Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Արտավազդ Փելեշյանի «Կյանք»-ի սիմֆոնիան/ ֆիլմ

Փետրվարի 22-ը համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Արվեստագետներն ասում են, որ , ըստ էության, Փելեշյանի իրական մեծությունը, արժեքը մենք չենք ընկալում և գիտակցում, որովհետև նա այսօր անվերապահորեն կենդանի դասականի կարգավիճակ ունի, աշխարհի խոշորագույն կինեմատոգրաֆիստներից մեկն է և շատ մեծ սահմանափակում կլիներ, եթե նրան փորձեինք տեղավորել ընդամենը հայկական կինոյի կամ, նույնիսկ, խորհրդային կինոյի շրջանակում:

 

 

Նկարագրել նրա արվեստը բառերով անշնորհակալ գործ է, քանի որ բառերը դժվար են հարաբերվում Փելեշյանի կինոարվեստի հետ: «Ինքը` Փելեշյանը, բառը դուրս է թողել իր կինոյից: Երկար ես մտածում այս ֆենոմենի մասին, հավանաբար այն պատճառով, որ արդեն 20-րդ դարում բառը կորցրել էր իր մոգական նշանակությունն ու արժեքը: Բառն այլևս վստահություն չէր ներշնչում: Բառը չարչարվել, հազար անգամ իմաստափոխվել, սեփական նշանակությունից օտարվել էր տարբեր տոտալիտար ռեժիմների», – ասում է Դավիթ Մուրադյանը՝ գերադասելով բնորոշել Փելեշյանին, որպես կինոսիմֆոնիստ ՝  «մարդ, որ իր սիմֆոնիաները կադրերով է գրում՚»:

 

 

Արդեն 20 տարուց ավել է ,  ինչ Փելեշյանը ֆիլմ չի նկարում, լռում է։ Նրա վերջին ֆիլմը «Կյանք»-ն  է (1993 թ.)՝ միակ գունավոր ֆիլմը,  որում նա  հրաժարվեց սև ու սպիտակից, քանի որ այն կյանքի  ծնունդ է  խորհրդանշում:

«Նա սև-սպիտակ գույներն էր ընդունում, քանի որ դա բացարձակ բևեռացում է: Դա այն դրամատիկ ողբերգականին մոտեցող բևեռացումն է, որի մեջ նա ապրում և ստեղծագործում է: Նա գույնով ընդամենը մեկ ֆիլմ նկարեց: Ամենադժվար ժամանակներում 93-94 թվականներին` երկու կինո, աֆորիզմ նկարահանեց ատրճանակի կրակոցի նման կարճ և ազդու` «Կյանք» և «Վերջ»: «Վերջ»-ը վագոն է, խունացած լուսանկար ու ժապավեն հիշեցնող վագոն: Անմիջապես դրանից հետո նկարում է «Կյանք»-ը գունավոր` երեխայի ծնունդ, կյանքի ծնունդ խորհրդանշող ֆիլմ: Ընդամենը ծննդատանը նկարահանված երեխայի  լույս աշխարհ գալու պատմություն: Եվ ամբողջ ֆիլմը հիմնականում մոր դեմքին է կենտրոնացած, ում միջոցով  նա ասում է այս աշխարհում մարդու, կյանքի, առեղծվածի մասին, անընդհատ վերանորոգվող կյանքի, տառապանքի, չարչարանքի, հույսի, գեղեցկության մասին: Եվ  միայն ֆիլմի ֆինալում ձեռքերի վրա նորածինը ասում է ամեն ինչ»,-  ասում  է Դավիթ Մուրադյանը:

 

 

Նրա  ամենամեծ չիրականացված երեզանքը  «Homo Sapiens» ֆիլմն է, որի  սցենարը վաղուց պատրաստ էր, սակայն ֆինանսների բացակայության պատճառով մինչեւ այսօր կյանքի չի կոչվել:

 

 

«Դեռ 1968 թվականին գրեցի «Homo Sapiensե սցենարը: Այն խաղարկային ֆիլմ էր լինելու, որի համար մեծ գումար էր պահանջվում՝ մեկ միլիոն դոլար: Բախտս բերեց. 1989 թվականին Պետկինոն հաստատեց սցենարն ու բյուջեն: Ուրախացա, բայց մի տարի հետո երկիրը քանդվեց: Ես չեմ նահանջում «Homo Sapiensե-ից, թեև էլի ունեմ սցենարներ, և՛ խաղարկային, և՛ վավերագրական. «Homo Sapiensե-ն էլ է խաղարկային: Եթե այդ ֆիլմը նկարեմ, իմ մյուս բոլոր ֆիլմերը նրա կողքին կերևան փոքրիկ էսքիզներ: Այնքան նորություն կա այդ ֆիլմում, որ մինչև կյանքիս վերջն ինձ հերիք է: Ունեմ նաև «Հայոց աշխարհ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի սցենար, որը նույնպես ֆինանսական պատճառներով այդպես էլ չնկարեցի», – ասել էր Փելեշյանը իր հարցազրույցներից մեկում:

 

 

Այնուհետեւ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նրան հարցրել են՝ «Իսկ եթե այդ գումարը չստացվի գտնե՞լ»,  նա՝ իրեն բնորոշ լրջությամբ և դեմքի երբևէ չկարդացվող արտահայտությամբ ասել է՝ «Դուք գիտեք, ես դա ձեզ համար եմ անում. ես այդ ֆիլմը վաղուց տեսել եմ»:

 

 

Դիտումների քանակը` 2171

Վերադառնալ վերև