Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աշխատանքի ընդունվելիս տարիքային սահմանափակումը բացառող օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է աշխատանքի ընդունվելիս կամ աշխատանքային հարաբերությունների ընթացքում տարիքային սահմանափակումն օրենքով ֆիքսել որպես խտրականություն:

 

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ԱԺ նիստում օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն: Օրենքի նախագծի քննարկման ընթացքում հեղինակը նշել էր, որ մարդկանց, ովքեր ունակ են, ցանկություն ունեն աշխատելու, չի կարելի տարիքի պատճառով չընդունել աշխատանքի: Աշխատանքի ընդունվելիս որպես խտրականություն ֆիքսելու համար ներկայացվել են մի շարք առաջարկություններ ևս, որոնք ընդունվել և ներառվել են նախագծում: Խտրականության դրսևորումների  շարքին դասվել են նաև մի շարք այլ հատկանիշներ:

 

Այսպիսով ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացվել է  նոր « Խտրականության արգելումը» հոդվածով.  

 

«3.1. Խտրականության արգելումը

 

1. Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է:

 

2. Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ:

 

3. Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստավածությունից ու որակավորումից բացի խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ, եթե դրանք բխում են աշխատանքին ներհատուկ պահանջներից»:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Տարիքային խտրականությունն աշխատանքի շուկայում կարգելվի օրենքով

 

«Ստացվում է, որ մենք իրավունք չունե՞նք  աշխատելու, ժամկետա՞նց ենք»

 

Դիտումների քանակը` 456

Վերադառնալ վերև