Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

Ազգային ժողովի այս շաբաթ տեղի ունեցած քառօրյայի ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանն անդրադարձ կատարեց սելեկտիվ աբորտների բարձր ցուցանիշին,  հիշատակելով դեռեւս սեպտեմբերին  բրիտանական «Էկոնոմիստ»  պարբերականում տպագրված «Գենդերցիդը Կովկասում» հոդվածն ու այնտեղ հրապարակված տվյալները: Նշենք, որ վերջերս   այդ նույն հոդվածին  անդրադարձել էր նաեւ   ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

 

 

«Շատ հեղինակավոր «Էկոնոմիստ» ամսագիրն այս տարվա սեպտեմբերի համարում տպել է մի հոդված, որ վերնագրել է «Գենդերցիդը Կովկասում»: Փաստորեն դա գենոցիդի մի տեսակ է, եւ  այս տեսանկյունից Կովկասում ամենայլանդակ պետությունը դարձել է Հայաստանը:  Երբ կարդում ես հոդվածը հասկանում ես, որ «մեզ իռոնիայով ձեռ են առնում», -ասաց  Բագրատյանը հայտարարությունների ժամին:

 

 

«Մասսայաբար աղջիկներին աբորտ են անում։ Սա ամոթ է և սա աշխարհի վատագույն ցուցանիշն է: Հայկական ռադիոն ամեն օր հայտարարում է՝ հանրապետությունում ծնվել է 50 երեխա, որից 30-ը՝ տղա։  Ես ձեզ մեղադրում եմ, որպես քաղաքական մեծամասնություն, այս վիճակի համար, դուք սրա համար պատասխանատվություն եք կրում», – եզրափակեց պատգամավորը՝  նկատելով, որ «այսօր բոլորն ուզում են տղա ունենալ, որպեսզի քսան տարի հետո իրենց տղան գնա ատագնա աշխատանքի»:

 

 

Քաղաքական մեծամասնության մեղքի չափը վերագրելով   Բագրատյանի ընդդիմադիր կեցվածքին,  անդրադառնանք  սելեկտիվ աբորտների  սկզբնապատճառների մասին  փորձագետների կարծիքներին: Հատկապես, որ այդ խնդիրը բավականին մանրամասն ուսումնասիրվել է ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի կողմից՝  սոցհարցումների միջոցով  եւ   հայտնի միջազգային մասնագետների ներգրավմամբ:

 

 

Նկատենք, որ  ՄԱԲՀ-ի  գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի  պարզաբանմամբ,  նորածինների սեռերի հարաբերակցությունը  Հայաստանում շեղվել է դեռեւս  1990-ականներից սկսած,  կայուն միտում  ցուցաբերելով ժամանակի ընթացքում  եւ դառնալով  2012 -ին՝  114 տղա 100 աղջկա դիմաց, մինչդեռ բնականոն է համարվում 106 տղա`100 աղջիկ  հարաբերակցությունը:  Ընդ որում , Հայաստանում նորածին երեխաների սեռերի անհամաչափությունը առավել նկատելի է ոչ թե առաջին կամ երկրորդ,  այլ  երրորդ երեխայի դեպքում,  երբ  այն  ուղղակի ահռելի տարբերություն է տալիս` 160 տղա 100 աղջկա դիմաց:

 

«Ունենք նաեւ  մարզային կտրվածքով տվյալներ, ըստ որոնց  Հայաստանի որոշ մարզերը՝ Գեղարքունիքը և Արագածոտնը իրենց  124 տղա-100 աղջիկ հարաբերակցությամբ  աշխարհում ամենաբարձր ցուցանիշն են: Ի դեպ հետաքրքիր դիտարկում, այդ մարզերում  ամենամեծ միգրացիոն հոսքերն են: Ընդհանուր առմամբ, Հայաստանում արու զավակ ունենալու ցանկությունը միջին հաշվով մեծ է վեց անգամ՝ 10 անգամ՝ շրջաններում, չորս անգամ՝ Երևանում: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա ըստ տվյալների՝ Ադրբեջանը՝ 116, Հայատանը՝ 114, Վրաստանը՝ 113. Այսինքն բոլորս համարյա նույն նավակի մեջ են», – նշում է Հայրապետյանը:

 

Այս երեւույթի հիմքում, ըստ Գարիկ Հայրապետյանի, գենդերային անհավասարությունն է. հենց այդ անհավասար կարծրատիպային վերաբերմունքի պատճառով ենք   մենք զրկում աղջիկ պտղին ապրելու իրավունքից: Եվ միայն  կնոջ արժեքն ու դերը  հասարակության մեջ բարձրացնելով կարելի պայքարել  դրա դեմ:

 

Նշենք նաեւ, որ Հայաստանում  նորածինների սեռերի համամասնության շեղումները խորքից ուսումնասիրելու և դրա հնարավոր հետևանքների թեմայով կանխատեսումներ անելու համար՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով ուսումնասիրություն էր կատարել դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն, ով սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրով զբաղվող խոշորագույն գիտնականներից մեկն է աշխարհում:

 

Նրա մի քանի եզրահանգում ներկայացնենք ստորև.

 

«Նախածննդյան փուլում սեռի ընտրությունը համեմատաբար նոր երևույթ է, որ գտնվում է կոնկրետ սեռին նախապատվություն տալու հին ավանդույթի և արդիական տեխնոլոգիաների  ընձեռած հնարավորությունների հատման տիրույթում։ Երբ երևույթը դիտարկվում է չափազանց տարբեր մշակութային, քաղաքական և սոցիալական հատկանիշներով բնորոշվող տարածաշրջանային միջավայրերում, ակներև է դառնում, որ ապագա երեխայի սեռի ընտրությունն ամենուրեք հիմնված է միևնույն հատկորոշիչների՝ արու զավակ ունենալու  շեշտակի նախապատվության, ընտանիքի միջին կազմի կտրուկ փոքրացման և ժամանակակից  վերարտադրողական տեխնոլոգիաների հեշտ հասանելիության վրա։ Այս երեք գործոնները  հանդես են գալիս որպես արական սեռի երեխաների ծննդյան ավելացմանը նպաստող  նախապայմաններ։ Դրանք, իրենց հերթին, պայմանավորված են բազմաթիվ այլ սոցիալական, ժողովրդագրական, մարդաբանական և տնտեսական գործոններով։

 

Մեր կողմից մատնանշված՝ սեռի ընտրության երեք նախապայմաններն, ըստ ամենայնի, առկա են Հայաստանում։ Նախ, հայ հասարակության նահապետական կառուցվածքը սոցիալական անհամամասնություն է ստեղծում երեխաների շրջանում և միտված է նկատելիորեն շահեկան լինելու տղա երեխաների համար։ Չնայած արդեն իսկ խորհրդային ժամանակաշրջանում գենդերային հավասարության ոլորտում դիտարկված առաջընթացին, ինչը, մասնավորապես, տեսանելի էր կանանց համար կրթության և զբաղվածության հասանելիության առումով, ավանդական արժեքների ազդեցությունը տակավին շարունակում է մնալ գենդերային դիրքորոշումների և ընկալումների հիմքում։ Հայաստանում ավանդաբար հաստատված հայրական գծի գերակայությամբ ընտանիքը վերածվել է հզոր ինստիտուտի մի այնպիսի ժամանակաշրջանում, որը բնութագրվում է պետական ինստիտուտների և հանրային ծառայությունների թուլացմամբ և շուկայական հաստատությունների չափազանց թերի ներթափանցմամբ։ Երկրորդ, նախածննդյան շրջանում կիրառվող տեխնոլոգիաները, որոնք կնոջը հնարավորություն են ընձեռում վաղօրոք իմանալու ապագա երեխայի սեռը, և հղիության արհեստական ընդհատումը լայնորեն տարածված ու հասանելի են երկրում։ 1990-ականներին նոր-նոր մուտք գործած ուլտրաձայնային սարքավորումներն այժմ արդեն մեծ տարածում են գտել։ Խորհրդային ժամանակներից ժառանգված «հղիության ընդհատման կուլտուրայի» հետ զուգորդվելով՝ այս նոր նախածննդյան տեխնոլոգիաների տարածումը ծնողներին ոչ ցանկալի իգական սեռի երեխայի ծնունդից խուսափելու նոր հնարավորություններ է ընձեռել։

 

Վերարտադրողական նոր տեխնոլոգիաները կամ վիժեցնող (աբորտիվ) դեղամիջոցները, որ այսօր տարածում են գտնում երկրում, հազիվ թե փոխեն ծնունդների սեռային պլանավորման առկա միտումները։ Երրորդ, ծնելիության կտրուկ անկում է գրանցվել 1980-ականների վերջից, երբ միջին ծնելիությունը 2,5 երեխա էր յուրաքանչյուր կնոջ դեպքում։ Ընտանիքի մեծությունը շեշտակիորեն կրճատվել է՝ 2002-ին հասնելով նվազագույն մակարդակի՝ 1,2 երեխա մեկ կնոջ հաշվով, և այժմ էլ շատ ավելի ցածր է պարզ վերարտադրության ցուցանիշից։ Այլ կերպ ասած, երկրում գրանցված ծնելիության անկումը նշանակում է, որ այսօրվա Հայաստանում ծնողների համար գրեթե անհնար է մեծ ընտանիք ունենալ և որ կրկին հղիանալն ընդամենը կապվում է արու զավակ ունենալու ցանկության իրականացման հետ։ Ծնելիության միջին ցուցանիշների կրճատումը զուգորդվել է երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների թվի լրջագույն անկմամբ, ինչն ուղղակի ազդել է երկու աղջիկ ունեցող ծնողների գենդերային ռազմավարության վրա։

 

Տղա երեխայի գերապատվությունն, անշուշտ, տարածված գենդերային անհավասարության շատ ավելի լայն համակարգի դրսևորումներից մեկն ի միայն։ Այլ դրսևորումներ դիտարկելի են, մասնավորապես, կրթության, զբաղվածության, ընտանիքի և քաղաքականության տիրույթներում, որտեղ կանայք իրենց կարգավիճակի առումով ընդհանուր առմամբ զիջում են տղամարդկանց»…

 

«Նորածինների սեռերի համամսնությունը Հայաստանում. Ժողովրդագրական տվյալներ եւ վերլուծություն» հրապարակամանը  ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ :

 

Լուսանկարում ՝ կադր Ադրինե Գրիգորյանի «Բավական» ֆիլմից:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք 

 

Դիտումների քանակը` 3002

Վերադառնալ վերև