Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Առաջարկվում է խստացնել սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարը

 

Սեպտեմբերի 9-ին ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը  քննարկման դրվեց  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ ԱԺ եվրաինտեգրման  հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

 

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց  օրենքի հիմքում ընկաժ  սեռական ազատության ու անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների մասին  ցուցանիշները, նշելով, որ նշված բնույթի հանցագործությունների ավելացման միտումներ  են արձանագրվել:  Եթե 2011-ին դրանց թիվը 71 էր, ապա 2012-ին՝ 105, իսկ 2013-ի առաջին կիսամյակում հանցագործությունների թիվը հասել է 159-ի, այսինքն՝ 50 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ:

 

Ներկայացնելով   «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նա  նշեց, որ  բավական լուրջ աշխատանք ենք կատարել ՀԿ-ների, հոգեբանների, փաստաբանների, իրավաբանների, միջազգային կառույցների հետ, փորձ է արվել մի շարք այլ հարցերի ևս անդրադառնալ:  «Չնայած այս նախագծի կարևորությանը՝ պիտի նշեմ, որ սա ընդամենը պայքարի մի հատվածն է արտացոլում»,- ասաց նա:

 

Հարությունյանը նշեց, որ «Բռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ» հոդվածներում նախատեսվում է սահմանել որոշ նոր, որակյալ հանցակազմեր, երկու հոդվածների բուն էությունը նույնացված է, ուստի դիտարկումները նույնն են: Օրենքում սահմանվում է ավելացնել մի քանի կետ. հանցագործությունը կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, զենքի կամ այլ առարկայի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով, ուղղիչ հիմնարկում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում կամ զորամասում զինծառայողի, բուժհաստատությունում բուժվող անձի նկատմամբ՝ նույն հիմնարկի աշխատակցի կողմից:

 

Հատուկ խումբ է համարվում արարքի առանձնապես վտանգավոր տեսակը՝ 18 տարին չլրացած անձի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա խնամակալությունը: Կատարվել են նաև անօգնական վիճակն օգտագործելու հետ կապված ամրագրումներ: Այստեղ ներմուծվել է երեք չափանիշ. այն անձը, ով որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցագործին դիմադրություն թույլ տալուց, չի գիտակցել կամ չի հասկացել իր արարքը, հանցագործությունը կատարվել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ:

 

 

«Երկրորդ չափանիշը մի փոքր վիճելի է: Այստեղ պետք է առանձնացնել հոգեբուժության և հոգեբանության ոլորտները, իրականում դրանք պետք է առանձնացնել: Կա նաև օբյեկտիվ մի հատկանիշ՝ 12 տարին չլրացած անձը, անկախ ամեն ինչից, միշտ որակվելու է այդ հոդվածներով»,- ասաց նա:

 

 

Հարությունյանը նշեց, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել և հաշվի է առնվել նաև սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների օրենսդրական կարգավորման վերաբերյալ մի շարք երկրների փորձը:

 

 

Նշված բնույթի հանցագործության համար խստագույն պատիժ սահմանելու առաջարկին ի պատասխան՝ Հարությունյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում նման փորձ եղել է, որն ավարտվել է զոհի սպանությամբ, հետևաբար, այսպես ասած, բարի կամքը հանգեցրել է վատ հետևանքների:

 

 

 

P.S. Ինչպես մեզ հետ զրույցում նշեց  “Կանանց ռեսուրսային կենտրոնի”  համանախագահ Գոհար Շախնազարյանը,   այս օրինագծի մեջ հաշվի են առնվել  նաեւ իրենց կենտրոնի կողմից դեռևս 2009-ին  մշակված   օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկությունները ՝ անչափահասների   նկատմամբ սեռական անձեռնմխելիության  դեմ ուղղված հանցագործությունների  համար նախատեսվող պարժամիջոցները   խստացնելու  վերաբերյալ,   ինչի համար նրանք  շնորհակալ են օրինագծի հեղինակներին:

 

Նշենք, որ առաջարկվող  փոփոխություններով , մասնավորոպես, նախատեսվում է.

 

 

Օրինագծով առաջարկվում է Օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված արարքի որակյալ հանցակազմ սահմանել այդ արարքը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կատարելը` նախատեսելով ավելի խիստ պատիժ` ազատազրկում հինգից տասներկու տարի ժամկետով:Առաջարկվում է տասնութ տարին լրացած անձի կողմից  տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքում որպես որակյալ հանցակազմ նախատեսել միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը, ինչպես նաեւ նույն արարքը կատարելը  մի խումբ անձանց կողմից կամ քսանմեկ տարին լրացած անձի կողմից: Նշված որակյալ հանցակազմերի առկայության պարագայում առաջարկվում է սահմանել ավելի խիստ պատիժ` չորսից տասը տարի ժամկետով ազատազրկում:

 

Առաջարկվում է 141-րդ հոդվածի երրորդ մասով սահմանել առավել խիստ պատիժ համապատասխան արարքը տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ կատարելու համար եւ այն դեպքերում, երբ արարքը կատարվում է երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է վերջինիս դաստիարակության կամ խնամքի պարտականություն` որպես պատիժ սահմանելով ազատազրկում հինգից տասներկու տարի ժամկետով:

 

Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենսգրքի 142-րդ հոդվածի երկրորդ մասով որպես որակյալ հանցակազմ նախատեսել անառակաբարո գործողություններ կատարելը     տասնվեց տարին լրացած անձի կողմից? բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,     21 տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից,  միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար,  տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամաբ:

 

 

Առաջարկվում է սահմանել երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Ավելի խիստ պատիժ է առաջարկվում սահմանել այն դեպքերի համար, երբ համապատասխան արարքը կատարվել է երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,  ինչպես նաեւ այն կատարելը տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ: Նմանատիպ դեպքերի համար նախագծի երրորդ մասի սանկցիայով նախատեսվում է երեքից յոթ տարի ժամկետով ազատազրկում:

 

Օրենքի նախագծին կարելի ծանոթանալ այստեղ.

 

 

Դիտումների քանակը` 2539

Վերադառնալ վերև