Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ա.Բախշյան. «ԱԺ-ի դարպասները մագլցողներ չեն լինի, Րաֆֆիի քաղաքակիրթ քայլերը կզարմացնեն բոլորին »

Այս օրերին «Ժառանգության» ներկայացուցիչներին տրվող ամենագլխավոր հարցը իրենց առաջնորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերի մասին է ՝ ինչպիսի՞ն  կլինեն հետընտրական  զարգացումները, հաշվի առնելով  1996-ի կամ 2008-ի (Աստված մի արասցե) սցենարները: Անահիտ Բախշյանի համոզմամբ` «Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբունքային, ազնիվ մարդ է և իր ժողովրդին փորձության չի տանի», ասել է թե` ցնցումների մի սպասեք:

 

«Վստահեցնում եմ և համոզված եմ, որ 1996 թվականի նման Ազգային Ժողովի  դարպասները մագլցողներ  չեն լինի, ինչպես նաև համոզված եմ, որ 2008 թ-ի ճանապարհներով պետք չէ գնալ: Րաֆֆի Հովհաննիսյանն իր բարոյական, բարի քարոզչությամբ  հաղթանակեց և մեր քաղաքացիները հավաքվեցին հենց այդ բարության շուրջը, մերժելով ատելությունը»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը ` հավելելով, որ իր թեկնածուի նախընտրական քարոզարշավը բացի բարի լինելուց նաև շատ տպավորիչ ու  ազդեցիկ էր, որի արդյունքում էլ Ր.Հովհաննիսյանին ձայն տվեց 540  հազար հայաստանցի. «Իսկ սա խոսում է ժողովրդի վստահության մասին»,- շեշտեց նա:

 

Ինչ վերաբերում է  Ազատության հրապարակում այսօր երեկոյան սպասվող հանրահավաքին և այն հանգամանքին, որ դրա մասին ծանուցումն է նախորդ ընտրությունների հետ  զուգահեռներ անցկացնելու առիթ տվել, Ա.Բախշյանը միայն նշեց, թե չի ցանկանում բացել փակագծերն ու սցենարը հրապարակել` «երեկոյան ամեն ինչ պարզ կդառնա»: Սակայն վստահություն հայտնեց, որ «Ժառանգության» առաջնորդի քաղաքակիրթ քայլերը կզարմացնեն բոլորին:

 

Ասուլիսի մասնակից ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, թե ընտրության ընթացքը, և թե դրա արդյունքները  կարող են սթափեցնել իշխանություններին, քանի որ «ինտենսիվ, քաղաքակիրթ ու բարոյական քարոզչությունը առաջացնում է շատ ավելի մեծ արձագանք, քան ատելության հրապարակային քարոզը»: Նա գնահատական տվեց ընտրական օրվա զարգացումներին մատնանշելով, թե `«բոլոր խախտումներն արվում էին բացառապես իշխանության կողմից» և իր համար ակնհյատ էր «ընտրախախտումների վերաբերյալ ստացվող ահազանգերի նկատմամբ ոստիկանության չեզոք պասիվությունը».

 

 

Հրանուշ Խառատյանը նկատեց նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած  միայն  37 տոկոսը չէ, որ իրական  ընդիմությունն է, այդ թիվն ավելի մեծ է: Բայց անգամ այդ 37 տոկոսը վկայում է, որ չնայած առկա իրավիճակին` քաղաքացիները կարողացան իրենց  մեջ ուժ գտնել և  հաղթել «վարչակազմի ճնշվածության սինդրոմը»:

 

«Սա ինձ տոնական տրամադրություն է հաղորդում»,- իր խոսքը հավելեց Հ.Խառատյանը:

 

Հիշեցնենք, փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում նախնական արդյունքները հետևյալն են` ՀՀԿ առաջնորդ, ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ստացել էր 861.160 քվե (58.64 տոկոս), «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան ստացել է 539.672 քվե (36.75 տոկոս), երրորդ տեղում է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ով ստացել է 31.643 քվե (2.15 տոկոս), նրան հաջորդում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր 18.093 քվեով (1.23 տոկոս):

 

Է.Մակարյան

 

Դիտումների քանակը` 3191

Վերադառնալ վերև