Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աշխարհի աղքատ բնակչության միայն մեկ երրորդն է ստանում որևէ սոցիալական պաշտպանություն

ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO)  հոկտեմբերի 12-ից Պարենի համաշխարհային շաբաթ էր հայտարարել:  Այն սկսվեց Համաշխարհային պարենային անվտանգության Կոմիտեի 42-րդ նիստի բացմամբ եւ եզրափակվեց Պարենի համաշխարհային օրվա տոնական արարողությամբ, որը  տեղի ունեցավ  Միլանի էՔՍՊՈ-ում հոկտեմբերի 16-ին:   Շաբաթվա առանցքային իրադարձություն դարձավ ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսական կազմակերպության «Իրադրությունը պարենի և գյուղատնտեսության ոլորտում – 2015» նոր հրապարակման շնորհանդեսը:   

 

Ըստ հրապարակման , սոցիալական պաշտպանությունը շատ կարևոր գործիք է սովի դեմ, սակայն գյուղերում բնակվող  շատ աղքատներ զրկված են դրանից. միայնակ մայրերը չեն ստանում որևէ նպաստ երեխաների համար, իսկ կենսաթոշակային տարիքի մարդիկ թոշակ չեն ստանում: Մինչդեռ աղքատ երկրների համար սոցիալական պաշտպանության ծրագերը աղքատության և սովի կրճատման, երեխաների առողջության, կրթության և կենսապայմանների բարելավման  միջոց են:

 

Զեկույցում ասվում է, որ աշխարհի աղքատ բնակչության միայն մեկ երրորդն է ստանում որևէ սոցիալական պաշտպանություն ( Հայաստանում  աղքատների միայն կեսն է օգտվում նպաստներից –խմբ.):  Ընդգրկման ցուցանիշներն առավել  ցածր են Հարավային Ասիայում և Աֆրիկայի Սահարայից հարավ ընկած երկրներում՝ ծայրահեղ աղքատության բարձր համամասնության երկրներում:

 

Զեկույցը թողարկվել է Պարենի համաշխարհային օրվա նախօեին, որը նշվում է հոկտեմբերի 16-ին: Այս տարի ուշադրության կենտրոնում է սոցիալական պաշտպանության դերը գյուղական վայրերում աղքատության արատավոր շրջանակը կոտրելու  մեջ:

 

«Չափազանց կարևոր է աջակցել բնակչության առավել խոցելի շերտերին, որպեսզի փրկենք աշխարհը սովից», – ասել է ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսական կազմակերպության Գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվան:

 

Զեկույցի հեղինակների կարծիքով, առանց աղքատներին և խոցելի շերտերին օգնելու դժվար կլինի դուրս գալ սովի ճիրաններից, վերջիվերջո, սովը, հիվանդությունները և կրթության բացակայությունը խորացնում են իրավիճակը, և աղքատությունն անցնում է սերնդից սերունդ:

 

Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները նշում են, որ սոցիալական պաշտպանությունն ինքնին չի հանգեցնի սովի և աղքատության վերացման գյուղական վայրերում: Նրանք կոչ են անում ուժեղացնել աղքատների պետական աջակցությունը՝ ներդրումներ կատարելով գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման մեջ: Փորձագետների կարծիքով, հենց նման միջոցառումները կապահովեն ընդգրկուն տնտեսական աճ և կօգնեն կոտրել աղքատության արատավոր շրջանակը գյուղական վայրերում:

 

Դիտումների քանակը` 1999

Վերադառնալ վերև