Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արժանապատի՞վ ծերություն. Ֆիզարձակուրդում գտնվող կանանց համար ոչ գործատուն, ոչ պետությունը թոշակ չեն կուտակի…

 

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը  մտահոգություններ է առաջացրել ոչ միայն տարբեր ոլորտների աշխատակիցների, այլ հղի կանանց մոտ: Նրանք չեն կարողանում պատկերացնել, թե ծնելիության աճն ու կրծքով 6 ամիս կերակրելու քարոզը տանող  պետությունն ու օրենսդիր մարմինը ինչպե՞ս կարող են պարտադրել մի համակարգ, որն ըստ էության հակասում է այդ ամենին:

Հետաքրքիր զուգադիպությամբ, «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ու «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներն ուժի մեջ են մտնում միաժամանակ` 2014-ի հունվարի 1-ից:

 

 

Պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը նախատեսող օրենքի դեմ պայքարող պատգամավորներից դաշնակցական Արծվիկ Մինասյանը WomenNet.am-ի հետ զրույցում փաստեց, որ համաձայն վիճահարույց օրենքի, կուտակային պարտադիր բաղադրիչի դեպքում ֆիզարձակուրդում գտնվող, ինչպես նաև երեխայի` օրենքով սահմանված ժամկետում խնամքն իրականացնող անձի հաշվին որևէ վճար չի կատարվում:

 

«Հետևաբար այդ տարիների համար կինը զրկվում է թոշակ ստանալու հնարավորությունից: Սա թե ժողովրդագրության, թե ներկա սոցիալ-տնտեսական պայմանների տեսակետից իրավիճակին չհամապատասխանող քայլ է »,-ասաց ՀՅԴ խմբակցության անդամը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն,  աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ` 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), մինչև երեխայի երեք տարեկան դառնալը տրվում է խնամքի արձակուրդ:

 

 

Պատգամավորն անարդարացի է որակում այն փաստը, որ նշված ժամանակահատվածում  ոչ պետությունը, ոչ էլ գործատուն փոխանցում չեն անելու  ֆիզարձակուրդում կամ երեխային խնամքի արձակուրդում գտնվող կնոջ հաշվեհամարին:

 

 

Ստացվում է, որ եթե կինը եւ երիտասարդ ընտանիքը ներկա սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում խիզախություն են անում ունենալու 3 կամ ավելի երեխա, ապա կինը  9 կամ ավելի տարով զրկվում է թոշակ կուտակելու հնարավորությունից: Էլ ու՞ր մնացին նոր կենսաթոշակային համակարգի անհրաժեշտությունը  հիմնավորող  սոցիալական արդարություն և արժանապատիվ ծերություն ապահովելու  սկզբունքները…

 

 

Նշենք, որ ըստ գործող կենսաթոշակային համակարգի՝ բուհերում  քաղաքացու ուսումնառության և զինծառայության տարիները համարվում են որպես աշխատանքային ստաժ, այնինչ պարտադիր կուտակային համակարգի դեպքում թե ուսումնառության, թե զինծառայության տարիները, իսկ կանանց դեպքում՝ նաև ֆիզարձակուրդում եղած ժամանակաշրջանը չի ներառվում աշխատանքային տարիների մեջ: Այս դիտարկումն արել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը օրերս տարածված իր  բաց նամակում:

 

Արծվիկ Մինասյանն իր կուսակից պատգամավորների, ԲՀԿ , ՀԱԿ ու Ժառանգություն խմբակցությունների պատգամավորների ու օրենքին ընդդիմացող  քաղաքացիական ակտիվիստների  հետ հիմա աշխատում են` օրենքի սահմանդրականությունը վիճարկելու հայցի վրա:

 

 

 

«Հիմա մենք պատրաստվում ենք Սահմանդրական դատարան դիմել օրենքի «պարտադիր կուտակային» բաղադրիչի սահմանադրականությունը վիճարկելու տեսակետից: Հուսով ենք, որ որոշակի փոփոխություններ կլինեն»,- հույս հայտնեց  դաշնակցական պատգամավորը:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3978

Վերադառնալ վերև