Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների համար պատիժները կխստացվեն. անդրադարձ օրինագծին

 

 Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի  ունեցավ մամուլի ասուլիս՝ «ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում կատարված փոփոխությունների  և լրացումների շուրջ:  Ինչպես հայտնի է համապատասխան օրինագիծը  օրերս   առաջին ընթերցմամբ  ընդունվեց   Ազգային  ժողովում:  Օրինագծի հեղինակներն են՝ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը եւ  Նաիրա Զոհրաբյանը,  իսկ ակունքներում կանգնած է եղել  Կանանց ռեսուրսային կենտրոնը, որը դեռ 2010-ին  օրենսդրական առաջարկ էր  ներկայացրել՝ անչափահասների նկատմամբ  սեռական բնույթի հանցագործությունների համար պատիժները խստացնելու  մասին:  

 

 

«Մեդիա կենտրոնում» կայացած  ասուլիսի բանախոսներն էին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` Կանանց ռեսուրսային կենտրոնի սեռական բռնության ճգնաժամային ծառայությունների ղեկավար, Տաթևիկ Աղաբեկյանը,   ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը:

 

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի  սեռական բռնության ճգնաժամային ծառայությունների ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ աշխատանքները ՀՀ Քրեական օրենսգրքի «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները»  հոդվածների փոփոխությունների շուրջ սկսվել են դեռեւս 2010-ից, երբ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում ուսուցչի կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ արձանագրվեցին: Հենց այդ ժամանակ ի հայտ եկան  օրենսդրական բացերը, ըստ որոնց նշված հանցակազմի դեպքում  բավականին մեղմ պատիժներ էին նախատեսվում՝ տուգանք կամ ընդամենը 2 տարվա ազատազրկում երեխայի խաթարված ճակատագրի դիմաց: Կանանց ռեսուրսային կենտրոնի նախաձեռնությամբ մի խումբ իրավաբաններ  օրենքի այս բացը լրացնելու նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակեցին, որը ետագայում  Ազգային ժողով ներկայացնելուց հետո լրամշակվեց եւ ստացավ այն նախագծի տեսքը, որը այս տարվա  սեպտեմբերի 10-ին ընդունվեց առաջին ընթերցմամբ:

 

 

Փոփոխությունների հիմքում  հանրապետությունում արձանագրված  սեռական  հարցագործությունների աճի միտումն է:

« 2011թ. Հայաստանում գրանցվել է 71 սեռական հանցագործության դեպք, որից 15-ը բռնաբարություն, 105 սեռական հանցագործություն, որից 19-ը բռնաբարություն էր,  այս տարվա 6 ամսում կատարվել է 59 սեռական հանցագործություն, որից 12 բռնաբարության դեպքերով: Ներկաացնելով այս  վիճակագրությունն  ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը շեշտեց,  որ  մեծամասամբ  նման հանցագործությունների զոհ են դառնում  անչափահասները:

 

 

Ազգային ժողովում  նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի բովանադակությանը անդրադարձավ  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով նախագիծը հստակեցնում է հանցակազմերը` հատկապես մանկահասակների հետ կապված հանցագործությունների դեպքում, խստացնում է պատասխանատվությունը, նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը և լրացուցվիչ միջոցներ նախատեսում այլ անձանց պաշտպանության հետ կապված:

 

 

Նրա խոսքով` հասարակությունը շատ հաճախ սահմանափակ կերպով է պատկերացնում սեռական բռնությունների հետ կապված հանցագործությունների հատկանիշները և կա հստակ տարանջատման և մեկնաբանման խնդիր:

 

 

«Կա 4 խումբ հանցագործություն, որ ընդգրկված են այս բաժնում: Առաջինը բռնի սեքսուալ բնույթի ֆիզիկական հարաբերություններ են, երկրորդ խումբը սեռական հարաբերության հարկադրելն է, որի դեպքում կարող է լինել ոչ թե ֆիզիկական բռնություն, այլ շանտաժ, նյութական կախվածությունը օգտագործելը և այլն: Երրորդը սեքսուալ բնույթի հանցագործություն կատարելն է տասնվեց տարին չլրացած անձի հետ, և չորրորդը` անառակաբարո գործողություններն են, որի բովանդակային մասը հաճախ անձինք չեն գիտակցում: Սահմանագիծը շատ հստակ է, պատիժները ևս էապես տարբերվում են և մեր խնդիր էր ստեղծել պատժողական այնպիսի համակարգ, որ տարանջատվեն դրանք»,-ասաց նա:

 

 

Դ. Հարությունյանի խոսքով` այդ պատճառով էլ, օրինակ, սեքսուալ գործողություններին հարկադրելու հոդվածում որևէ խոսք չի գնում տարիքի մասին: «Շատ հաճախ դա վերաբերվում է նրան, որ գործատուները նյութական կախվածությունը օգտագործելով, հարկադրում են սեռական հարաբերության: Մենք երկրորդ մաս նախատեսեցին, որ վերաբերվում է ակնհայտ երկրորդ անձին հարկադրելու և պատիժը նույնքան խիստ է, ինչ բռնաբարության դեպքում: Եվ այստեղ ևս կատարեցինք կարևոր փոփոխություն, նախատեսեցինք որակյալ որոշակի հատկանիշներ, և շատ ավելի խիստ պատիժներ, առանձնացրեցինք խմբերը` մինչև 14 տարեկան, 21 տարին լրացած անձի կողմից դա կատարելը, պարբերականությունը և այն, թե ում է վստահված երեխայի վերահսկողությունը»,-ասաց նա:

 

 

Նրա խոսքով` կոռուպցիոն ռիսկեր անձամբ ինքը տեսնում է հատկապես անչափահասների դեպքում, երբ չկար հարկադրանք շանտաժի ձևով, կար գայթակղություն հանցագործությունը ձևակերպել որպես համաձայնություն` փորձելով շեղել քննությունը այդ ուղղությամբ: «Օրենքի այս փոփոխություններով կլուծվեն այդ բոլոր հարցերը, քանի որ չի առաջանա ավելի մեղմ պատժամիջոցի միջև ընտրելու գայթակղություն: Նոր փոփոխություններով մինչև 12 տարեկան անձի նկատմամբ սեռական գործողությունների դեպքում փորձաքննության կարիք չի լինի` պարզելու համար այն կամովին է եղել, և պատիժ է սահմանված 5-12 տարի ազատազրկման ձևով»,-ասաց նա:

 

 

Դ. Հարությունյանը առանձանցրեց նաև անառակաբարո գործողությունների հանցակազմը, որը լայն տարածվածություն ունի: «Անառակաբարո գործողությունների հանցակազմը, որը դարձել է շատ տարածված, քանի որ համացացը մտել է շատերիս տուն, բայց որի մասին շատ քիչ հայտարարություններ են լինում: Եվ միշտ չէ, որ ծնողը վերահսկում է, թե իր երեխան ինչ է կատարում ինտերնետում: Եվ շատ հաճախ անառակաբարո գործողությունները լինում են նաև ինտելեկտուալ, այսինքն երեխայի հետ նման թեմաներով խոսելու ձևով: Մենք մշակեցինք որակյալ հանցակազմ անառակաբոր գործողությունները էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով կիրառելու համար: Վստահ եմ, որ օրենքի նախագիծը մոտակա ամիսներին կընդունվի ամբողջությամբ, թեև օրենքը կատարելագործելու ուղղությամբ տեսնում ենք որոշակի անելիքներ»,-ասաց նա:

 

Դիտեք  ասուլիսի տեսագրությունը ամբողջությամբ .

 

 

Տեսագրությունը՝ Մեդիա կենտրոնի

 

Դիտումների քանակը` 4330

Վերադառնալ վերև