Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

Այսօր պատահական չէ, որ այդքան պահանջված է էնդոկրինոլոգի մասնագիտությունը: Նախկինում դրա կարիքը այդքան էլ չկար, որովհետև մթերքները բնական էին, մանկապարտեզներում ու դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմաններին շատ ավելի խիստ էին մոտենում քան  հիմա:  Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Էնդոկրինոլոգ,  սննդաբան Հասմիկ  Աբովյանը: Ասուլիսի առիթը հունիսի 2-ին  նշվող՝ Առողջ սնվելու օրն էր, դեռեւս ոչ պաշտոնական:

 

Մասնագետի համոզմամբ, հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է: Անգամ բժշկի  խորհուրդներից հետո, շատերն այդպես էլ առողջ սննդակարգի չեն անցնում: Մասնագետն իր ու հաճախորդների համար մի ձևակերպում է մշակել.

 

«Կարելի է ուտել ամեն ինչ, ինչ ուտելիք է: Իսկ մարդիկ այսօր շատ են ուտում բաներ, որոնք ուտելիք չեն: Ինչը որ ուտելիք է, կարելի է ուտել՝ իմանալով չափաքանակը, բաղադրությունը, միմյանց հետ համատեղելիությունը: Առնել բնական կերակուր և պատրաստել սեփական ձեռքերով»:

 

Առողջ սնվելու մշակույթը պետք է սովորեցնել դեռ մանկապարտեզից, դպրոցում, ըստ բանախոսի, պետք է առողջ սնվելու և սանիտարահիգեինիկ պայմանների վերաբերյալ  առարկա դասավանդվի, շատ դեպքերում ոչ միայն երեխաներն,այլ մեծերն էլ էլեմենտար բաներից տեղյակ չեն. «Ես սարսափած եմ: Պետք է աշխատել այս ուղղությամբ, պետք է սկսել դեռ փոքրուց, երեխաներին սովորեցնել առողջ սնվել, հասկացնել, թե ինչ նշանակություն ունի առողջ սնունդը իրենց կյանքում:

 

Հոգեբան Նաիրա Վանյանն էլ ուշադրություն հրավիրեց արագ սննդի կետերի վրա, որոնք հավելումներով սնունդ են   մատակարարում: Այդ հավելումների պատճառով մարդկանց մոտ նորից ու նորից ուտելու ցանկություն է առաջանում: Նա նկատեց, որ շատ հաճախ մենք ուտում ենք ոչ թե այն պատճառով, որ սոված ենք կամ սննդային նյութերի կարիք ունենք, այլ որովհետև դժգոհ ենք կյանքից, և սթրեսային իրադրություններում հանգստանալու այլ միջոց չենք գտնում: Սնունդն այս դեպքում ծառայում է ոչ թե ֆիզիոլոգիական, այլ էմոցիոնալ կարիքների բավարարմանը:

 

«Կարծում եմ, ինչպես ծնողներն են սնվում, այնպես էլ երեխաներըե,- ասաց հոգեբանը: Նա համամիտ չէ այն կարծիքներին, թե գիրությունը ժառանգական է. «Ասում են պապաս էլ է այսպես, մամաս էլ… Հնարավոր է՝ մարդ ունենա խոշոր կազմվածք, սակայն գիրանալու հակումը ժառանգական չէ»,-ասաց նա՝ ներկայացնելով  մի փորձի պատմություն , երբ երկու ընտանիքում էլ որդեգրած ու հարազատ երեխաները նույն չափով գիրանում են:

 

«Թվում է ֆաստֆուդ կոչվածը հեշտացրել է մեր կյանքը տեխնիկապես: Նախկինում կանայք ավելի շատ ժամանակ էին ծախսում սնունդ պատրաստելու համար, հիմա նրանք շատ են աշխատում, չունեն այդ ժամանակը: Բայց թե ինչ հետևանքներ է ունենալու դա մեր երեխաների ու մեր առողջության վրա… Հղիների մասին ընդհանրապես չեմ խոսում, որ չի կարելի, քանի որ փոքրիկի կյանքը ուղղակիորեն կախված է այն բանից, թե ինչ է ուտում, ինչ է շնչում մայրը»,- ընդգծեց սննդաբանը:

 

Հակադրվելով մասնագետի կարծիքին, նկատենք՝ ոչ բոլոր չաշխատող կանայք են, որ տանը լինելով հանդերձ առողջ սնունդն են պատրաստում ընտանիքի անդամների համար և հակառակը՝ ոչ բոլոր աշխատող կանանց երեխաներն են ֆաստֆուդ ուտում:  Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ ընտանիքն ուղղակի միջոցներ չունի առողջ ու վիտամիներով հարուստ սնունդի համար, ու ամեն օր երեխաները կարտոֆիլ են ուտում, քանի որ համեմատաբար էժան է: Այս դեպքերի համար Հ. Աբովյանն ասաց. «Գիտե՞ք, կարտոֆիլը շատ օգտակար է: Կարտոֆիլը մթերքների թագավորն է, քանի որ նրա շնորհիվ ամբողջ ազգեր են պահպանվել պատերազմների ժամանակ, երբ այլ ուտելիք չի եղել»:

 

Շարունակելով էեման նա նկատեց, որ շատ հաճախ ոչ այնքան կարևոր չէ մթերքը, որքան դրա պատրաստման եղանակը. «Պատրաստման եղանակի շնորհիվ մթերքը կարելի է վատացնել կամ լավացնել: Բնական մթերքներին, ինձ թվում է, բոլորը ծանոթ են, առնել բնական կերակուր, պատրաստել տանը, սեփական ձեռքերով, այն ինչ-որ արել են մեր տատիկները»…

 

Հոգեբանն էլ ավելացրեց. «Այն ինչ-որ տանն է պատրաստվում, դրա մեջ հոգի է դրվում, բացի այդ շատ մատչելի է»:

 

Նշենք, որ այսօր՝ հունիսի 2-ին, նշվում է առողջ սնվելու և սննդային ավելորդություններից հրաժարվեու օրը: Այս տոնը սկիզբ է առել  2011-ին  Ռուսաստանում ՝ որպես յուրօրինակ պատասխան մայիսի 11-ին նշվող  ամերիկյան «Շատակերության օրվան», երբ կարող ես ուտել այն, ինչ ցանկանում ես:   Իսկ եթե լուրջ, ապա ԱՄՆ-ում Առողջ սնվելու օր էլ կա, նա  նշվում է  ամեն տարվա նոյեմբեիրի առաջին չորեքշաբթի օրը:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն

 

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

 

Դիտումների քանակը` 1570

Վերադառնալ վերև