Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արմենուհի Ծատուրյան. «Արենիում ակտիվ կանայք շատ կան, նրանց խրախուսել է պետք»

Արմենուհի Ծատուրյանը Վայոց ձորի Արենի  համայնքում առաջադրված 15  ավագանու թեկնածուների թվում  միակ  կին  թեկնածուն է: Ծնվել է Արենի  համայնքում, դպրոցն ավարտելուց  հետո սովորել է Ակսել Բակունցի անվան  մանկավարժական  ուսումնարանում, այնուհետև ուսումը շարունակել է Խ.Աբովյանի անվան  պետական  մանկավարժական  համալսարանի տարրական  կրթության  և մոթոդիկայի  բաժնում: Արենիի միջնակարգ դպրոցում 4 տարի աշխատել է որպես  դասվար, որից  հետո` 2004-ին նշանակվել է դաստիարակչական  աշխատանքերի կազմակերպիչ: ՀՀԿ անդամ է:  Ամուսնացած է, ունի երկու զավակ, ովքեր  Երևանի պետական  և  տնտեսագիտական  համալսարանների ուսանողներ են:

 

Արմենուհի Ծատուրյանի  հասարակական  գործունեության  համար բեկումնային  էր 2006 թվականն, երբ Արենի համայնքի ակտիվ կանանց  համար մի  շարք  միջազգային կազմակերպություններ կազմակերպեցին  ՏԻՄ ընտրություններին  մասնակցությանը  սեմինարներ եւ  դասընթացներ:

 

–         Արենիում  ակտիվ կանայք  շատ  կան,   նրանց  խրախուսել է  պետք: Համայնքը զերծ է  կարծրատիպերից,  մարդիկ  շատ հանգիստ են  նայում քաղաքականության  մեջ  կնոջ  ակտիվ ներգրավվածությանը:  2006 –ին համայնքում  արդեն  կար ավագանու կին թեկնածու,  ինչպես ասում են,  հանրության աչքը սովորել էր դրան, իսկ 2012 թ-ին նաեւ  ես  առաջադրվեցի ավագանու թեկնածու,-ասում է Արմենուհին:

 

Նա երկար  տարիներ  Եղեգնաձորի Կանանց  ռեսուրս  կենտրոնի անդամ է,  միաժամանակ  համագործակցում է տարբեր ՀԿ-ների և ՀՀ  սպորտի և երիտասարդության  նախարարության  հետ: Արմենուհու  ջանքերով  իրականացվել են   բազմաթիվ  ծրագրեր.  Արենիի մարզադպրոցի  համար  ձեռք  է  բերվել մարզագույք,  համայնքի  համար` երաժշտական  տեխնիկա, փոքր  դրամաշնորհային  ծրագրերով Արմենուհին աջակցել է համայնքի անապահով ընտանիքներին,   կանանց:

 

Արմենուհու խոսքով կար ժամանակ, երբ համայնքի բնակիչները լիովին  չպատկերացնելով  ավագանու  ինստիտուտի  էությունը,  մտածում էին, որ մեծ ազգ ու բարեկամություն ունենալը  բավական է ավագանու անդամ ընտրվելու համար: Երբեմն  լինում էր նաև այդպես, արդյունքում հատկապես  կանայք  դուրս էին  մնում ավագանու կազմից: Այսօր պատկերն այլ է:

 

–         Մենք հաճախակի դասընթացներ ենք  կազմակերպում ՏԻՄ  ընտրություններում  կանանց  մասնակցության  վերաբերյալ, իմ փորձն ու գիտելիքները փոխանցում եմ  նրանց: Օրինակ,  բոլորովին վերջերս  Վրաստանում  մասնակցեցի  աշխատաժողովի`  «Ինչպես  ներգրավել  կանանց  տեղական  ինքակառավարման  մարմինների ընտրություններում»  թեմայով: Դրա արդյունքում  դրամաշնորհային  ծրագիր հայտարարվեց,  8  շահողներից  մեկն էլ ես էի: Բայց  ցավում եմ, որ այս  ընտրություններում առաջադրվել  ցանկացող 3-4  կանայք  վերջին  պահին  հրաժարվեցին մասնակցությունից,- պատմում է Արմենուհին:

 

Արմենուհու ներդրումը մեծ է նաև համայնքի փողոցների լուսավորության և ասֆալտապատման  գործում: 2004 թվականից ամեն  տարի Արենիում ավանդաբար նշվող Գինու փառատոնի հանձնաժողովի անդամ է: Միշտ ակտիվորեն  մասնակցել  և այսօր էլ ներգրավված է հոկտեմբերի 1-ին Արենիում անցկացվող  հերթական  փառատոնի աշխատանքներում: Նրա  խոսքով Գինու փառատոնը համախմբում է ոչ միայն տարբեր վայրերից եկած  մասնակիցներին ու  զբոսաշրջիկներին, այլև օգնում  գյուղացիներին  վաճառելու սեփական  բերքն ու  բարիքը,  նպաստում զբոսաշրջության  զարգացմանը:

 

Արմենուհի Ծատուրյանի ծրագրերում առանձնահատուկ  տեղ ունի զբաղվածության թեման: Եղեգնաձորի  կանանց  ռեսուրս  կենտրոնի աջակցությամբ Արմենուհին տնայնագործության  զարգացման  նպատակով ծրագրել է Արենիում ստեղծել  կանանց  ձեռքի  աշխատանքի կենտրոն, որտեղ  համայնքի  կանայք  կզբաղվեն ասեղնագործությամբ,  կարպետագործությամբ,  գոբելենով,  միաժամանակ  կունենան  աշխատանք  և գումար  վաստակելու հնարավորություն:

 

–         Կանանց  մի փոքրիկ  խումբ եմ ստեղծել, հարևան Խաչիկ  համայնքից կարպետագործ  վարպետ կնոջ եմ  հրավիրել, ով  իր արհեստը կսովորեցնի կանանց: Դասընթացներն անցկացվում են  համայնքապետարանի նախկին  շենքում: ՄԱԿ-ի զարգացման  ծրագրով  ձեռք  բերեցինք տեխնիկա ու համակարգիչներ: Դասընթացներին  հաճախում են երիտասարդ, միջին  տարիքի, անգամ  60-ն անց  կանայք: Հոկտեմբերի  կեսերին «Մետաքսի ճանապարհ» միջազգային  կազմակերպության  և Եղեգնաձորի  կանանց  ռեսուրս  կենտրոնի աջակցությամբ կանանց այս  խումբը կընդլայնվի,  կներգրավվի  60 կին, ովքեր ուսուցողական  դասընթացներից  հետո կստանան  անհրաժեշտ հումք` թելեր և սարքավորումներ իրենց  տանն աշխատելու համար: Բացի դա,  ցանկանում եմ  մեր համայնքում  ստեղծել  իրավաբանական  և հոգեբանական անվճար խորհրդատվական  կենտրոն, -ասում է Արմենուհին:

 

Նրա  հագեցած առօրյայում  կարծես թե  ընտանիքի  համար  ժամանակ  չի մնում, տանը  հանդուրժում են  նրա  զբաղվածությունը,  հանրօգուտ աշխատանքի  հանդեպ  նրա  նվիրվածությունը: Երբեմն ամուսինը  կատակով ասում է, որ ընտրություններում  իր ձայնը  չի տա կնոջը, որպեսզի նա տանը նստի,  բայց երբ Արմենուհին  2  օր տանն է  մնում,  տանեցիք  զարմանում են, ասելով. «Այս  ինչ է,  դրսում  գործ չունե ՞ ս»:

 

–         Ես  համաձայն եմ,  տնային  գործերս  գիշերն էլ  կանեմ,  միայն թե հասարակական  աշխատանքը  չտուժի: Ոչ ոք  չի  իմանա,  գիշերը երկու ժամ  քնեցի, թե մեկ,  ինձ համար  կարևորն այն է, որ մարդկանց,  համայնքի համար մի բարի գործ անեմ: Իսկ  ընտանիքիս  անչափ եմ սիրում, իմ  հանրային  գործունեությունից  ընտանիքս  երբևէ  չի տուժել,- ասում է Արմենուհին:

 

Անուշ Ներսիսյան

 

Դիտումների քանակը` 2063

Վերադառնալ վերև