Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

  ՀՀ առողջապահության նախարարության կողմից  մշակվող  օրինագիծը, որով պետք է արգելվի ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը (մինչեւ 30 շաբաթական դառնալը), տարակարծություն է առաջացրել հասարակությունում: Նույնիսկ գենդերային անհավասարության դեմ պայքարող քաղաքացիները միանշանակ չեն վերաբերվում  այս նախագծին: Սակայն անկախ նրանից, թե օրինագիծը կյանքի կընդունվի, թե ոչ, այն արդեն իսկ սկսել է «գործել»՝  հայ հասարակության ուշադրությունը բեւեռելով պտղի սեռով պայմանավորված աբորտների խնդրի վրա:

 

Տղա երեխաներին նախապատվություն տալու արդյունքում Հայաստանը տարեկան կորցնում է 1500 աղջիկ: Առողջապահության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը միտված է վերացնելու սեռի հիմքով պայմանավորված աբորտները: «WomenNet» -ը փորձել է պարզել քաղաքացիների կարծիքը, թե արդյոք կյանքի կոչվելու  դեպքում այս օրինագիծը կկարողանա հետ պահել մարդկանց սելեկտիվ աբորտներից  եւ թե ինչ այլ  խնդիրներ կարող են առաջանալ դրա հետ կապված: Մենք զրուցել ենք խնդրին ծանոթ եւ դրանով մտահոգված երիտասարդ կանանց ու տղամարդկանց  հետ…

 

26-ամյա Ա. Կ.-ն, ում առաջնեկն աղջիկ է, կարծում է, որ երեխայի սեռը հայտնելու արգելքը կարող է պարզապես փրկություն լինել իր նման կանանց համար: «Ամուսինս ու սկեսուրս շատ են ուզում տղա երեխա, մեր ֆինանսական վիճակն էլ այնպես է, որ չենք կարող երկուսից ավելի երեխա ունենալ: Հիմա եթե երկրորդ հղիությանս ժամանակ պարզվի, որ էլի աղջիկ է, երեւի ինձ կստիպեն, որ հեռացնեմ…Բայց ես չեմ ուզում աբորտ անել, դա մարդասպանություն է»,- ասում է Ա.Կ.-ն: Երիտասարդ կինը նշեց, որ ինքը չի համարձակվի հակառակվել ամուսնու եւ սկեսրոջ կամքին, իսկ օրենքի առկայության դեպքում նման խնդիր չի առաջանա, քանի որ 30 շաբաթական երեխային չեն ստիպի, որ հեռացնի: «Եթե նման օրենք իսկապես գործի, ես վստահ եմ, որ ես ու իմ նման շատ կանայք պարզապես կազատվեն աբորտ անելու խնդրից, ընտանիքներում էլ կռիվներ չեն լինի էդ թեմայով»,- ասում է երիտասարդ մայրիկը:

 

Մեկ այլ երիտասարդ մայրիկ՝ ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանն էլ միանգամայն այլ կարծիքի է. «Օրենքի ընդունումով շատ բան չի փոխվի: Ես մորիցս լսել եմ շատ պատմություններ, որ էսինչ գյուղում էսինչ մարդը ճիշտ գուշակում է երեխան ինչ սեռի է: Սեռը պարզելու մեթոդներ հաստատ կգտնեն, հաշվարկներ կանեն կամ այլ բաներ: Իսկ ընտանիքներում դրանից հարաբերությունները ավելի չեն լավանա, քանի որ կինը հերթական աղջիկն է լույս աշխարհ բերելու ու անընդհատ երեսով են տալու, թե աղջիկներ են»:

 

Իդեպ, Անահիտն արդեն մեկ տղա եւ մեկ աղջիկ ունի, ներկայումս էլ սպասում է երկրորդ որդու լույս աշխարհ գալուն: «Ես դեմ եմ աբորտներին, հատկապես եթե սեռի համար են նման քայլի գնում: Միշտ էլ զարմանում եմ՝ ոնց կարող է կինը իր տեսակից հրաժարվել ամուսնուն գոհացնելու համար»,- ասում է ֆոտոլրագրողը:

 

Թավջութակահար Ալեքս Միրզոյանը, ով անցած տարի սեռով պայմանավորված աբորտների վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմ էր համահեղինակել, մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը դժվարանում է միանշանակ կարծիք հայտնել տվյալ օրինագծի վերաբերյալ. «Մեկ մտածում եմ, որ սխալ է, քանի որ մարդուն զրկում են իր ապագա երեխայի սեռն իմանալու իրավունքից, բայց մյուս կողմից էլ այդպիսով կփրկվեն իգական սեռի երեխաները, եւ բալանսի կգա արական եւ իգական երեխաների հարաբերակցությունը»:

 

Երաժշտի կարծիքով՝ օրինագիծը, այնուամենայնիվ, հետադիմական է, քանի որ գիտության զարգացման շնորհիվ այժմ հնարավոր է ապագա երեխայի վերաբերյալ տեղեկություններ ունենալ հղիության հենց առաջին ամիսներին, իսկ պտղի սեռը 30 շաբաթ թաքցնելը ռեգրեսիայի է նմանվում:

 

Հանրային առողջապահության մասնագետ Անի Ջիլոզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պտղի սեռը չհայտնելը չի կարող լուծել երեխայի սեռի նախընտրության հարցը, քանի որ այդ օրենքը լուծում չի տա արական սեռի նախապատվության գլխավոր պատճառներին: «Ուլտրաձայնային ճանապարհով երեխայի սեռը պարզելու արգելքը մեծ պահանջարկ կառաջացնի գաղտնի գործընթացների արդյունքում սեռը որոշելու համար, ինչը եւ անօրինական է եւ վտանգավոր»,- կարծում  է Անի Ջիլոզյանը: Մասնագետը, վկայակոչելով Հնդկաստանի, Չինաստանի եւ Կորեայի օրինակները, որտեղ արդեն գործում է նման օրենք, նշեց, որ առավել կարեւոր է բարելավել երկրում կանանց համար սոցիալ-տնտեսական պայմանները համայնքային մակարդակում, ինչն էլ որոշակիորեն կնվազեցնի տղաներին նախապատվություն տալու ցանկությունը:

 

32-ամյա Արամ Մադաթյանն էլ կարծում, որ օրենքն արդյունավետ չի գործի զուտ այն պատճառով, որ մեր հասարակությունը կոռումպացված է: «Ո՞ր մի բժշկի ջեբը 10 հազար դնես, քեզ չի ասի սեռը: Ես նման բժշկի չեմ ճանաչում: Քանի դեռ մեր հասարակության գիտակցությունը չբարձրանա, ոչ մի օրենքով էլ էս հարցը չի լուծվի: Իսկ եթե գիտակցությունը բարձրացնենք, նույնիսկ նման օրենքների կարիք չի լինի, որովհետեւ սեռի հիմքով աբորտներն էլ կնվազեն»:

 

Իսկ ապագա հայրիկ Սուրեն Բարսեղյանը կարեւորում է նման օրենքի հոգեբանական ազդեցությունը: «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան արագ ամբողջ երկիրը կտեղեկանա, որ հայ ծնողները երեխաներին վերացնում են միայն նրա համար, որ աղջիկ են: Երբ ծնողներին կզրկեն սեռն իմանալու իրավունքից, իրենք կհասկանան, թե որքան դաժան են վարվել իրենք կամ իրենց հարեւանը, ընկերը, երբ նման քայլի են գնացել, եւ հասարակական կարծիքը կփոխվի»: 29-ամյա Սուրենը գիտի իր առաջնեկի սեռը՝ աղջիկ են ունենալու. «Ես շատ ուրախ եմ, որ աղջիկ է, տղա էլ լիներ, էլի կուրախանայի, երեխան երեխա է՝ անկախ սեռից»: Սուրեն Բարսեղյանը նշում է, որ եթե օրինագիծն օրենքի ուժ ստանա, մարդիկ կսթափվեն եւ գուցե նաեւ վախենան դիմեն աբորտի: «Երբ նման խնդիրը կարգավորվում է օրենքով, քաղաքացին հասկանում է, որ պետությունն է արդեն մտահոգված խնդրով եւ պետական մոտեցում կա ու նաեւ գիտակցում է, որ իր երեխային վերացնելը ոչ միայն իր անձնական գործն է, այլեւ ազդեցություն է ունենում մեր հասարակության եւ պետության վրա»:

 

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

 

 

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

 

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք 

 

Դիտումների քանակը` 4559

Վերադառնալ վերև