Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ավրորա» մրցանակը ստացավ Թոմ Քաթինան

«Ավրորա» մրցանակի 2017 թվականի գլխավոր մրցանակակիրը վիրաբույժ և կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինան է։ Նա   տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն և սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի: Հաղթողի անունը հայտարարել եւ մրցանակը հանձնել է աշխարհահռչակ  շանսոնյե Շառլ Ազնավուրը։

 

 

Նյու Յորքից Սուդան տեղափոխված բժիշկը «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ընտրվել 66 երկրներից ստացված ավելի քան 550 առաջադրումներից: Քաթինան իր խոսքում նշեց՝ երբ պատերազմը սկսվել էր, իրեն առաջարկվել է դուրս գալ երկրից, բայց պնդել է, որ կմնա։

 

 

«Երբեմն մարդիկ ինձ հարցնում են՝ ո՞րն է քո աշխատանքի ամենադժվար մասը: Պատասխանը շատ պարզ է՝ ամենադժվարը տեսնելն է, թե ինչպես են քո հիվանդները մահանում, դա կործանիչ ցավ է: Պատկերացրեք՝ մեկ օրվա մեջ մահանում են ձեր հիվանդներից երեքը կամ չորսը: Այդ մարդիկ, ովքեր նման ցավ են տեսել, իդեալիստների կարիք չունեն: Նրանք մեզնից հրաշքներ չեն սպասում: Նրանք միայն կարիք ունեն մեկի, ով կնստի և կտառապի իրենց հետ: Ահա թե ինչի կարիքն ունեն նրանք: Եթե դու կարող ես դա անել՝ դու կօգնես այնտեղ գտնվող բոլոր մարդկանց: Ես իսկապես գնահատում եմ «Ավրորան» և այն, ինչ նրանք անում են, քանի որ իմ խնդիրն է՝ օգնել հանրայնացնել այն վիճակը, որում գտնվում են Նուբայի լեռների մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աննկարագրելի տառապանք են ապրում: Շնորհակալ եմ ձեզ այս հնարավորության համար»,- ասաց ամերիկացի բժիշկը:

 

 

Որպես «Ավրորայի» դափնեկրի Թոմ Քաթինան իրեն տրամադրվող 1 միլիոն դոլարը տրամադրելու է մարդասիրական գործունեությամբ զբաղվող երեք կազմակերպությունների: Իսկ անձնապես իրեն հասանելիք 100 հազար դոլարի պարգևը, վիրաբույժի խոսքով, ամենայն հավանականությամբ, կուղղվի 500 հազար մարդու սպասարկող իր հոսպիտալի բարեկարգմանը:

 

 

Նշենք, որ Թոմ Քաթինան արդեն երկար տարիներ աշխատում է Սուդանի Նուբայի լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում: Քաթինան այնտեղ միակ բժիշկն է եւ պատասխանատու է շրջանի 750 հազար բնակիչների բուժսպասարկման համար: Հիվանդանոցը բավական հեռու է մյուս բնակավայրերից, եւ հիվանդները հաճախ ոտքով են այնտեղ հասնում:  Հիվանդանոցն այսօր 450 մահճակալ ունի, բայց հաճախ դրանք չեն բավականացնում՝ բոլոր հիվանդներին ու վիրավորներին ընդունելու համար… Հիվանդանոցում նաեւ ժամանակակից սարքավորումների պակաս կա: Ցավազրկման համար նրանք շատ հին սարքավորում են օգտագործում, իսկ մինչեւ վերջերս անդամահատումը սովորական սղոցով էին անում: Անցյալ ամսվա վերջին, Քաթինայի խոսքով, երկարամյա սպասումից հետո իրենց հիվանդանոցը վերջապես ռենտգենի ապարատ է ստացել:

 

 

Երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողությանը ներկա էին ինչպես հայաստանյան քաղաքական վերնախավի անդամները, այնպես էլ միջազգային հումանիտար ոլորտի ներկայացուցիչներ ու անգամ նոբելյան մրցանակակիրներ:  Արարողության ժամանակ  մեծարանքի են արժանացել նաեւ մրցանակի մյուս հավակնորդները՝ Սոմալիից Ֆարթուն Ադանին և նրա դստերը՝ Իլվադ Էլմանին, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշին եւ Դենիս Մուկվեգեն, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում Կոնգոյում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց:

 

 

Արարողության ընթացքում ելույթներ են ունեցել 100 LIVES եւ Aurora Prize նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը: 

 

Ռուբեն Վարդանյանն իր ելույթում  նշեց, որ երկու տարի առաջ սկսելով այս նախաձեռնությունը, իրենք երեք հիմնադիրներով խնդիր ունեին Հայաստանի անունից նոր ուղերձ հղել աշխարհին, որպես վերապրած ժողովուրդ:«Մենք ազգ ենք, որը 20-րդ դարում մեծ տառապանք է ապրել, մենք գիտենք՝ ինչ է նշանակում ցավ ապրել, և հիմա մենք ցանկանում ենք վերադարձնել: Եվ անկախ նրանից, որ մենք ամենահարուստ երկիրը չենք, անկախ նրանից, որ շատ խնդիրներ կան, անկախ նրանից, որ բոլորս տնտեսական ու սոցիալական ծանր ճնշման տակ ենք՝ մենք կարող ենք անել դա»,- ասաց Ռուբեն Վարդանյանը, հույս  հայտնելով, որ «Ավրորան» կդառնա հարատև մարդասիրական նախաձեռնություն:

 

 

Հիշեցնենք, որ  Aurora Prize մրցանակաբաշխությունը ստեղծվել է, որպեսզի Ցեղասպանությունը վերապրած բոլոր հայերի անունից շնորհակալություն հայտնի փրկիչներին: Հարյուր տարի առաջ նրանց դրսեւորած քաջության հիշատակին մրցանակով պարգեւատրվելու են ժամանակակից հերոսները, որոնք վտանգում են իրենց կյանքը հանուն ուրիշների փրկության:

 

Կարդացեք թեմայի շւրջ մեր կայքում.

 

«Ավրորա» մրցանակը ստացավ Թոմ Քաթինան

«Ավրորա» մարդասիրության ցուցիչ-2017. Աշխարհում խորանում է հումանիտար ճգնաժամը

«Աշխարհն ունի մեր կարիքը». «Ավրորայի» հավակնորդները ներկայացրեցին իրենց պատմությունները

 

 

Դիտումների քանակը` 501

Վերադառնալ վերև