Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Առաջին հանրապետության կին պատգամավորները

Նրանք առաջինն  էին… 1918-ին  Եվրոպայի երկրների կեսից ավելիում կանայք  ընտրական իրավունքներ չունեին: Իսկ 1919-ին կայացած ընտրություններին հայոց Առաջին հանրապետության  խորհրդարան են ընտրվում երեք կին պատգամավորներ: Ցավոք, այսօր քչերը գիտեն նրանց անունները,  էլ ավելի քիչ են հայտնի նրանց դժվարին, բայց բոլոր իմաստներով արժանավայել կենսագրության ժլատ փաստերը:  Չեն պահպանվել նույնիսկ նրանց  բոլորի լուսանկարները: Ու այդ ամենը  խիստ անարդարացի է, քանզի նրանք իսկական առաջամարտիկներ ու անձնվեր հայրենասերներ էին

 

Երեքն էլ Հայ Հեղափողական Դաշնակցության անդամ էին: Դեպի քաղաքականություն նրանց գալու սցենարը բնորոշ է բոլոր նվիրյալ  և հեղափոխական ու հայրենասիրական  գաղափարներով տոգորված  կանանց, ում համար անձնականը սերտորեն միահյուսված է հասարակականին:  Կատարինե ԶալյանՄանուկյան, Վարվառա Սահակյան, Պերճուհի ՊարտիզպանյանԲարսեղյան՝ նրանք առաջինն էին

 

 

Կատարինե ԶալյանՄանուկյան

 

 

 

«Ծանր տարի, դժվար աշխատանք, ամբողջ օրը մայրս մանկատանն էր անցկացնում, հայրս էլ՝ հասարակական, քաղաքական գործունեության մեջ թաղված, և այնպիսի ընտանեկան կյանք, ինչպիսին նորմալ ամուսիններն էին ունենում, երևի այդպես էլ չիրականացավ»,- այսպես է նկարագրում իր ծնողների՝ Դաշնակցության ականավոր գործիչներից մեկի՝ Արամ Մանուկյանի և նրա կնոջ՝ Կատարինեի կարճատև ամուսնական կյանքը նրանց դուստրը՝ Սեդան: Կատարինե Զալյան-Մանուկյանի կյանքը ծանր ու դժվարին էր նաև մինչև ամուսնուն հանդիպելը, էլ ավելի դժվարին՝ նրան կորցնելուց հետո: Լինելով բժշկուհի՝ նա նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնությանը՝ զօրուգիշեր պայքար մղելով համաճարակների դեմ: Որբանոցներից մեկում էլ հանդիպեց ապագա ամուսնուն, և 1917 թվականին Երևանում նրանք ամուսնացան:

 

 

 

Երբ ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, Կատարինեն ընտրվեց խորհրդարանի պատգամավոր, որտեղ աշխատում էր բժշկական հանձնաժողովում: Մեկ տարի անց, երբ դուստրն ընդամենը չորս ամսական էր, Արամ Մանուկյանը վարակվեց բծավոր տիֆով և վախճանվեց: Առաջին հանրապետության անկումից հետո երիտասարդ այրու զրկանքներին գումարվեցին բոլշևիկյան իշխանության քաղաքական հետապնդումները: Նրան ազատեցին աշխատանքից և վտարեցին բնակարանից, և նա, երեխան գրկին, ապաստանեց քրոջ մեկսենյականոց բնակարանում, ապա մեկնեց Կրասնոդար՝ ամուսնու ազգականների մոտ:

 

 

 

1927 թվականին, երբ Հայաստանը մասնագետ բժիշկների խիստ կարիք էր զգում, նա վերադառնում է Երեւան: Այստեղ մայր ու աղջիկ, բնակարան վարձելով, ապրեցին ծայրահեղ դժվարին պայմաններում: «Մայրս կրթված, ազնիվ, իր գործին, իր մասնագիտությանը նվիրված անձնավորություն էր: Առավոտյան գնում էր աշխատանքի, ճաշին գալիս, ինձ կերակրում, ապա նորից դուռը ինձ վրա փակում, գնում մի ուրիշ աշխատանքի: Դա էր նրա ամբողջ կյանքը»,- հիշում է Սեդա Մանուկյանը:

 

 

1937 –ին նրան՝ որպես արտասահմանի հետ կապ ունեցող կասկածելի անձնավորության նորից ազատում են աշխատանքից: Պատերազմի տարիներին Կատարինեն  կրկին շարքում է՝ աշխատում է, սակայն նրա առողջությունը վերջնականապես քայքայվեց:  Նա մահացավ 1965 թվականին, բայց մահվանից առաջ ասել էր դստերը. «Ես չտեսա, բայց դու վաղ թե ուշ անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը: Չի կարող պատահել, որ հայ ժողովուրդը մոռանա նրան, ես վստահ եմ»: Այդպես էլ եղավ:

 

 

Դուստրը տեսավ երրորդ հանրապետության ծնունդը, տեսավ, թե իր հայրենակիցներն ինչ  երախտագիտությամբ են հիշում իր հորը և արժանին մատուցում նրա հիշատակին:

 

 

…1998-ի  հունիսի 24-ը հիշարժան օր էր: Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները հանդիպեցին հայ ժողովրդի սիրելի հերոս Արամ Մանուկյանի միակ ժառանգի` Սեդա Մանուկյանի հետ: 80-ամյա կինը Մոսկվայից հասել էր Սարդարապատ հատուկ առաքելությամբ. թանգարանին էր նվիրում հոր իրերը, որոնք մասունքի պես տարիներ շարունակ պահել-պահպանել էր` արծաթե բաժակակալ` «Քավոր Աղին» մակագրությամբ, թեզանիքակալներ, փողկապ, ժամացույց, լուսանկարներ:

 

 

Ի դեպ, Սեդա Մանուկյանը ապրել է Երեւանում մինչեւ 1976թ., որից հետո տեղափոխվել է Մոսկվա: Նա ամուսնացած է եղել Վարդան Մեհրաբյանի (Խանասորի Վարդան) որդու` Ռուբեն Մեհրաբյանի հետ: Արամ Մանուկյանի դուստրը մահացել է 2005-ին:

 

 

Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան

 

 

Ծնվել է 1886 թ., Էդիրնեում: Միջնակարգ կրթությունն ստացել է Ֆիլպեում (ներկայիս Պլովդիվ): Ընդամենը 16 տարեկան էր, երբ նա՝ եռանդով լեցուն և հայրենիքին ծառայելու գաղափարներով ներշնչված, իր ճանապարհին հանդիպեց ապագա ամուսնուն՝ հեղափոխական Սարգիս Բարսեղյանին: Նրա թելադրանքով օրիորդների մի խմբակ ստեղծեց, որը լուսավորություն և հեղափոխական գաղափարներ տարածելու նպատակ ուներ: Այնուհետև Ժնև մեկնեց՝ ուսանելու գրականություն և մանկավարժություն: Այս շրջանում էլ սկսեց ստեղծագործել՝ Էտնա կեղծանունով: Հետագայում նրա պատմվածքները լույս տեսան առանձին գրքով՝ «Փոթորիկեն վերջ»:

 

 

 

Ուսումն ավարտելուց հետո ուսուցչություն է արել Կերասոնում և Վանում: Պերճուհու և Սարգսի ամուսնական կյանքը կարճ է տևել: 1909-ին նրանք ամուսնացան, իսկ 1915-ին Սարգիսը, որ վարում էր Պոլսի ՀՅ Դաշնակցության բյուրոյի գործավարությունը, հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվեց և նահատակվեց: Իր հետագա կյանքը Պերճուհին նվիրեց զավակին ու մարդկանց ծառայելուն: Նա տեղափոխվում է Բուլղարիա, անուհետև՝ Թիֆլիս, իսկ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո անցնում է Երևան և ընտրվում խորհրդարանի պատգամավոր: Նա ընդգրկվեց Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հայաստանի հանրապետության անկումից հետո շատերի պես բռնեց գաղթի ճամփան: Որոշ ժամանակ Սոֆիայում բնակվելուց հետո վերջնականապես հաստատվեց Փարիզում, որտեղ պաշտոնավարեց Նանսենյան գրասենյակում և շարունակեց գրական գործունեությունը: Մահացավ 1940-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:

 

 

Վարվառա (Վարյա) Սահակյան

 

Նա վաղ տարիքից էր մտել  Դաշնակցություն կուսակցության շարքերը, Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամի) կինն էր: Առաջին հանրապետության տարիներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և ընդգրկվել կրթական ծրագրերում: Հենց այդ շրջանում նա ծանր կորուստ կրեց. անհրաժեշտ դեղորարքի պակասից մահացավ նրա զավակը:

 

 

Դրան հաջորդեց՝ Հայաստանի խորհրդայնացումը, ամուսնու բանտարկությունը: Փետրվարյան հեղափոխության ժամանակ Վարյան, ամուսինը և երկու զավակները ոտքով փախան Թավրիզ: Այստեղ վեց տարի ապրելուց հետո Սահակյանները փոխադրվեցին Հարավային Իրան, հետագայում՝ Իրաք: Սակայն կլիման չափազանց վատ անդրադարձավ Վարյայի առողջության վրա, այժմ էլ ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Լիբանան:

 

 

 

Բեյրութում Վարյան նորից ներգրավվեց հասարակական գործունեության մեջ՝ մասնակցելով Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: 1932-ին ճակատագիրը մի նոր հարված հասցրեց. նա կորցրեց մյուս զավակին, մեկ տարի անց՝ ամուսնուն: Այս հարվածները վերջնականապես քայքայեցին Վարյայի առողջությունը, և շատ չանցած նա կնքեց իր մահկանացուն:

 

 

Պատրաստեց՝ Անահիտ Հարությունյանը

Ըստ Սոնա Զեյթլյանի «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ» գրքի,

Լոս Անջելես, 1992

Դիտումների քանակը` 7537

Վերադառնալ վերև