Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անուշ Պողոսյան. «Հայրենիքը պետք է ընկալել որպես սեփական ընտանիք»

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը նախքան այդ պաշտոնը ստանձնելը երկար տարիներ աշխատել է Մարտունու բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-էնդոկրինոլոգ: Այսօր նա նաև ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով թիվ 8 ընտրատարածքում  առաջադրված թեկնածու է, որը շատ լավ պատկերացնում է ու հասկանում մարզի առողջապահության ոլորտը՝ ինչի՞ կարիք ունեն բժշկական հիմնարկները,  ի՞նչ սպասելիք ունի հիվանդը բժշկական հիմնարկներից: Եվ հետո` բժշկի մասնագիտությունը հնարավորություն է տալիս ամենօրյա ռեժիմով շփվել մարդկանց, լսել նրանց, ինչն ուղղակի անհրաժեշտություն է պատգամավորի համար: WomenNet.am -ի հետ զրույցում տիկին Պողոսյանը նշեց` ցանկանում է հենց այդպիսի պատգամավոր լինել, ով լսում է, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել արդյունավետ աշխատանք:

 

Ինչո՞ւ եք ուզում դառնալ պատգամավոր:

-Որպես ՀՀ քաղաքացի և  պետական համակարգում աշխատող ես ունեմ քաղաքական պատասխանատվություն: Պատիվ ունեմ անդամակցելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որն, իմ կարծիքով, իր ողջ կենսագրությամբ ապացուցել է, որ ի վիճակի է արդյունավետ լուծել մեր երկրի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները և երբեք չի խուսափել ստանձնած պատասխանատվությունից: Մեզանից յուրաքանչյուրն էլ պարտավոր է իրեն վստահված աշխատանքում կյանքի կոչել հզոր Հայաստանի և դրանում արժանապատվորեն ապրող մեր քաղաքացու գաղափարը:

 

Երբևէ առնչվե՞լ եք կանանց նկատմամբ   խտրականության հետ: Եվ առհասարակ` ինչպե՞ս եք վերաբերվում կանանց նկատմամբ խտրականությանը  եւ անհավասարության դրսեւորումներին:  

 

Կանանց նկատմամբ խտրականությանը  եւ անհավասարության դրսեւորումներին  շատ   վատ եմ վերաբերվում: Ի ուրախություն  ինձ` վերջին  տարիներին կանայք ավելի ակտիվ են մասնակցում քաղաքական գործընթացններին: Ի վերջո գեղեցիկն է փրկում  աշխարհը:

 

-Պատրա՞ստ եք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանում:

 

-Իհարկե, անգամ ունեմ կանանց նկատմամբ խտրականության վերացման և շահերի պաշտպանության վերաբերող  ծրագրեր, որոնք  իրականացման  փուլում են:

 

Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ մեր պետությունը կանանց ներուժը արդյունավետ չի օգտագործում:

Մասամբ  համաձայն  եմ: Կանայք  շատ բարեփոխումների մասնակից  կարող են լինել: Իմ խորին համոզմամբ ընտանիքը պետության փոքր մոդելն է: Եթե մի երկրում ընտանիքը, ընտանեկան արժեքները մարդ-անհատի կյանքի, նպատակների ու աշխարհայացքի կենտրոնում չեն եւ մարդու աշխարհայացքը չի կառուցվում ընտանեկան երջանկության վրա` այդ պետությունը, ժողովուրդը որեւէ ապագա չունի:  Եթե հայ կինը կարողանում է ստեղծել ամուր ընտանիք, ապա նա ոչ միայն կարող է, այլ պետք է մասնակցի պետականության կայացմանը:

 

-Մարզերում կարծրատիպերն ավելի շատ են, ինչպե՞ս եք պատասխանելու  «Քաղաքականությունը կնոջ գործը չէ»  արտահայտությանը:

 

-Գեղարքունիքի մարզում նման խնդրի չեմ հանդիպել: Հակառակը` շատերը ինձ խիստ օգնում և աջակցում են, ինչի  համար շնորհակալ եմ: Վստահ եմ, որ նման հարց  ինձ չեն տա:

 

– Հաջողության ձեր բանաձեւը:         

 

 –Հայրենիքին պետք է դիտել որպես սեփական ընտանիք և  ամեն ինչ անել , որպեսզի այն  լինի խաղաղ, անվտանգ, ընտանիքի անդամները լինեն առողջ և երջանիկ:

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

Դիտումների քանակը` 2383

Վերադառնալ վերև