Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աստղիկ Գալստյան. «Հայրենիքն ամեն ինչից վեր էր»

97-ամյա Աստղիկ Գալստյանը մեկն է այն եզակիներից, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կամովին մեկնեց ռազմաճակատ, 3 տարի ծառայեց սովետական բանակում ու հաղթանակած վերադարձավ հայրենի Գորիս:

 

18 տարեկանից Հարժիսի դպրոցի դիրեկտոր աշխատող  Աստղիկ Գալստյանը 21 տարեկան էր, երբ պայթեց պատերազմի բոթը: Օրենքով ծառայությունից ազատված դպրոցի տնօրենը որոշեց՝ օրենքը՝ օրենք, բայց հայրենիքի պաշտպանությունն ավելի կարևոր է:

 

-Ծնվել եմ գյուղացու ընտանիքում, հայրս կիսագրագետ մարդ էր, բայց շատ ընթերցասեր, Րաֆֆին անգի՛ր գիտեր… Հայրիկը երբ կրկնում էր Րաֆֆու Սամվելի խոսքերը՝ «այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը»… շատերը քննադատում էին, թե՝ այդ ինչպիսի՞ տղա, որ հորը սպանել է: Իսկ ես հակառակվում էի նրանց, ասում էի՝ ճիշտ է արել:  Սա ծայրահեղություն չի, դաստիարակություն է, որը սովորեցնում է՝ Հայրենիքն ամեն ինչից վեր է…  Կուսակցության համագումարին ելույթ ունեցա և կոչ արեցի աղջիկներին կամավոր մեկնել ռազմաճակատ: Դիմում գրեցինք ու 35 հոգով մեկնեցինք:

 

… Զենիթչիկ էի՝ Զենիթի կոորդինատորն էի։ Երկու անգամ վերապատրաստվել էի, ու զորքի քիմինստրուկտորն էի։ Պատերազմի վերջում ավագ սերժանտի կոչում տվեցին… Այն ժամանակ կոչումների հարցում շռայլ չէին: Մայիսի 9-ին հերթապահում էի գյուղսովետի գրասենյակում: Զանգեցին գնդից՝ թե պատերազմն ավարտվել է: Պատկերացրեք ինչ արագությամբ հասա զորքին… Թռցնում էին ինձ, էս կողմ շպրտում, էն կողմ շպրտում, որ ուրախալի լուր էի տարել իրենց…

 

-Պատերազմի դժվարություններն ինչպե՞ս էիք հաղթահարում

 

-Դժվարությունները շատ էին, գիշերներով կարող էր ոտքի լինեինք՝ ռմբակոծությանը սպասեինք: Բաքուն էինք պաշտպանում… Ամենից շատ դժվարանում էինք զուգարանների հարցում. երկար ճանապարհներին գնացքում զուգարան չէր լինում։ Ջրի խնդիրն էր լուրջ, ստիպված էինք լինում կայարանից-կայարան ջրի պաշար հավաքել։ Արևելքի ուղղությամբ, դեպի Ճապոնիա, սնունդը հիմնականում ձկնատեսակներ էին… Այդ տարիներից հետո սկսեցինք հատուկ կերպով չսիրել ձուկը… Հիշում եմ, մի քանի անգամ ստիպված էինք ծառերին գիշերել, որ թշնամին չնկատի…

 

Հարազատներիս մեծ մասը տարբեր ճակատներում էին, շատ էի մտածում նրանց մասին:  Մի անգամ քեռուս տղան՝ Լևոնը, զանգել էր և հերթապահին ներկայացել իբրև Լյովա, ու ինձ հրավիրել հեռախոսի մոտ։ Երբ մոտեցել էի, սկսել էր հոգուս հետ խաղալ՝ իբրև թե ինձ հավանող տղա է։ Մի քանի անգամ կոպտեցի, կախեցի հեռախոսը։ Վերջը կամանդիր բատարեային ասաց, որ քեռուս տղան է և խնդրեց, որ նորից կանչեն ինձ։ Ընդհանրապես, շատ հպարտ էի այդ հարցերում, ասում  էի, որ պարել չգիտեմ, որ պարի չհրավիրեն…

 

Պատերազմն ի՞նչ խլեց Ձեզնից ու ի՞նչ տվեց:

 

-Հիմնականում ուսումս թերի մնաց, բարձրագույն կրթությունս… Կորցրի եղբայրներիս… հորաքրոջս մինուճար որդին, մորաքրոջս 4 որդիները, քեռներիս որդիներից զոհ գնացին պատերազմին, բազմաթիվ ընկերներ… Մեր գյուղում մի երիտասարդ կար՝ հոգով-սրտով սիրահարված էր ինձ, նա էլ հետ չվերադարձավ պատերազմից…  Պատերազմն անկորուստ չի լինում…

 

Միևնույն ժամանակ հաղթողի հոգեբանությունը, հպարտությունը և հարգանքը տվեց։ Պատերազմի տարիների ձեռքբերում էր մարտական ընկերուհիս՝ Լուսիկը, պաատերազմից հետո շատ դժվարություններ ենք միասին հաղթահարել։  Նա էլ Խնածախ գյուղի ուսմասվարն էր, ռազմաճակատ մեկնելու ճանապարհին ծանոթացանք։ Նույն ջոկում էինք։ Սերաֆիմ Կուրինկովը մեր հրամանատարն էր, սիրահարված էր Լուսիկին։ Պատերազմից հետո եկավ Լուսիկի հետևից, ամուսնացան։ Ամուսինս՝ Զաքարը, պատերազմի մասնակից էր՝ կապիտան, շատ արագ մտերմացել էին Կուրենկովի հետ։ Մենք ընտանիքներով շատ մտերիմ էինք։ Մի քանի օր առաջ Լուսիկը մահացավ։ 76 տարվա մարտական ընկերուհուս կորցրի…

45 տարվա մանկվարժ  եք, ի՞նչ էիք պատմում Ձեր սաներին պատերազմից:

 

– Շատ բաներ, տեսածս…  Դասի ժամին խիստ էի, մաթեմատիկայի ժամերը չէին տուժում։ Բայց դասից դուրս տարբեր հանդիպումներ էին կազմակերպվում, որտեղ կիսվում էինք պատերազմի մասին հիշողություններով և հերոսական դրվագներով…

 

Աշակերտուհիներիցս մեկը՝ Սեդան, ով հիմա  81 տարեկան է, մինչև հիմա հիշում է, որ առաջին անգամ երբ դպրոց էի մտել, զինվորական համազգեստով էի։ Դա ուժեղ տպավորվել էր աշակերտների և կոլեկտիվի մոտ… Այդ հարգանքը մինչ այսօր պահպանվել է…Զինվորական համազգեստի հանդեպ հարգանքը պետք է դպրոցից սովորեցնել ։

…Պատերազմից հետո ընտանիքիս աքսորել էին  Սիբիր։ Հորեղբորս տղան, Ցոլակը, ով հետագայում Գյուղակադեմիայի պրոռեկտոր դարձավ, այդ տարիներին արգելված Րաֆֆու գրքերից գաղտնի գտնում էր և տալիս հայրիկիս՝ ընթերցանության համար։ Հայրիկս նաև բեղ էր պահում և տեսքով նման էր Անդրանիկին, ինչը ուշադրություն էր գրավել։ Տեղական ագենտուրան մարդ էր ուղարկել տունը հետախուզելու համար, ու երբ գտել էին Րաֆֆու «Խենթը», ասել էին. «հե՛սա, գտանք…»։ Այդ գիրքն ընտանիքիս աքսորելու պատճառ էր դարձել։ Այդ կապակցությամբ Ստալինին նամակ էի գրել: Մի քանի ամիս հետո ընտանիքս հետ վերադարձավ…

 

***

 

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո Աստղիկ Գալստյանն աշխատանքի է անցել Գորիսի 8֊ամյա ռուսական թեքումով դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի։ Այդտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Զաքար Խոջաբաղյանին (հեղ.՝ վերջինս Պարույր Սևակի ուսուցիչն էր )։ Սովետական բանակում ծառայած,  պատերազմի թոհուբոհով անցած, կապիտան  Զաքար պապը մեծ դժվարությունների գնով է կարողացել հաղթանակի հասնել նաև  Աստղիկ տատի հպարտության ու անտարբերության դեմ պայքարում: Ի վերջո նրան հաջողվել է շահել միշտ «ըզգաստ» աղջկա սիրտը: Այսօր արդեն Աստղիկ տատն ու Զաքար պապը 4 զավակ, 5 թոռ ունեն:

 

Պատերազմի հաղթական ավարտից հետո Աստղիկ տատը ծննդյան օրը փոխել է օրացույցային օրը՝ մարտի 28-ից տեղափոխվելով մայիսի 9-ը: Տասնամյակներ շարունակ այդ օրը հեռու ու մոտ բարեկամները հավաքվում են Գորիսում՝ շնորհավորելու ու մի անգամ էլ Աստղիկ տատի կենացը խմելու համար:

 

Շնորհավորանքներին միանում է նաև  WomenNet.am-ի խմբագրակազմը՝ մաղթում առողջություն ու երկարակեցություն մերօրյա բոլոր հերոսներին:

 

Տաթևիկ Սարգսյան

Դիտումների քանակը` 1794

Վերադառնալ վերև