերումով լինում էր շրջաններում, որտեղից երեխաների համար «վիտամիններ» էր բերում։

 

 

Սակայն ճակատագիրը նորից դադարեց ժպտալուց. այդպես էլ չհաջողվեց 19 տարեկան Ռաֆիկին մենինգիտից փրկել։

 

 

«Մաման այն ժամանակ շատ էր լաց լինում,- հիշում է Լաուրա Հմայակովնան։ – Սակայն չհանձնվեց. 38 տարեկանում որոշեց ու ամուսնուն նորից որդի պարգևեց։ Անունը դրեց Ռաֆայել, բայց մենք Ռոմա էինք ասում»։

 

 

Ավաղ, հորն ու որդուն վիճակված չէր երկար շփվել։ Ռոման ընդամենը 11 տարեկան էր, երբ հայրը դժբախտ պատահարի զոհ դարձավ։

 

 

Բաքվում ապրած 65 տարիների ընթացքում Նոյեմը շատ բան էր տեսել, սակայն երբեք չէր մտածում, որ արդեն տարեց հասակում նորից ստիպված կլինի փախստական դառնալ, երրորդ անդամ… 88-ին նրանց տան դուռը հանկարծ բախեց Ժողովրդական ճակատի ակտիվիստ դարձած հարևանը։ Նրան չհաջողվեց բնակարան ներխուժել, զանգահարեցին միլիցիա…

 

 

«Երկար ժամանակ Բաքվում ծավալվող իրադարձությունները մենք լրջորեն չէինք ընդունում. մեզ թվում էր՝ ուր որ է ամեն ինչ կկարգավորվի։ Ու կապրենք առաջվա պես՝ հյուրեր ընդունելով, հյուրասիրելով մայրիկի կարկանդակներով և ֆիրմային փախլավայով,- պատմում է Լաուրան, և միայն այդ հիշողությունից նրա աչքերին արցունքներ են հայտնվում։  – Մեզնից ոչ ոք չի կարող մամայի նման փախլավա թխել։

Նա անգերազանց վարպետ էր, ամեն գործի մեջ հոգի էր դնում։ Ու բացի այդ, չափազանց բարի անձնավորություն էր, և այդպիսին մնաց մինչև իր կյանքի վերջը, ճակատագրի հարվածները չկարողացան նրան չարացնել»…

 

 

Ավաղ, առաջվա պես ապրել չհաջողվեց։ 1989-ի վերջին, հունվարի ջարդերի համարյա նախօրեին, Հարությունյանները, գիտակցելով, որ Բաքվում մնալը վտանգավոր է, համարձակվեցին հերթական տեղափոխության։ Լաուրան այն ժամանակ 44 տարեկան էր, մայրը՝ Նոյեմը՝ 75։ Լաուրայի ամուսինը մեկնել էր Ռուսաստան՝ ընտանիքի հետագա գոյության տարբերակներ փնտրելու, սակայն շուտով, ապրումներին չդիմանալով, մահացավ։ Իսկ Լաուրան 15-ամյա դստեր՝ Ռեգինայի, մոր, սկեսրոջ ու չամուսնացած քրոջ հետ ուղղվեց Երևան։ Լաուրան մինչ օրս երախտապարտ է ադրբեջանցի գործընկերներին, որոնք օգնեցին նրանց շուտ մեկնել Բաքվից։

 

 

Երևանում փախստականներին օթևան տվեց Նոյեմի ավագ դուստրը, որը Հայաստանում էր ամուսնացել։ Երկար տարիների ընթացքում կուտակածից հաջողվել էր վերցնել միայն խնայբանկի գրքույկները, սակայն Սովետական Միության փլուզումից հետո դրանք այդպես էլ չհաջողվեց կանխիկացնել, իսկ առանց անհրաժեշտ գումարի Երևանում բնակարան գնել՝ չստացվեց։ Գտան ժամանակավոր, ինչպես նրանց թվում էր սկզբում, կացարան հատուկ դպրոցներից մեկի մասնաշենքում։ Առանց տարրական պայմանների փոքրիկ սենյակում կանայք մնացին մի քանի տարի։ Ամենաահավորը այն տարիներն էին, երբ Նոյեմ տատը վերջնականապես կուրացավ ու սանհանգույց ծառայող դրսում գտնվող շինությանը մեծ դժվարությամբ էր հասնում։

 

 

Այսօր՝ երկու տասնամյակ անց, Լաուրա Հմայակովնան քրոջ, դստեր և թոռան հետ ապրում է նույն դպրոցի մասնաշենքում։ Ու թեպետ մոր մահից հետո ղեկավարությունը նրանց ավելի մեծ սենյակ տրամադրեց, կանայք դեռ երազում են տաք ջրի և տան ջերմության մասին։ Դիմել և գրել են ամեն տեղ, ուր հնարավոր է, սակայն բնակարանի հարցը այդպես էլ չի լուծվում:

 

 

Ի հեճուկս բոլոր դժվարությունների ՝ իր 67 տարեկանում Լաուրան Հմայակովնան եռանդուն է և «հանրակացարանի» հարևանների շրջանում ակտիվիստի անուն է հանել։ Ու թեպետ վերջին շրջանում առաջին անհրաժեշտության սննդամթերքի համընդհանուր գնաճը ստիպում է հերթական անգամ գոտիները ձգել, իսկ տատիկի բաղադրատոմսով «ֆիրմային փախլավան» մեծ շքեղություն է դարձել նրանց համար, այնուամենայնիվ Լաուրայի սենյակը միշտ լի է հյուրերով: Նա ընդունում է բոլորին սրտանց՝ հյուրասիրելով այն, ինչ ունի… Այդպես է միշտ արել երբեք չհուսահատվող Նոյեմ տատը…

 

 

Ասյա Ծատուրովա

Դիտումների քանակը` 3245

Վերադառնալ վերև