Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երեխան տառապում է թերաճությունից…

 

Աշխարհում շուրջ 165 միլիոն երեխա տառապում է թերաճությունից, սա նշանում է, որ յուրաքանչյուր 5-րդ երեխան ունի այս խնդիրը: Որքան էլ դա ցավալի է, բայց Հայսատանում էլ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում թերաճության տարածվածությունը կազմում է 19 տոկոս:  

 

Այս օրերին Երևանում  ընթանում է «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովը, որին ներկա են ոլորտի մասնագետներ Հայաստանից, Վրաստանից և Ալբանիայից: Նշենք, որ  Ալբանիայում երեխաների թերաճի  ցուցանիշը ՝ 16, իսկ Վրաստանում՝ 11 տոկոս է:

 

 

WomenNet-ը զրուցեց UNICEF-ի Նյու Յորքի գլխավոր գրասենյակի երեխաների սնուցման հարցերով ավագ  խորհրդատու Նունե Մանգասարյանի հետ.

 

-Տիկին Մանգասարյան, ըստ ներկյացված վիճակագրության ` նշված երեք երկրներից ամենաբարձր ցուցանիշը Հայաստանինն է…

 

-Իրականում ցուցանիշներն այդքան տարբեր չեն` երեք երկրներում էլ 10-20 տոկոս են, այնպես որ տարբերությունը շատ մեծ չէ: Բայց 10-20 տոկոսը ամեն դեպքում բարձր ցուցանիշ է և երեք երկրներում էլ իրավիճակն այնպիսին է, որ պետք է շտկվի` պետությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի երեխաների թերաճի վրա:

Մենք պետք է քայլեր ձեռնարկենք երեխաների լիարժեք աճն ու զարգացումն ապահովելու համար: Շատ կարևոր է հղիների ճիշտ սնուցումը և խնամքի բարելավումը, 0-2 տարեկան երեխաների կրծքով կերակրելը…

 

 

– ՄԱԿ-ի հատուկ  ուշադրությունն այս խնդրին ինչով է պայմանավորված…

 

–  Վերջին տասնամյակում շատ գիտական աշխատություններ են եղել, որոնք ապացուցել են, որ երեխայի թերաճը ոչ միայն ֆիզիկական աճի  հարց է, այլ հենց այդ շրջանում` 0-5 տարեկանում, շատ արագ զարգանում է երեխայի ուղեղը և նրա մտավոր զարգացվածության շատ կարևոր հանգամանքն է նրա սնուցումը: Այսինքն եթե երեխայի սնուցումը լավ չի, նա և կարճահասակ է լինում, և նրա մտավոր զարգացությունն է տուժում: Իսկ դա, հասկանալի է, լուրջ հետևանքներ է առաջ քաշում: Նախ, երեխայի հիշողությունը լավ չի լինում, բառապաշարը կարող է սահմանափակ  լինել, տուժում է խոսելու և սովորելու ունակությունը, այսինքն երեխան սովորում է ավելի վատ, քան կարող է… Այս ամենը շատ մտահոգիչ է, որովհետև մենք  հնարավորություն են  կորցնում,  թույլ չենք տալիս, որ երեխայի զարգացումը  ընթանա իր պոտենցիալին համապատասխան:

 

Մեկ այլ  մտահոգիչ  հետևանք` այն երեխաները, որոնք ունեն թերաճ, մեծահասակ տարիքում նույնպես խնդիրներ են ունենում ` նրանց աշխատանքի արդյունավետությունն է ցածր լինում, սա էլ, իր հերթին, բերում է տնտեսական վատ արդյունքների և անձի, և երկրի համար: Այդ պատճառով ամբողջ աշխարհում` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս, այս հարցը շատ կարևորում են, ու հատկապես կարևորում են կյանքի առաջին 1000 օրը, երբ զարգանում է երեխայի գլխուղեղը:

 

 

–  Ինչ են ցույց տալիս  այս խնդրի  ուսումնասիրությունը Հայաստանում `  երեխաների թերաճն ավելի շատ որտեղ է արձանագրվում` քաղաքներում, թե գյուղերում:

 

-Հայաստանում, ինչպես գիտեք, թերաճությունը երեխաների շրջանում կազմում է 19 տոկոս և եթե չեմ սխալվում` կան որոշ մարզեր, որտեղ այդ ցուցանիշը իսկապես բարձր է: Բայց կա մեկ այլ, շատ հետաքրքիր ցուցանիշ` ամբողջ աշխարհում թերաճության խնդիրը դիտարկում ու համեմատում են աղքատության մակարդակի հետ, որովհետև, հասկանալի է, թերաճը լինում է բնակչության աղքատ շրջանում: Հայաստանում էլ կա այդ կապը, բայց ասեմ, որ այն քիչ է արտահայտված, դրա հետ մեկտեղ  Հայաստանում թերաճը շատ մեծ կապ ունի մայրական կրթության հետ: Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձրագույն կրթություն ունեցող մայրերի երեխաները ավելի քիչ  թերաճ ունեն, իսկ այն մայրերը, որոնց կրթվածության մակարդակը ցածր է, նրանց երեխաների թերաճը ավելի շատ է: Դա նշանակում է, որ իրազեկվածության  խնդիր ունենք ու  եթե կարողանանք մայրերին  հղիության շրջանից սկսած բացատրել  երեխայի  ճիշտ սնուցման ու  ճիշտ խնամքի  հարցերը` բարձրացնելով  տեղեկատվածության աստիճանը  բնակչության շրջանում, ապա իրավիճակը բարելավելու,   պտղի և երեխայի պատշաճ աճն ու զարգացումն ապահովելու հարցում  մեծ պոտենցիալ ունենք:

 

 

-Իսկ այս խնդրի առնչությամբ կա արդյոք որոշակի  շեմ, որի դեպքում  պետությունը  պետք է ահազանգ հնծեցնի և  լուրջ քայլեր ձեռնարկի իրավիճակը շտկելու համար …

 

 – Շեմ, իհարկե, կարելի է դնել, բայց  դա պետության ներքին խնդիրն է ինչպիսի շեմ`  10, 20 կամ գուցե 30 տոկոսն է: Բայց մեզ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին, շատ է մտահոգում յուրաքանչյուր երեխայի առողջությունը: Ինձ թվում է, որ սա այնպիսի հարց է, որ տոկոսների հետևից պետք չէ ընկնել և եթե նույնիսկ թերաճ են երեխաների մեկ կամ հինգ տոկոսը, այսինքն այս երեխաները զրկվել են իրենց ամբողջ մտավոր զարգացման պոտենցիալից, ապա խնդիրը արդեն իսկ ուշադրության կարիք ունի ու համարժեք քայլերի իրականացման անհրաժեշտություն է առաջացնում:

 

 

Նշենք, որ որ աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրանի կողմից և նպատակ ունի միավորելու  երեք երկրների երեխաների սնուցման մասնագետների և պատասխանատուների ջանքերը` վերանայելու ազգային ռազմավարություններն ու ծրագրերը, վերհանելու առկա համակարգային խնդիրները և վերահաստատելու երեխաների իրավունքները իրենց  բարեկեցության հարցում:

 

Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 3074

Վերադառնալ վերև