Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արարատում կին-թեկնածուներն ընկերացել են ու օգնում են միմյանց

 

Արարատ քաղաքում տեղի ավագանու 15 տեղի համար պայքարի մեջ են մտել 39 թեկնածու: Նրանցից միայն երկուսն են կանայք՝ Ժաննա Տեր Անտոնյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ անկուսակցական Կարինե Ալեքսանյանը: Womennet.am –ի հետ զրույցի ընթացքում երկուսն էլ խոստովանեցին, որ նախընտրական թոհուբոհն ու քարոզարշավը մոտեցրել է նրանց: Նախկինում իրար  չճանաչող Ժաննան ու Կարինեն, ոչ միայն ընկերացել են, այլեւ միմյանց օգնում են եւ հույս հայտնում, որ երկուսն էլ կհաղթեն, քանի որ երկուսն էլ արժանի են այդ հաղթանակին: «Եթե իմ թեկնածությունը դրած չլինեի, կընտրեի Ժաննային ու բոլորին խորհուրդ կտայի, որ նրան ընտրեն», ասում է Կարինե Ալեքսանյանը: «Նույնն էլ ես, Կարինեի նմանները շատ անհրաժեշտ են մեր քաղաքին», ասում Ժաննա Տեր-Անտոնյանը: 

 

 

                         Արարատցիներն  ինձ «Նեղ դուռ»  են   անվանում  

 

Արարատ քաղաքի Ցեմենտի գործարանում նախ որպես ավագ ինժեներ, այժմ լաբորատորիայում վարիչի տեղակալ աշխատող Ժաննա Տեր-Անտոնյանը ասում է, որ քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու որոշում կայացրել է վաղուց, սակայն միայն այս տարի է ավագանու թեկնածու առաջադրվել:

 

«Մինչ այդ զբաղվել եմ հասարակական աշխատանքով: Եղել են դեպքեր, երբ իմ ընտանեկան հարցերը թողած հարեւաններիս խնդիրներով եմ զբաղվել: Փողային հարցից սկսած մինչեւ ընտանեկան անախորժություն եւ այլն, գալիս էին, բա Ժաննա դու կարաս մեզ օգնես, կամ դու գիտես ում դիմենք, կամ դու խորոհւրդ տուր ոնց անենք, դե ես էլ օգնում էի, մեկին խորհուրդ էի տալիս, մյուսի հետ գնում էինք քաղաքապետարան, որ թոշակի կամ նպաստի խնդիրը լուծեինք: Էսպես տարիների ընթացքում ճանաչեցի բոլորին, շատերի խնդիրներին եմ տեղյակ: Արարատում ինձ անվանում են «Նեղ դուռ», կատակով ասում են, թե ով խնդիր ունի, թող գնա Ժաննայի մոտ, նա կօգնի, գոնե կլսի ու խորհուրդ կտա», – պատմում է տիկին Ժաննան՝ հավելելով, որ ավագանի անդամ դառնալու իր որոշման  նպատակն է քաղաքի սոցիալական, կրթական ու առողջապահական խնդիրների լուծումն է, ինչը կօգնի բարձրացնել մարդկանց կենսամակարդակը:

 

«Պետք է մանկապարտեզը ջեռուցվի, դպրոցի շենքը նորոգվի, անհրաժեշտ է աշխատատեղերի մասին մտածել, որպեսզի երիտասարդները չհեռանան», – թվարկում է  Ժաննա Տեր-Ահարոնյանը՝ նշելով, որ ընտրվելու դեպքում այդ հարցերը ոչ միայն բարձրացնելու է խորհրդակցությունների ժամանակ, այլեւ համախոհներ գտնելով քառամյա ծրագիր է ներկայացնելու, որպեսզի արարատցիներն իրական փոփոխությունների ականատես լինեն:

 

Ժաննա Տեր Անտոնյանը հավելում է, որ կուսակցությունն իրեն աջակցում է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում իր հանդեպ խտրական վերաբերմունք չկա. սիրում են, գնահատում, հարգում: Այդ վերաբերմունքը վաստակել եմ տարիների աշխատանքի արդյունքում», – ասում է նա՝ շեշտելով, որ ավագանին մի թիմ է եւ այդ թիմին անհրաժեշտ են ուժեղ, խելացի մարդիկ:

 

 

         Ընտրողներն  ինձ գիտեն, որպես «Կարմիր Խաչի Կարինե»

 

Կարինե Ալեքսանյանը «Կարմիր խաչ» կազմակերպության Արարատ քաղաքի ճյուղային բաժնի նախագահն է: Արդեն 12 տարի զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով: Ասում է՝ քաղաքականությամբ  գուցե չէր  զբաղվի, եթե տարիներ առաջ չայցելեր քաղաքի հանրակացարանն ու չտեսներ այնտեղ ապրող մարդկանց սոցիալական ծանր պայմանները:

 

 

«Հանրակացարանը ողբալի վիճակում էր: Ջրատար խողովակը տրաքել էր, բնակիչներն անմարդկային պայմաններում էին ապրում: Ինձ խնդրում էին, որ իրենց օգնեմ: Դիմեցինք քաղաքապետին, սակայն ոչ մի փոփոխություն: Անցել է մի քանի տարի, հարցին որեւէ լուծում չի տրվել: Մինչդեռ այդ, կներեք,  խոզանոցում մարդիկ են մահանում, մարդիկ են ծնվում եւ նրանք պետության աջակցության կարիքն են զգում: Նմանատիպ պատմությունները բազմաթիվ են եւ ինձ ստիպեցին, որպեսզի ես հասարակական գործունեությանը զուգահեռ քաղաքականություն մուտք գործեմ», -ասում է Կարինե Ալեքսանյանը, ով  սոցիալապես անապահով անձանց օգնելը իր գլխավոր խնդիրն է համարում:

 

 

«Հաշմանդամ անձանց  նպաստների տրամադրում, նրանց` հասարակության մեջ ինտերգրվելու, թեքահարթակներ կառուցելու  եւ այլ հարցեր: Կան հաշմանդամ երեխաներ, ովքեր չեն կարողանում դպրոց գնալ, որովհետեւ դպրոցը թեքահարթակ չունի կամ երեխան ամաչում է, կոմպլեքսավորվում.. սա պետք է կարողանանք հաղթահարել: Ես հասկանում եմ` ավագանին ամեն հարց չէ, որ կարող է լուծել, բայց  իմ նպատակն է օգտագործելով այդ լծակը փորձել օգնել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Բացի այդ, անհանգստացնում է քաղաքի մաքրության հարցը: Աղբի վարձը թանկացավ, բայց քաղաքը կեղտի մեջ կորած է: Ուզում եմ իմանալ, ժողովրդի վճարած հարկերը ո՞ւր են գնում ,  այդքան գումարներ են հավաքվում ՝ ո՞ւր է գնում. քաղաքի համար ոչինչ չի արվում: Բազմաբնակարան շենքում եմ ապրում, բայց շենքի կոտրված դուռը բնակիչներն իրեն հաշվին նորոգեցին, աղբատարերը շատ վատ են աշխատում, կոյուղին սարսափելի է վիճակում է, կան թաղամասեր, որտեղ կոյուղին ուղղակի դուրս է հորդում, իսկ դա իր հետ բերում է բազմաթիվ հիվադություններ, վարակներ: Սրանք, կարելի է ասել, առաջին օգնության հարցեր են, որոնց պետք է շտապ լուծում տալ», –  ասում է Ալեքսանյանը՝ հավելելով, որ ընտրվելուց հետո առաջին խնդիրը, որ բարձրացնելու է քաղաքի մաքրության հարցն է լինելու: Նրա բնորոշմամբ՝ Արարատի որոշ թաղամասեր աղբանոց են հիշեցնում:

 

Կարինե Ալեքսանյանը պատմում է, որ չորս տարի առաջ էլ է ավագանու անդամի թեկնածություն դրել, սակայն ընդամենը մեկ ձայնի պատճառով չընտրվեց:

«Չգիտեմ, դա չար կատակ էր, թե զգուշացում էր, որ հաջորդ ընտրություններին ավելի լավ պատրաստվեմ: Այս չորս տարվա ընթացքում, ես էլ եմ փոխվել: Այն ժամանակ ամաչում էի մարդկանց հետ զրուցել, ամաչում էի նկարներս փակցնել: Ինձ ընտրեցին միայն նրանք, ովքեր ճանաչում էին: Այն ժամանակ զբաղված էի, աշխատում էի Երեւանում: Հետո, այնքան էլ լավ պատկերացում չունեի քարոզարշավի, ընտրությունների, ավագանու դերի վերաբերյալ: Հիմա այլ է, հանդիպումներ եմ կազմակերպում, զրուցում, շատերն են ողջունել իմ քայլը, շատերը մոտեցել ու ասել են, որ քաղաքին ինձ նման մարդիկ են հարկավոր», – ասում է Կարինե Ալեքսանյանը:

 

 

Ավագանու թեկնածուն պատմում է, որ քաղաքական ակտիվություն ցուցաբերող  կանանց նկատմամբ հասարակության վերաբերմունքն էլ է փոխվել:

« Ժամանակի ընթացքում, այդ «չի կարելիներն» ավելի են քչանում: Իմ պարագայում հասարակության վերաբերմունքը դրական  է: Ինձ գրեթե բոլորը ճանաչում են՝ շատերին եմ օգնել, շատերին ձեռք մեկնել: Ինձ քաղաքում գիտեն, որպես «Կարմիր Խաչի Կարինե», – ասում է նա ու ժպտալով շարունակում, որ երկրորդ անգամ ավագանու թեկնածության առաջադրումը զարմացրեց շատերին:

 

 

«Երեք ամիս առաջ լուրջ եւ շատ բարդ վիրահատություն տարա: Երբ հայտարարեցի, որ ուզում եմ թեկնածությունս առաջադրել՝ ընտանիքիս անդամները, ընկերներս, նախ զարմացան հետո՝ ողջունեցին, ասացին, որ ինձ հետ են եւ ինձ կօգնեն: Դա շատ կարեւոր է: Հիշում եմ, երբ հանդիպումներից մեկի ավարտին մի մարդ մոտեցավ ու ասաց՝ մալադեց, որ դժվար վիրահատությունից հետո կարողացել ես հաղթահարել ամեն ինչ ու դեռ պայքարում ես ուրիշների համար», – պատմում  է Կարինեն:

 

 

Հասմիկ  Հարությունյան

 Արարատ-Երեւան

 

Դիտումների քանակը` 3311

Վերադառնալ վերև